Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Ստամբուլից, Ռեպորտաժ «Արմավիա» ընկերության աջակցությամբ
Եվրոպայի առաջնությունում գերազանց է խաղում Հայաստանի չեմպիոն, աշխարհի պատանիների չեմպիոն, 21-ամյա Լեւոն Արոնյանը։ Վահանյանի կարծիքով, երիտասարդ հայ շախմատիստն իր խաղամակարդակով այժմ կարող է հաջողությամբ մրցել ցանկացած գրոսմայստերի հետ։ Արոնյանը հետեւողականորեն աղյուսակում առաջ է ընթանումՙ ոչ-ոքիները զուգակցելով հաղթանակների հետ եւ չկրելով ոչ մի պարտություն։ 10-րդ տուրում Լեւոնը վստահորեն հաղթեց ռուս գրոսմայստեր Ֆիլիպովին եւ այժմ կես միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող Ազմայփարաշվիլուց, որի հաշվին գրանցված է 7,5 միավոր։
Վերելքով խաղաց Մինասյանը, որը տպավորիչ հաղթանակ տարավ Ալեքսեեւի նկատմամբ։ Արտաշեսը 6,5 միավորով առաջատարների խմբում է, որտեղ նույնպիսի արդյունքով գտնվում են նաեւ Սարգսյանը, Մովսիսյանը, որոնք հաշտություն կնքեցին մրցակիցների հետ։ Ցավոք, հայ մյուս գրոսմայստերների գործերը լավ չդասավորվեցին։ Ասրյանը զիջեց Եվրոպայի նախկին չեմպիոն Սուտովսկունՙ կրելով անդրանիկ պարտությունը։ Լպուտյանը անզգուշորեն մերժեց Գալկինի առաջարկած ոչ-ոքին եւ տանուլ տվեց։ Պարտվեց նաեւ Վահանյանը։ Իսկ ահա, Անաստասյանն իր օգտին հաղթական միավոր գրանցեց։
Մեր աղջիկները խաղում էին սեւերով։ Դանիելյանը հաղթեց ճանաչված գրոսմայստեր Պենգին եւ 5,5 միավորով առաջատարների խմբում է։ Նույնքան միավոր ունի նաեւ Մկրտչյանը, որը ոչ-ոքի խաղաց շվեդ Կրամլինգի հետ։ Գալոյանը հաղթեց Անդերսոնին, Հլղաթյանը պարտության մատնեց Լաութերբախին։