Սահմանադրական դատարանը երեկ սկսեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ 19 բողոք դիմումներից ընդունած 17 դիմումներից առաջին բողոքի քննարկումը։ Այն ներկայացրել էր թիվ 55 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Հակոբ Հակոբյանը։
Վերջինիս պնդմամբ, թիվ 55 ընտրատարածքում տեղի են ունեցել խախտումներ, բազմակի քվեարկություններ, քվեաթերթիկներ լցնելու դեպքեր, որոնց առնչությամբ, սակայն, դիմումատուն չուներ փաստեր։ Ինչ վերաբերում է որպես պատասխանող կողմ հանդես եկող թիվ 55 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փաստարկներին, ապա, ըստ հանձնաժողովի նախագահի, ընտրատարածքում ամեն ինչ ընթացել է նորմալ, չնայած որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ընտրական հանձնաժողովների որոշ արձանագրություններ թերություններ ունեն։
Նշենք, որ թերությունները շատ յուրօրինակ էին, օրինակ, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր արձանագրությամբ ոչ թե արձանագրել է պատգամավոր ընտրվելու հանգամանքը, այլ չգիտես ինչուՙ գրանցվելու։ Նմանատիպ «թերացումներ» էլի կային։
Չնայած այս ամենին, ժամանակային խիստ սահմանափակումներից ելնելով, Սահմանադրական դատարանը, երեկ արդեն իսկ սկսելով, գործի քննությունը հասցրեց ավարտին։ Այսինքնՙ կայացվեց որոշում, համաձայն որի Հակոբ Հակոբյանի դիմումը մերժվեց այն պատճառաբանությամբ, որ դիմողի ներկայացրած փաստարկները բավարար հիմք չեն թիվ 55 ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու համար։
Այսօր Սահմանադրական դատարանը կսկսի մեկ այլ գործիՙ այսպես կոչված Արծրուն Մինասյան+3-ի քննությունը։
Բացի այդ դիմումներից, Սահմանադրական դատարանը բողոքներ ունի նաեւ թիվ 11, 13, 16, 18, 20, 30, 31, 33, 43, 45, 46, 50 եւ 56 ընտրատարածքներից, թվով եւս 17 թեկնածուներից։
Ա. Հ.