Սիրվարդ Գարամանուկի հեղինակային համերգում
Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հավաքվել էին պոլսահայ կոմպոզիտոր Սիրվարդ Գարամանուկի բազմաթիվ բարեկամներ եւ նրա երաժշտության երկրպագուներ։ Վերջին տարիներին նրա ստեղծագործություններն ամերիկահայ դաշնակահար եւ երաժշտական գործիչ Շահան Արծրունու ջանքերով մշտապես հնչում են Երեւանում։ Այսպես, մինչ օրս անմոռանալի է 2000թ. «Արամ Խաչատրյան» դահլիճում հնչած վոկալ-սիմֆոնիկ եւ խմբերգային երաժշտության համերգը, երբ Երեւանի կոնսերվատորիայի օպերային ստուդիայի երաժիշտները Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ կատարեցին Գարամանուկի առավել նշանակալի ստեղծագործություններըՙ «Ախթամար» եւ «Երգ Պետրոս Դուրյանի» կանտատները։ Դրանից հետո Նյու Յորքում մեր երաժիշտների մասնակցությամբ հեղինակային երկու լազերային ձայնապնակների թողարկումը հայրենիքում ամրապնդեց Գարամանուկի ժողովրդականությունը։
Այս անգամ Հայաստանը կարող է ողջունել հենց հեղինակին։ Անցյալ տարի 90-ամյակի շեմը հատած կոմպոզիտորը հատկապես ժամանել է Ստամբուլից։ 19 տարվա ընդմիջումից հետո երեւանցիների մեջ նրա ներկայությունը համերգին հաղորդեց հանդիսավորություն եւ պատմական նշանակություն։
Համերգը բացառապես նվիրված էր Սիրվարդ Գարամանուկի կամերային վոկալ երաժշտությանը։ Հնչեցին ձայնի եւ դաշնամուրի համար գրված 26 երգեր ու ռոմանսներ։ Կատարողներն օպերային թատրոնի եւ ֆիլհարմոնիայի մենակատարներ էին, Երեւանի կոնսերվատորիայի մանկավարժներ եւ նոր շրջանավարտներՙ սոպրանո Իրինա Զաքյանը, Աննա Շիռոյանը, Հրաչուհի Խումարյանը, տենորներ Ռուբեն Նուրիջանյանը, Սուրեն Զուրաբյանը, Կարեն Միրզոյանը, բարիտոն Գոռ Հարությունյանը, բաս Վահան Մակվեցյանը։
Ամբողջ համերգի ընթացքում դաշնամուրի մոտ էր Շահան Արծրունին, որն արտասովոր ճկունությամբ հարմարվում էր մեներգչի ոճին եւ միաժամանակ ձգտում վերստեղծել յուրաքանչյուր երգի հնչյունային պատկերը։ Արծրունուն բնորոշ վառ երեւակայությունը եւ հենց վոկալիստների հետ աշխատելու դաշնակահարի պատկառելի փորձը (բավական է վերհիշել միայն Արծրունու ելույթները երգչուհի Քեթի Բերբերյանի հետ, որին անվանում էին «Ավանգարդի Կալլաս») պայմանավորեցին դաշնամուրի հարմոնիկ արձագանքվող տպավորիչ հնչողության ապահովումը։
Ստամբուլի կոնսերվատորիայում կրթություն ստացած, ապա Ֆերդի Շտատցերի, Լազար Լեւիի մոտ կոմպոզիցիայի գծով կատարելագործված Գարամանուկը 1940 թվականից սկսել է ստեղծագործել։ Նա ռոմանսներ ու երգեր գրել է մշտապես, քանի որ հենց կամերային վոկալ քնարերգությունն է նրա երաժշտական աշխարհի առանցքը։ Երգերում, ռոմանսներում, զուգերգերում (խոսք Ա. Կոպելյանի), վոկալ մինիատուրներում (շարք ըստ Զահրատի խոսքերի) կոմպոզիտորը գտնում է հոգու հետ երկխոսելու («Երեք կոչերը», խոսք Վ. Թեքեյանի եւ «Հոգիս», խոսք Մ. Զարիֆյանի), խորին թախծի ու տխրության («Կուզես լինեմ», խոսք Ա. Իսահակյանի, «Աշնանային», խոսք Ա. Թերզյանի), անպատասխան սիրո («Ես սիրեցի», խոսք Վ. Թեքեյանի) եւ ողբերգական միայնության («Եթե», խոսք Ա. Թերզյանի, «Գայլին մահը», խոսք Ա. դը Վինիի) իրեն առավել հոգեհարազատ ոլորտը։
Ընտրելով 19-րդ դարի եւ 20-րդ դարի սկզբների հայ բանաստեղծների բնորոշ շրջանակ, Գարամանուկը զգայուն է ոչ միայն բանաստեղծության ընդհանուր տրամադրության ու ձեւի, այլեւ բառերի իմաստային արտահայտչականության ընդգծման նկատմամբ։ Սակայն, չնայած այն բանին, որ բանաստեղծական տեքստը Գարամանուկի համար ազդակի դեր է խաղում, տեքստերի սեփական երաժշտական մեկնաբանումը տարբերվում է ժանրային բազմազանությամբ։ Դրանք ժողովրդական քառյակային երգեր են եւ ասերգային բալլադներ, քաղաքային բանահյուսության վրա հիմնված զուտ կամերային տիպի նրբագեղ ռոմանսներ կամ երգեր։ Հետաքրքրական է կոմպոզիտորի վոկալ երաժշտության վրա օպերային ձեւերի, քնարական տարրերի եւ աշուղական երգերի, մանավանդ պանդխտության երգերի ազդեցությունը։
Մեր երգիչները ներկայացրին Գարամանուկի վոկալ ստեղծագործությունների յուրօրինակ ծաղկեփունջ, ընդսմին երգիչներից յուրաքանչյուրը պահպանեց իրեն բնորոշ «բույրը» եւ անհատականությունը։ Կարծում ենք, որ նրանց կատարած լուրջ աշխատանքը եւ երաժշտությամբ հրապուրված լինելը կնպաստեն երգացանկում երգերի ընդգրկմանը։
Հատկապես կուզենայի նշել Ս. Զուրաբյանի սրտահույզ կատարումը, որը վերստեղծեց ծավալուն երգերի ներքին դինամիկան, յուրաքանչյուր դարձվածքի հուզական ու իմաստավորված երգեցողությունը Ռ. Նուրիջանյանի կողմից, Վ. Մակվեցյանի ոճականորեն զուսպ, իր առոգանությամբ արտահայտիչ երգը, Ի. Զաքյանի կատարմամբ մելամաղձոտ ռոմանսների նրբագեղ պատկերավորությունը, Ա. Շիռոյանի մեկնաբանումներում զգացմունքների դրամատիկ առատությունը։
Սիրվարդ Գարամանուկի հեղինակային երեկոն, որը սովորականի պես մանրակրկիտ մշակված էր, կազմակերպել էր կամերային երաժշտության «Կադանս» կենտրոնը Հայ օգնության միության հովանավորությամբ։
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր