«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»։ Մոնթեն գիտեր սա ու չէր կարող հանդուրժել պատմության նմանօրինակ ընթացքը։ Մոնթեն զինվորագրվեց, կռվեց, հաղթեց ու անմահացավ... Ու այսօրՙ նրա հավերժության երթի տասնամյակին, ապրողներիս ոգեկոչելու, Մոնթեին ու նրա գործը ներկայացնելու համար միջոցառում էր կազմակերպել Երեւանի պետական համալսարանի արհմիությունը։ Միջոցառման ամբողջ ընթացքում զգացվում էր Մոնթեի ամենաիրական ներկայությունը։
Միջոցառումը բացեց Խորեն Պալյանի «Տոհմիկ» երգչախումբը։ Այնուհետեւ Մոնթեի անցած ուղին ցուցադրվեց սլայդների միջոցով։ Խոսեց Մոնթեի եղբայրըՙ Մարգար Մելքոնյանը։ Նրա խոսքերով. «Մոնթեն շատ կսիրեր իր ազգը եւ չէր ատեր ազերիներուն»։ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մովսես Հակոբյանը խոսեց Մոնթեի մարդկային գծերից։ «Մի անգամ, երբ թշնամու գերուն արյուն էր պետք, Մոնթեն, չնայելով ընկերների զարմացած հայացքին, իր սեփական արյունն է տալիս»։ Մոնթեի մասին խոսեցին կինըՙ Սեդան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը, ընկեր Ալեք Ենիգումշյանը, այլք։
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան Վլ. Աբաջյանը, Դանիել Երաժիշտը, ԵՊՀ եւ կոնսերվատորիայի ուսանողներ։
Մոնթեն ասում էր. «Արցախն իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի լինելու»։ Այո՛, Մոնթեն եւ նրա նմանները դեռ նոր հաղթանակներ պիտի կերտեն եւ իրականություն պիտի դարձնեն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի երազը։
ԵՊՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ