Թվում էր, թե ԴԱԺՈ-ի ընտրություններից հետո Դարուփոսում ամեն ինչ կխաղաղվեր, եւ մենքՙ դարուփոսցիներս, հանգիստ կսպասենք կառավարության կազմի ներկայացմանը։ Բայց այդպես չէ։ Ինչպես վկայում է «Դարուփոս» թերթը, արտաքուստ ստեղծվել է մի կացություն, երբ թվում է, թե ամեն ինչ պարզ էՙ հայտնի է յուրաքանչյուր կուսակցության ստացած մանդատների ճշգրիտ թիվը, եւ մնում է միայն տարրական թվաբանության հիման վրա համապատասխան որոշումներ կայացնել։ Բայց իրականում ամեն ինչ այնպես է խառնվել, որ անգամ բարձրագույն մաթեմատիկայի բանաձեւերով հաշվարկներ անելն էլ արդյունք չի տալիս։
Այս եւ ողջ Դարուփոսի ընդհանուր վիճակը նկարագրելովՙ «Դարուփոս աշխարհ» թերթի ամենահատուկ թղթակից Քավոր Գուգոն անչափ խելոք բան է գրում. «Մենք կողմ չենք, որ մեզանում ընտրությունների ընթացքում տեղ գտած ձեւախեղումները թմբկահարվեն աշխարհով մեկ, հատուկ բանագնացների եւ նամակ-բողոքների տեսքով հրամցվեն միջազգային կազմակերպություններին, թեՙ տեսեք, ինչ վատն ենք մենք։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պիտի ապրենք միայն այն մտահոգությամբ, թե մեր մասին ինչ է մտածում հարեւանը կամ օտարը»։ Աստված վկաՙ լավ է ասում, թեեւ բարդ է խոսում։
Բայց այս ամենը Դարուփոսում երկրորդական նշանակություն ունի, որովհետեւ անհամբեր սպասում ենք կառավարության ձեւավորմանը։ Իսկ ինչպես պարզվեց, երեկ գիշեր, ժամը 32-ն անց 78 րոպեին կառավարության վերջնական կազմը հաստատվեց։ Ինչպես մեզ տեղեկացրեց ամենավստահելի աղբյուրը, վարչապետը մնաց նույնըՙ Պոնչո Անդոն, որը որոշել է գերազանցել Մգումբո Բագրատ Գումբոյի համաշխարհային ռեկորդը, որը Դարուփոսում վարչապետել է 5 տարի, 2 ամիս, 18 օր, 20 ժամ։ Դարուփոսի ուժային նախարարությունների փոփոխություն էլ չի կատարվել։ Այդպես է որոշել Ինքը։
Ֆինանսների նախարարը եւս մնացել է։ Է, ո՞վ կգա անֆինանս նախարարություն գլխավորելու։ Նկատի ունենալով պահանջարկի աճը, կրկին «կառուցվածքային փոփոխություններ» են տեղի ունեցել։ Ստեղծվել են հարկային եւ մաքսային նախարարություններ, նախարարներ են նշանակվել համապատասխանաբար Մարկը եւ Մաքսը։ Մեր Դարուփոսի տնտեսությունը եւ առեւտուրը շարունակելու է ղեկավարել բոյով-բուսով Ճիշտը, որովհետեւ նրանից լավ ոչ ոք չի կարող առեւտուր անել «Ինչ ուզեքՙ տամ» ծրագրի շրջանակներում։
Ստեղծվել է ջրային 4 նախարարությունՙ գյուղական ջրերի, քաղաքային ջրերի, խմելու ջրերի եւ բոստան ջրելու ջրերի։ Թող լինի, ինչ կա որ։ Ճիշտ էՙ ջուր չունենք, բայց հո ջրաչափեր ունենք։ Չորս նախարարություններն էլ գլխավորելու են Նահատակ Գագոն կամ նրա մարդիկ։ Չունենք նաեւ գյուղատնտեսություն, բայց գյուղատնտեսության նախարար պիտի ունենանք, որովհետեւ աշխարհիս բոլոր փոսերն ունեն։ Այս պայուսակը տրվել է Դրբոյին։ Մոժոժը դարձել է սոցիալական ապահովության նախարար։ Գիտության, կրթության նախարարությունը վերացվել է։ Դա մեզ պետք չէ, վերջ։ Էնքան գիտնական ու կրթության տեր մարդ ունենք, որ լիուլի հերիք է 1000 տարվա համար։ Չգիտես ինչու, Դարուփոսում բոլորը խոսում էին հատկապես մշակույթի նախարարի մասին եւ այս պաշտոնում մի անաչառ մարդ էին ուզում տեսնել։ Ավելի շատ խոսվում էր Ալվարդ Բարդուղիմեոսովնայի թեկնածության մասին։ Սակայն պարզվեց, որ մշակույթի նախարարն այլեւս դաշնակահար չի լինելու։ Թերեւս հաստատվի ջութակահար Սարաջի կամ դհոլչի Սերգոյի թեկնածությունը։
Մինչեւ վերջին ժամն անչափ դաժան պայքար էր գնում կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնի համար։ Իհարկե, բոլորն էլ կարծում էին, որ Մանուկը կմնա, բայց վերջին պահին պարզ տրամաբանությամբ նա դուրս մնաց։ Տրանսպորտ չունենք, չէ՞։ Եղած տրանսպորտն էլ Գալուստ Պապայի երթուղային տաքսիներն են։ Իսկ կա՞պը, կասեք դուք։ Կապն ի՞նչ կապ ունի Դարուփոսի հետ։ Էն ա, մուրմուլիդներն էկել, կապը կապել են։ Իրենք իրենցից նախարար են ընտրելՙ Մուրղուլիսին։ Ուրեմն Մանուկը դուրս է մնում։
Փակվել է պետական գույքի կառավարման նախարարությունը, որովհետեւ պետական գույք չունենք։ Պարտքի դիմաց տվեցինք, պրծավ։
Ըստ նոր ծրագրի, զգալի փոփոխություններ են կատարվել բոլոր նախարարությունների աշխատակազմերում։ Այսուհետեւ Դարուփոսի նախարարությունները պետք է ունենան. ա) մեկ նախարար, բ) նախարարի օգնական-սրճեփ, գ) նախարարի օգնական-մամլո քարտուղար։ Այսքան բան։ Դարուփոսը փող չունի ավելորդ ուտող բերաններ պահելու։ Դուրս մնացածները թող գնան ԴԱԺՈ-ի անդամ դառնան կամ զբաղվեն անօրինական գողությամբ։
Սակայն, փառք Աստծո, Դարուփոսում ստեղծվել են բոլորովին նոր նախարարություններ։
Դրանցից ամենակարեւորը կաշառակերության դեմ պայքարի նախարարությունն է, որն ունի 520 աշխատող։ Բացի նախարարից եւ իր 6 տեղակալներից, այստեղ գործելու են. ա) նախարարների կերած կաշառքների դեմ պայքարի բաժին, բ) դեսպանների բաժին, գ) դատավորների բաժին։
Ստեղծվել է նաեւ տեղեկատվության նախարարություն երկու հիմնական բաժիններովՙ ա) գովերգողների եւ բ) մրոտողների։ Երկուսն էլ օգտվում են դրսից եկած վարկերից, դրամաշնորհներից եւ մենաշնորհներից։
Ինչպես հավաստեց այս տեղեկությունները հաղորդող հավաստի աղբյուրըՙ մեկ-երկու օրից կառավարության կազմը կհաստատվի եւ կներկայացվի Դարուփոսի ժողովրդին։
Հաղորդագրությունը Դարուփոսից ստացավ եւ հրապարակեց
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ