Ռուսաստանի շրջանները վերջին տարիներին փորձում են վերականգնել որոշ ավանդույթներ, որոնք հատուկ էին խորհրդային ժամանակներին։ Այդպիսին էր, ասենք, ժողովրդական նվաճումների ցուցահանդեսը, որտեղ հանրապետությունները ներկայացնում էին իրենց առավել մրցունակ արտադրանքը, պայմանագրեր կնքում այլ հանրապետությունների հետ։ Ի դեպ, բավական արդյունավետ համագործակցություն էր։ Հանրապետությունները դարձան անկախ երկրներ, իսկ ցուցահանդեսը մնաց եւ շարունակում է գործելՙ ներկայացնելով հիմնականում Ռուսաստանի շրջանների նվաճումները։ Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող թեմաները քիչ չեն, եւ, ինչպես վկայում է իրերի դրվածքը, Ռուսաստանի մարզերն էլ շահագրգիռ են Հայաստանի հետ համագործակցությամբ։
Հունիսի 9-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանն այցելեց Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնՙ ՌԴ Աստրախանի մարզի նահանգապետ Ա. Գուժվինի հրավերով։ Ցուցահանդեսում, մարզի տաղավարի բացման առիթով կազմակերպված հանդիսությանը ներկաներին դիմելով, դեսպանը ընդգծեց հայ- ռուսական տնտեսական հարաբերություններում Աստրախանի մարզի հետ համագործակցության առանձնահատուկ կարեւորությունը, որը, հանդիսանալով հյուսիս-հարավ տրանսպորտային առանցքի ռուսաստանյան դարպաս, Հայաստանին տրանսպորտային շրջափակումը վերացնելու լայն հնարավորություններ է ընձեռում։ Ա. Սմբատյանը շեշտեց նաեւ, որ Աստրախանի մարզի հայազգի բնակչությունը երախտագիտությամբ է արտահայտվում մարզի ղեկավարության հասցեին, որն անում է հնարավորըՙ ամրապնդելու դարերի ընթացքում ձեռք բերված բարեկամությունը։ Դեսպանը նշեց նաեւ, որ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի համագործակցությունը բարձրացնել այն մակարդակի, որին հասել են երկկողմ քաղաքական հարաբերությունները։
Ա. Գուժվինի եւ Ա. Սմբատյանի առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հատկապես երկկողմ տնտեսական հարաբերություններ ներկայացնող հարցեր։ Աստրախանի նահանգապետը նշեց, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի արդյունաբերության եւ գյուղատնտեսության արտադրանքը, իսկ Հայաստանին կհետաքրքրի մարզի նավթամթերքը, որի հայտնաբերման համար ներկայումս լայնածավալ աշխատանքներ են կատարվում։
Օգտվելով հնարավորությունիցՙ դեսպանն այցելեց նաեւ ցուցահանդեսում վերջերս վերականգնված Հայաստանի տաղավարը եւ ծանոթացավ դրա հնարավորություններին ու խնդիրներին։ Մի շարք հարցերի շուրջ նա խոստացավ գործարար եւ տնտեսական կապերն աշխուժացնելու պետության աջակցությունը։
ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա