«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2003-06-07 | #108, 2003-06-10 | #109, 2003-06-11


ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՆՙ ԱՆՊԱՇՏՊԱՆ

Հասարակական կազմակերպությունների կարգավիճակում գտնվող ստեղծագործական միությունները բավականին դժվար կացության մեջ լինելովՙ աշխատանքները եւ գործունեությունն ավելի հաճախ իրենց նվիրվածության հաշվին են կատարում։ Այս թվում նաեւ նկարիչների միությունը, որ անցած տարիների ընթացքում բախվել է տնտեսական բազմաթիվ արգելքների եւ անարդարությունների ու ֆինանսական աջակցություն կառավարության կողմից երբեք չի ստացելՙ ի բացառյալ անցած տարի միության 70-ամյակի առիթով հրատարակված կատալոգի համար վարչապետի հատկացրած որոշ գումարի։ Երբ զրուցում էինք միության նախագահ Կարեն Աղամյանի հետ, նա ցավով նշեց, որ Հայաստանի նկարիչների միության անդամի, մինչեւ իսկ եթե ժողովրդական արտիստ է, նշանավոր նկարիչ, իրավունքներն այնպիսին են, ինչպես ասենք, որսորդ միության շարքային անդամինը։ «Մեր պետության համար արդյոք հավասարարժե՞ք են գարեջուր սիրողների եւ նկարիչների միությունները։ Որեւիցե կերպ չեմ ուզում նսեմացնել նրանց, ովքեր գարեջուր են սիրում ու ստեղծում իրենց միությունները, բայց իշխանությունը, եթե ուզում է ոտքի կանգնել, դեմք ունենալ, ապագա կերտել, չպետք է անտարբեր լինի մշակույթի նկատմամբ»։

Իհարկե, ստեղծված են հատուկ կառույցներ (ԱԺ մշակութային հանձնաժողով, մշակույթի նախարարություն, խորհրդականներ), բայց իրականությունն այն է, որ մշակութային միությունների եւ գործիչների նկատմամբ բացակայում է բավարար ուշադրությունը։

Միությունը մշակութային դաշտում այսօր առաջնային է, ակտիվ գործունեություն է ծավալում, դրա վկայությունը տարեկան շուրջ 40 ցուցահանդեսների կազմակերպումն է։ Միայն մայիս ամսին շուրջ 10 ցուցահանդեսների թվում մեր երկու տաղանդավոր նկարիչներիՙ Ռոբերտ Էլիբեկյանի եւ Հակոբ Հակոբյանի հրաշալի ցուցահանդեսները մշակութային տոների վերածվեցին։

Այս ամենն առանց պետության ֆինանսական աջակցության դժվար է իրականացնել, եւ հաճույքի կամ հոգեւոր բավարարվածության համար աշխատելով հանդերձՙ միության ղեկավարությունը գտնում է, որ թերեւս իշխանությունները չեն «անհանգստանում», կարծելով, թե այստեղ ամեն ինչ լավ է, եւ իրենք էլ չեն պահանջում, կամ չեն բողոքում։ «Իհարկե, 4¬5 տարի առաջ նկարիչների միությունն այս վիճակում չէր, մեր ունեցվածքի մի մասը գողացվեց, մենք փորձեցինք վերականգնել մեր բարի համբավը»։

Նույն վիճակում գտնվող խորհրդային նախկին հանրապետություններում որոշակի քայլեր կատարվել են ի նպաստ կերպարվեստի զարգացման։ Կարեն Աղամյանը բերեց մի քանի հանրապետությունների օրինակներ, այսպես, Ուզբեկստանում գործում է օրենք հասարակական կազմակերպությունների համարՙ դրանց հնարավորություն տալով գոյատեւելու, Ադրբեջանում նկարիչների միության համար գործում են նախագահական ֆոնդեր, Հյուսիսային Օսիայում նախագահական ֆոնդից ֆինանսավորվում է Մոսկվայում գործող Օսիայի նկարիչների ցուցասրահը։

Տեղեկանալով սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Մակդեբուրգ քաղաքում կայանալիք համաշխարհային կերպարվեստի փառատոնի մասին, խնդրեցի պրն Աղամյանին, որ ստեղծված միջազգային ժյուրիի անդամ է, մի քանի տեղեկություններ փոխանցել այս առիթով։

«Փառատոնին մասնակցելու են մի շարք երկրներ. Հայաստանը, դժբախտաբարՙ ոչ, որովհետեւ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնած։

Փառատոնի մասին հայտարարություն վաղուց կար, սակայն ոչ մի նկարիչ ցանկություն չհայտնեց, որովհետեւ մասնակցության համար մոտ 3000 դոլար է անհրաժեշտ։ Ցուցադրության համար հեղինակը կամ կազմակերպությունը պետք է վճարիՙ 1 քմ պատի համար 150 եվրո, կատալոգի համարՙ 200, մասնակցության համարՙ եւս 200 եվրո, հավելյալՙ կեցության եւ ուղեւորության ծախսերը։ Չասեմ, թե պետությունն անտարբեր է, մենք չդիմեցինք անգամ այս հարցով, որովհետեւ այս տարիներին շատ ավելի պարզ խնդիրներով ենք դիմել եւ աջակցություն չենք ստացել։ Այս տարի մենք 5 նկարիչների աշխատանքներով մասնակցեցինք Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին։ Տարածքն անվճար էր, նկարիչների միությունն ինչ-որ կերպ հասցրեց այդ նկարներն այնտեղ, բայց իշխանություններն ի վիճակի չեղան աջակցելու։

Իմ վերջին ուղեւորությունը Գերմանիա աշխատանքային էր։ Միջազգային ժյուրին (Ուկրաինայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից եւ Ֆրանսիայից) նախնական ընտրություն էր կատարում շուրջ 300 նախագծերի եւ աշխատանքների շրջանակներումՙ ներկայացված լուսանկարներով, CD-ների վրա, սլայդներով, ինչպես եւ կային իստալացիոն ծրագրեր։ Երկօրյա լարված աշխատանքի արդյունքում ընտրվեցին 150 աշխատանքներ տարբեր երկրներից, ցավոք, Հայաստանից չկային»։

Իսկ Հայաստանի նկարիչների միությունը կշարունակի իր աշխատանքները մինչեւ դեկտեմբերի 28-ը, առաջիկայում երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսին կհետեւեն դիմանկարի, ինքնադիմանկարի, քանդակագործության, գրաֆիկայի եւ, իհարկե, անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4