Հիվանդությունը սովորաբար անսպասելի է հարվածումՙ կինը մի օր հանկարծ ինչ-որ անհասկանալի գոյացություն է շոշափում կրծքագեղձում։ Ամեն տարի մամոգրաֆիայի հայ-ամերիկյան կենտրոն դիմում է միջին հաշվով 10-12 հազար կին։ Արդեն 6 տարի գործում է կրծքագեղձի քաղցկեղի հետազոտման բժշկական այս կառույցը, եւ թերեւս, այդ ահավոր ախտի տարածվածության պատկերի ու զարգացման մասին հավաստի տեղեկություն կարելի է այստեղից ստանալ։ Բոլոր չարորակ նորագոյացությունների շարքում, ըստ մասնագետների, մեր հանրապետությունում վերջին 10 տարում առաջին տեղը գրավում է կրծքագեղձի քաղցկեղը։ Սա նաեւ հակաուռուցքային դիսպանսերի հանրապետական կենտրոնի ուսումնասիրությունների տվյալն է։ Իբրեւ բնորոշիչ հատկանիշ այն առավել հաճախ հանդիպում է երիտասարդ, մանկածին տարիքի, 30-50 տարեկան կանանց մեջ։ Տարիքի հետ քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծանում է։ Ի դեպ, մամոգրաֆիայի կենտրոն դիմել են նաեւ տղամարդիկ, որոնցից 2-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ։ Նրանցից մեկըՙ աշտարակցի հիվանդը վիրահատվել է, մյուսը հիմա բուժվում է։ Մի հիվանդ էլՙ Արմավիրի մարզից, մահացել է։ Բայց, որպես կանոն, այս հիվանդությունը տղամարդկանց շրջանում հազվադեպ է հանդիպում։
Թե կոնկրետ որն է հիվանդության զարգացման խթանը, դժվար է ասել. հիշատակվում են ե՛ւ ժառանգականության գործոնը, ե՛ւ նյարդահոգեբանական լարվածությունը, ե՛ւ սեռական կյանքի պրոբլեմները։ Ռիսկի խմբում են նաեւ այն կանայք, ովքեր երբեք չեն ծննդաբերել ու կերակրել երեխայի։ Բաժանմունքի վարիչ Հասմիկ Դավթյանը նշում է, որ իրենց դիմած հիվանդների մեծ մասը հիմնականում ստրեսներ, հոգեկան ցնցումներ ապրած կանայք են եղել։ Մամոգրաֆիան հետազոտություն է առողջ կանանց համար, նպատակը հիվանդության վաղ հայտնաբերումն է։ Մասնագետների պնդմամբ, անկախ այն բանիցՙ որեւէ գանգատ ունի թե ոչ, կինը պետք է տարին մեկ, միայն տարիքի ցուցումով, հետազոտվի։ Իսկ եթե արդեն իսկ նկատելի են կրծքագեղձի ձեւի ու չափի փոփոխություններ, եթե առկա է պաթոլոգիկ արտադրություն, ապա հապաղելն առավել եւս կարող է ճակատագրական լինել։
Հետաքրքրական է, որ քաղցկեղի տարածվածությունը, կենտրոնի տվյալներով, Հայաստանում միանգամայն որոշակի աշխարհագրական պատկեր ունի։ Առաջին տեղում Լոռվա մարզն է, հետո Գյումրին, երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է։ Լոռիում անցած տարվա համեմատ հիվանդացության ցուցանիշը կրկնապատկվել է։ Այդ մասին «Ազգն» արդեն տեղեկացրել է անցած ամսվա մեր հրապարակումներից մեկում։ Լոռիում դրդապատճառ կարող են լինել նախկինում քիմիական գործարանի առկայությունը Վանաձորում, երկրաշարժի ավերածությունները։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքին, մասնագետները կարծում են, որ այստեղ էական դեր կարող է խաղալ բարձրլեռնային գոտում տեղավորված լինելու հանգամանքը, եւ դրա հետ կապված բարձր ճառագայթումը։
Մամոգրաֆիայի կենտրոնը 3¬4 ամիսը մեկ արտագնա այցելություններով բժշկական անվճար հետազոտություններ է կատարում բոլոր մարզերում։ Առ այսօր իրականացվել է այդպիսի 5000 հետազոտություն։ Փաստորեն, մարզային պոտենցիալ հիվանդները վճարումների իմաստով ավելի հաջողակ են, քանի որ մայրաքաղաքի բնակիչները դրա համար վճարում են 10 հազար դրամ։
Կենտրոնը բարեգործական առաքելություն է իրականացնում, իսկ այդ 10 հազար դրամը, բաժանմունքի վարիչի հավաստմամբ, 1 հիվանդի հետազոտության ծախսերի չնչին տոկոսն է փակում (մեկ հիվանդի համար նվազագույնը ծախսվում է 40 դոլար)։ Այդ 10 հազար դրամն արդեն իսկ զեղչված գումար է, թեեւ դարձյալ անմատչելի է շատ-շատերի համար։ Տարին մեկ անգամ, հոկտեմբերին մամոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 50 տոկոս զեղչովՙ 10 հազարի փոխարեն 5 հազար դրամով։ Իսկ ընդհանրապես, կենտրոնի ծառայություններից անվճար կարող են օգտվել I, II եւ III կարգի հաշմանդամները, փախստականները, զոհված ազատամարտիկի մայրն ու կինը, չքավորությունը հավաստող փաստաթուղթ ներկայացնողը։
Հիվանդության դեմ պայքարի, կանխարգելելու առաջին խոչընդոտը, ըստ դիտարկումների, կանանց անիրազեկությունն է, ինֆորմացիայի պակասը։ Հատկապես մարզերում կանայք գաղափար անգամ չունեն, թե ծննդաբերությունից առաջ եւ հետո ինչպես պիտի խնամեն իրենք իրենց, սննդի ինչպիսի բաղադրակազմ ու ռեժիմ պահպանեն, որոնք կարող են նվազեցնել հիվանդանալու հավակնությունը։ Սրա սկզբնապատճառն, անշուշտ, ոչ միայն կանանց ավանդական անշրջահայացությունն է, այլեւ ֆինանսական շրջափակումները, որոնք երբեւէ հերթ չեն տալիս առողջության, այս անփոխարինելի արժեքի մասին մտահոգվելու։
Հատկապես հեռավոր բնակավայրերիՙ Կապան, Սիսիան, Գորիս կանայք գերադասում են նույնիսկ ակնհայտ ախտանիշների դեպքում մնալ անհայտության մեջ, քանի որ Երեւան հասնելու դրամը հաճախ չեն ունենում։ Կան նաեւ բազում օրինակներ, երբ կենտրոն վաղ դիմած կանանցից շատերը վիրահատվել են (կուրծքը հեռացվել է) եւ փրկվել մահից։
Իսկ առայժմ մամոգրաֆիայի կենտրոնի ծառայություններից կանոնավոր օգտվում են միայն Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների արտասահմանցի քաղաքացիները, բոլոր դեսպանատների աշխատակիցները, իհարկե, ավելի թանկ վճարով։ Իսկ կենտրոնի տեղական բոլոր հետազոտությունների ընդամենը 10 տոկոսն է առայժմ կազմել վաղ հայտնաբերման նպատակով այցելությունները, այսպես ասածՙ սքրինինգը։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում ստացած 1700 կանանցից 850-ին հաջողվել է փրկել մահից։ Ի դեպ, մամոգրաֆիայի կենտրոնի բոլոր բժիշկները վերապատրաստման դասընթացներ են անցել ԱՄՆ-ում։ Ավելին, պարբերաբար Երեւան են այցելում նաեւ ամերիկացի միսիոներներ, որոնք իրազեկում են բժշկական վերջին նորույթները։
Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնի համանախագահներ Ռիտա Պալյանն ու Հրանուշ Հակոբյանը մտմտում են մասնաճյուղեր բացել նաեւ մարզերում։ Առաջին մասնաճյուղը կբացվի Հրանուշ Հակոբյանի ծննդավայրումՙ Գեղարքունիքի Գավառ քաղաքում, որն, ըստ ծրագրի, ոչնչով չի զիջի երեւանյան կենտրոնին։ Մյուս մարզերում բացվելու հեռանկարը կախված է ֆինանսավորման, հովանավորության նոր աղբյուրներ հայթայթելուց։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ