ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցագործությունների կանխման գրասենյակի Արեւելյան Ասիայի եւ ԱՊՀ երկրների իրավական օժանդակության ծրագրի շրջանակներում երեկվանից «Արմենիա» հյուրանոցում մեկնարկել է սեմինար «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված գործերի նախաքննության եւ դատական քննության առանձնահատկությունները» թեմայով։ Սեմինարի կազմակերպիչները նման հանդիպում անցկացրել են նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում։
Հաշվի առնելով, որ թմրամոլությունն ու թմրանյութերի ապօրինի վաճառքն այսօր աշխարհում ամենատարածված հանցատեսակներից է, չի ճանաչում սահման եւ ազգություն, քրեական եւ ռազմական գործերով վճռաբեկ դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը նշում է, որ տարբեր երկրների օրենսդրություններն ինտեգրման կարիք ունեն։ Մարդկության համար ընդհանրական այս խնդրում անհրաժեշտ է պետությունների համագործակցություն։
ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության վարչության ներկայացուցիչ Օլգա Զոդովան գտնում է, որ ՀՀ օրենսդրությունն այս խնդրում կատարելագործման եւ ՄԱԿ-ի կոնվենցիաներին համապատասխանեցման կարիք ունի։ Օլգա Զոդովան սեմինարի մասնակիցներին ներկայացրեց նաեւ թմրանյութերի օգտագործման եւ շրջանառության որոշ փաստեր։ Ըստ բանախոսի, իրավիճակը մեր տարածաշրջանում անհանգստացնող է։ Եթե նախկինում (10¬15 տարի առաջ) բռնագրավվող թմրանյութերը հաշիշն ու մարիխուանան էին, այժմ շատ են ներմուծում հերոին։ Փոխվել է նաեւ թմրամոլների հետ կապված իրավիճակը, նախկինում հաշիշ եւ մարիխուանա օգտագործողների 90 տոկոսից ավելին անցել է հերոինի։
Տպավորիչ են հատկապես թմրանյութերի առգրավման ծավալներըՙ Տաջիկստանում. 2001 թվականին շուրջ 4 տոննա, 2002-ինՙ 3 տոննա։ Հաշվի առնելով, որ հայտնաբերվում է շրջանառվող թմրանյութերի 10 տոկոսը միայն, իրական պատկերը պարզ է դառնում։ Իսկ թմրամոլների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում մոտ 200 միլիոն մարդ է։
Սեմինարի կազմակերպիչները կարեւորելով դատավորների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների դերը թմրամոլության եւ թմրանյութերի վաճառքի դեմ, պայքարի գործում նպատակ են ունեցել տրամադրել ներկաներին անհրաժեշտ տեղեկություն։ Սեմինարին մասնակցում էին նաեւ Լատվիայի գլխավոր դատախազության եւ Ղրղզստանի գերագույն դատարանի ներկայացուցիչները։
Մ. Հ.
Հ. Գ. Սեմինարի աշխատանքային լեզուն միայն հայերենը չէր, սակայն կազմակերպիչները, հրավիրելով նաեւ լրագրողների, թարգմանությունն ապահովել էին միայն մասնակիցների համար։ Այդ պատճառով հայցում ենք ընթերցողի ներողամտությունը ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները չներկայացնելու համար։