Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակվեցին պատգամավորական մանդատներից հրաժարվողների անունները, եւ դրանով որոշ հստակեցումներ արձանագրվեցին արդեն 2 շաբաթ շարունակվող պաշտոնամարտում։ 15 հոգի են նրանք, ովքեր այս առավոտ չեն ներկայանա կառավարության ընդունելությունների տանը տեղի ունենալիք ԱԺ Ազգային ժողովի պատգամավորական մանդատների շնորհման արարողությանը, բոլորն էլ գործադիր իշխանության այս կամ այն օղակում արդեն աշխատող պաշտոնյաներ։ Այլ խոսքովՙ գոնե նրանց պարագայում կդադարեն սպեկուլյատիվ ենթադրություններն ԱԺ ղեկավարության եւ հանձնաժողովների նախագահության շուրջ տարվող պաշտոնակռվում։ Մանդատներից հրաժարվողների մեծ մասը Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից են։ Այսպեսՙ Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, Վարդան Խաչատրյան, Գագիկ Խաչատրյան, Մանուկ Թոփուզյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Ճշմարիտյան, Վարդան Այվազյան, Արմեն Մովսիսյան, Դավիթ Զադոյան, Անդրանիկ Մանուկյան, Մաքսիմ Հակոբյանՙ ՀՀԿ-ից, Արտաշես Թումանյան եւ Ռուբեն Հակոբյանՙ ՀՅԴ-ից, Սերգեյ Սարգսյանՙ ՄԱԿ-ից։ Հետեւաբար, հաստատ է այլեւս, որ վերոհիշյալները ցանկություն եւ երաշխիք ունեն իրենց ապրուստի միջոցն ապահովել գործադիրում։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում պաշտոնների բաշխմանը, թեեւ նստաշրջանի առաջին նիստին ընդամենը մեկ օր է մնացել, սակայն շարունակվում են ամեն տեսակի բազարները, նեղացածությունները, դեմարշները, միջամտություններն ու աղերսանքները։ Ամենայն հավանականությամբ Արթուր Բաղդասարյանը կհասնի իր մոտավոր երազինՙ ԱԺ նախագահի աթոռին։ Նրա տեղակալների հարցը կուսակցությունների առումով կարելի է համարել նույնպես լուծվածՙ մեկական աթոռ ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին։ Եվ եթե Տիգրան Թորոսյանի թեկնածությունը որեւէ կասկած չի հարուցում, ապա ՀՅԴ-ի ներկայացուցչի անձը դեռեւս խնդրո առարկաՙ Աղվան Վարդանյա՞ն, թե՞ մեկ ուրիշը, քանի որ ՀՅԴ-ն այս դեպքում էլ է առաջնորդվում իր համամասնական շահերի սկզբունքով, այսինքնՙ քանի տեղ կունենա գործադիրում եւ օրենսդրի մյուս դիրքերում։
Երեկ գրեթե պարզ դարձավ, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը թողնելու է պաշտոնը։ Ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի դաշնակցական Դավիթ Լոքյանը։ Հայտնի դարձավ նաեւ, որ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ներկայացրել է իր հրաժարականը։ Սակայն ենթադրվում է, որ նրան կխնդրեն շարունակել ազգաշահ գործունեությունը մինչեւ ընդունելության քննությունների ավարտը։
Մյուս կողմից, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանը շարունակում է պնդել, որ իրեն խոստացել են (ո՞վ, հայտնի չէ) մինչեւ տարեվերջ կշարունակի մշակութային երիտասարդական իր սպորտը։
Առայժմ մեծ պայքար է գնում ամենայուղոտ պատառներից մեկիՙ Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար։ Առաջիկա օրերին կիմանանք ոչ միայն այդ, այլեւ մնացած մյուս բոլոր պայքարների արդյունքը։
Տեղեկացնենք նաեւ, որ այսօր ՀՀ նախագահի նստավայրում կոալիցիոն կառավարություն ստեղծելու հուշագիր կստորագրեն ապագա կառավարության կարկանդակը կիսող կուսակցությունները։