«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2003-06-06 | #107, 2003-06-07 | #108, 2003-06-10


ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Ամերիկահայ տարբեր կազմակերպություններ անցյալ շաբաթավերջին Մ. Նահանգներում Թուրքիայի հյուպատոս Օմեր Օնհոնից առաջարկ են ստացել հանդիպելու թուրք պաշտոնատար Էջվեթ Թեզջանի հետ։ Այս կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարից «Ազգի» ստացած հաղորդագրությունից պարզվում է, որ համագումարը պատրաստ է նման հանդիպման, եթե դրա օրակարգում ընդգրկվեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների եւ սահմանների վերաբացման, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման եւ Թուրքիայում հայ համայնքի իրավունքների հարցերը։ Այլապես, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, իրենք մերժում են հանդիպումը։

Նույն հարցի առնչությամբ «Ազգի» ստացած մեկ այլ հաղորդագրություն, այս անգամՙ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից, տեղեկացնում է, որ Էջվեթ Թեզջանը Հայոց ցեղասպանությունը հետեւողականորեն մերժող թուրք պաշտոնյա է, «թուրքերի դեմ հայերի ցեղասպանության» եռանդուն քարոզիչ եւ նույնիսկՙ ներկա Հայաստանից հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի հող պահանջող անձնավորություն։ Ամերիկահայ կազմակերպությունների հետ առանձին հանդիպումներ ունենալու նրա ցանկությունը, գրված է հաղորդագրության մեջ, ոչ այլ ինչ է, քան ամերիկյան Կոնգրեսին ցույց տալ, թե իրենք հայերի հետ ուղղակի երկխոսության մեջ են գտնվում, հետեւաբար չարժե Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցը վերարծարծել։ Այլ խոսքովՙ Հայ դատի հանձնախումբը մերժում է նման հանդիպման գաղափարը եւ հայկական կազմակերպություններին կոչ է անում չընկնել թուրքական այս նոր թակարդը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4