«Այսպես կոչված Մեղրու շրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկահայ տարբեր կազմակերպություններ անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոս Օմեր Օնհոնից առաջարկ էին ստացել հանդիպելու թուրք պաշտոնատար Քադրի Էջվեթ Թեզջանի հետ, երեկվա համարում գրել էր «Ազգը»ՙ հղում անելով ամերիկյան երկու հայկական կազմակերպություններիՙ Ամերիկայի հայկական համագումարի եւ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրություններին։
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) (Armenian Assambly of America), ըստ այդ հաղորդագրության, պատրաստ է նման հանդիպման, եթե դրա օրակարգում ընդգրկվեն Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների եւ սահմանների վերաբացման, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման եւ Թուրքիայում հայ համայնքի իրավունքների հարցերը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համագումարը մերժում է նման հանդիպումը թուրք դիվանագետի հետ, քանի դեռ վերոնշյալ հարցերն օրակարգի մաս չեն կազմում։
Ամերիկայի հայկական համագումարը սերտ հարաբերությունների մեջ է ԱՄՆ Պետքարտուղարության հետ, հետեւաբար պետք չէ բացառել, որ նրանց մերժումը թուրք դիվանագետի հետ հանդիպելու մասին ուղղված է նաեւ եւ առաջին հերթին հենց Պետքարտուղարությանը։
Հիշեցնենք, որ 2001 թ. ամռանը ձեւավորված եւ ցայսօր կենդանության նշաններ ցույց տվող «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» աշխատանքներում առաջնային դեր էր հատկացվել ԱՀՀ-ինՙ Պետքարտուղարության կողմից։
Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (ԱՀԱՀ) (Armenian National Committee of America) Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ, մեջբերելով այդ կազմակերպության նախագահ Քեն Խաչիկյանին, նշվում է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մերժման եւ դրա պատասխանատվությունից հրաժարվելու պայմաններում նման հանդիպումները միայն կծառայեն Թուրքիայի կառավարությանՙ Հայոց ցեղասպանությունը մերժելու արշավանքին։
Մենք չունենք տեղեկություն, թե ամերիկյան հայկական այլ կազմակերպություններ առաջարկ ստացե՞լ են հանդիպելու Թեզջանին։ Ըստ ԱՀՀ-ի հաղորդագրության, մի քանի հայկական կազմակերպությունների առաջարկվել է հանդիպել Թեզջանին, եւ այդ կազմակերպությունները խորհում են առաջարկի մասին։ Պարզ չէ նաեւ, թե թուրք դիվանագետը ցանկություն է հայտնել հանդիպել ԱՀՀ-ին եւ ԱՀԱՀ-ին զա՞տ, թե՞ միասին։
Ո՞վ է Քադրի Էջվեթ Թեզջանը, որ հավանաբար Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ հանդիպումներով փորձում է հայ եւ թուրք ժողովուրդներին հաշտեցնելու պատրանք ստեղծել։
Թեզջանը Թուրքիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան պաշտոնյա է նախարարության հետախուզության եւ հետազոտությունների բաժանմունքից, մինչ այդ եղել է Բաքվում Թուրքիայի դեսպանը (1998¬2001 թթ.), բազմաթիվ թուրք պաշտոնյաներից մեկն է, ով հետեւողականորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը եւ պնդում, որ հայերն են ցեղասպանության ենթարկել թուրքական ժողովուրդներին։
Երեք մեջբերում Թեզջանիՙ տարբեր տարիներին արված հայտարարություններից։
1998 թ. մայիսի 1-ին, ըստ թուրքական «Անատոլու» գործակալության, Բաքվում կազմակերպված «Թուրք-հայկական հարաբերությունները եւ պատմական փաստերը» երկրորդ կոնֆերանսում Թեզջանն ասել է, որ ողջ պատմության ընթացքում հայերը կազմակերպված ձեւով թուրքական ժողովուրդների ցեղասպանություն են իրականացրել, ներխուժել թուրքական տարածքներ։ Թեզջանը, խոսելով տարբեր երկրների խորհրդարաններում «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» ճանաչման քննարկումներից, նշել է, որ այդ եղանակով հայերը փորձում են արդարացնել թուրքական ժողովուրդների նկատմամբ իրենց իրականացրած ցեղասպանությունը։
2001 թ. հունիսի 13-ին, համաձայն ադրբեջանական ANS հեռուստաընկերության, Թեզջանն ասել է. «Ինչպես գիտեք, Թուրքիան Մինսկի խմբի համանախագահ չէ, բայց ԵԱՀԿ անդամ է։ Թուրքիան ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։ Մենք ներգրավված ենք նախ եւ առաջ այն պատճառով, որ Թուրքիան սիրում է Ադրբեջանը եւ ադրբեջանցի ժողովրդին, երկրորդՙ հաշվի առնելով միջազգային օրենքները։ Թուրքիան չի կարող հաշտվել մի պետությանՙ մեկ այլ պետության տարածքները զավթելու փաստի հետ։ Երրորդՙ չեմ կարող պատկերացնել Նախիջեւանի անջատվածությունն Ադրբեջանից։ Ամեն ոք հիշում է, որ այսպես կոչված Մեղրու շրջանը որոշ ժամանակ առաջ եղել է Ադրբեջանի հողը։ Այդ շրջանը խորհրդային ժամանակներում տրվել է Հայաստանին, հետեւաբարՙ Նախիջեւանը եւ Ադրբեջանը անջատվեցին»։
2001 թ. հունիսի 25-ի «Թրքիշ դեյլի նյուս» օրաթերթի համարում տված հարցազրույցում Թեզջանը նշում է երեք նախապայմաններ, որոնց իրականացման դեպքում միայն Անկարան հարաբերություններ կհաստատի Երեւանի հետ. հայերը պետք է դադարեցնեն ասպատակությունն ադրբեջանական հողերում, վերջ տան այսպես կոչված ցեղասպանության պնդումներին, Հայաստանի սահմանադրությունից պետք է հանվեն այն հոդվածները, որոնք սպառնալիք են այլ պետությունների տարածքային ամբողջականությանը։