Հացահատիկի, ալյուրի եւ հացի գների թանկացումը շարունակում է մնալ օրախնդիր։ Չնայած պաշտոնական եւ մասնագիտական մեկնաբանություններում նշվում է, որ դա օբյեկտիվ իրողությունների արդյունք է (Ռուսաստանում հացահատիկի ցածր բերքի եւ գնի բարձրացման), այդուհանդերձ, կասկածները, որ թանկացումը հետեւանք է արհեստական մենաշնորհի, ցրված չեն։
Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանին։ Նա նշեց, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի ցորենի եւ ալյուրի շուկան։
Ուսումնասիրությունը պետք է բացահայտի, թե տեղի ունեցե՞լ է օրենքի խախտում։ Խոսքը կամ հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման մասին է։ Հանձնաժողովի նախագահը նույնպես նշեց, որ Ռուսաստանում իսկապես հացահատիկի գներն ավելացել են 25 տոկոսով, սակայն դեռեւս պետք է ուսումնասիրել, թե այս ժամանակահատվածում դրսից ցորեն ներկրվե՞լ է, կամ որքա՞ն է ներկրվել, ինչպես նաեւ մի շարք այլ հարցեր։
Սամվել Ստեփանյանը հիշատակեց միայն մեկ փաստ։ Ներկայումս ցորենի ներկրմամբ զբաղվող երեք ընկերությունները միասին զբաղեցնում են շուկայի 53 տոկոսը։ Դրանք են «Աստղացոլքը», «Երեւանի ալրաղացը» եւ Վիկտորիա թրեյդը»։ Մեր կողմից միայն կարող ենք ավելացնել, որ հիշյալ ընկերություններից առաջին երկուսի ղեկավարներն են ոչ անհայտՙ ԱԺ նորընտիր պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը եւ Լեւոն Սարգսյանը։
Այդուհանդերձ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը որեւէ եզրակացությունից ձեռնպահ մնաց, քանի դեռ չեն ավարտվել վերեւում հիշատակված ուսումնասիրությունները։
Ա. Մ.