«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2003-06-11 | #110, 2003-06-12 | #111, 2003-06-13


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Մի սրվակ մկնդեղը կթունավորի հսկա ջրամբարը, մի բուռ մոլախոտի սերմն անպտուղ կդարձնի զգալի հողատարածք, գազի արտահոսքից կփլուզվի բազմաբնակարան շենքը։ Բայց առավել վտանգավորը քաղաքական այլասերվածությունն է, որից կտուժի մի ամբողջ ժողովուրդ։

Եթե մինչեւ այժմ ժողովուրդն իբրեւ ներզտիչ կարողացել է իշխանության արատները տարրալուծել, չեզոքացնել եւ համաշխարհային հանրությանը ներկայանալ իր նախասկիզբ ազնիվ դիմագծով, ապա այժմ այլեւս նույնն անել չի կարողանում, քանզի թափոնի քանակը վիթխարի է, դրան դիմակայելը անհնարին։ Թվում է, վտանգված է մերՙ իբրեւ ազգի ու պետության ով կամ ինչ լինելը։ Եվ ինչպե՞ս չվտանգվեր, երբ բազում իրավախախտումներ, ժողովրդամերժ գործողություններՙ ներառյալ անցած ընտրությունները, տագնապի աղաղակ էին մարդկության ականջին, որ ժողովրդավարությունը Հայաստանում կրունկի տակ է։ Խոսում ենք եվրոպական արժեքներից, երբ ընդամենը դրա տեսական մասից այն կողմ չենք անցել։ Խոսում ենք պատմական անարդարություններից, երբ ինքներս անարդարության պատմությունն ենք կերտում արդեն որքան ժամանակ։ Խոսում ենք քրիստոնեական ուսմունքից, բայց ուսուցանում խաբեություն ու կեղծիք։ Չթվարկեմ, դիմեք մեր ժամանակակից ուզածդ մեկին, եւ նա կամբողջացնի այս ցանկը։ Այս ամենը հանգեց նրան, որ երկրում առկա իշխանությունը, ըստ հասարակության, դուրս է լեգիտիմությունից։ Ստորեւ չեմ խոսի, թե անցած ընտրություններին ինչ է տեղի ունեցել, քանզի այդ մասին գիտի մինչեւ իսկ Տիբեթի լեռնաբնակը։

Ընտրություններ կեղծելն արդեն դարձել է խրոնիկ, եւ դրանով այլեւս ոչ մեկին չես զարմացնի։ Բայց, այնուամենայնիվ, հասարակությունը զարմանալու առիթ ունեցավ, ինչը պայմանավորված էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի տապալմամբ։ Հարց է առաջանումՙ ինչո՞ւ այստեղ եւս տեղի չունեցավ քվեաթերթիկներ լցնելու գործընթաց կամ, ինչպես ասում են, թվերի նկարում։ Իրականում կեղծ թվեր են ներկայացրել նաեւ այս ոլորտում, որոնք չեն գերազանցել անհավանականության սահմանը։ Ակնհայտ է, որ 500 հազար եւ ավելի ձայն չի տրվել հօգուտ բարեփոխված սահմանադրության։ Պարզապես ծրագրված է եղել այն անցկացնել երկու փուլով։ Առաջին փուլով հող նախապատրաստվեց, երկրորդում հավաքած ձայներին կգումարվի եւս մի քանի հարյուր հազար։ Իսկ միանգամից չանցկացվեց ավելորդ գլխացավանքից զերծ մնալու համար։

Ընդհանրապես կուսակցությունները չունեին ժողովրդի առաջ քննություն տալու խնդիր, նման խնդիր ունեին իշխանության առջեւ, հասկանալով, որ նա կարող է իրենց համար բացել ԱԺ¬ի կամ կառավարության դռները։ Այնպես որ, հանդես գալով ժողովրդի առաջ, նրանք իրենց ընդդիմախոս ու գնահատող համարում էին իշխանությանը, օլիգարխին, ԿԸՀ-ին, ովքեր կորոշեին ում մուտքագրել խորհրդարան, ումՙ ոչ։ Այդպես էլ եղավ։ Բայց կա մի շահեկան հանգամանք հինգ տոկոսը չհաղթահարածների համար։ Դա այն է, որ ժողովուրդը նրանց շատ ավելի է այսօր համակրում, քան նրանց, ովքեր կեղծիքով անցան խորհրդարան։

Եթե Հայաստանում ընտրությունների վերաբերյալ թվարկելու լինենք ընտրողի նկատառումները, ապա դրանցից կառանձնանա հատկապես այս մեկըՙ դրանք նման էին ձիարշավի, եւ բոլոր ձիերի սանձերը իշխանության ձեռքին էին, ում կամքով էր պայմանավորված որեւէ ձիու վերջնագիծ հասնելը։ Եռափուլ քաղաքական ձիարշավն ավարտվեց խորհրդարանականով։ Միամիտ պետք էր լինել կարծելու, թե այս մեկը բացառություն էր կազմելու։ Չէ՞ որ այդպես լինելու դեպքում ոչնչի կհավասարվեին նախորդ երկուսի արդյունքները, որոնք ձեռք էին բերվել թանկ գնով։ Ոմանք սա չէին հասկանում եւ գլխիկոր, հերթական անգամ լսում էին թեկնածուների շոյիչ խոսքերը։ Բոլորը կուրծք էին ծեծումՙ շախշեբախշեի աստիճան, թե ժողովուրդ, քո դարդից քունս չի տանում։ Այս անքուններն արդեն խորհրդարանում են։

Իշխանությունը գիտի, որ ՍԴ-ն ընդդիմության առաջ թողել է մի կիսաբաց դուռ, բայց գիտի նաեւ, որ շուտով ԱԺ բերված պատգամավորները պարտավորված կլինեն իբրեւ հատուցում փակել այդ կիսաբացը։

Լեգեոներների կարիք զգացվում էր երկրի քաղաքական դաշտում։ Այդպիսիք հայտնվեցին։ Երկու Կարապետյաններն էին դրանք, որոնք ձգտում էին մտնել խորհրդարան։ Չստացվեց։ Դրանցից առաջինին, որ Արամն է, իշխանությունները չեզոքացրինՙ զգալով թարմ եւ նոր ուժի վտանգը։ Երկրորդինՙ Տիգրանին թողեցին ինքնահոս, քանզի համոզված էին, որ չի անցնելու։

Ո՞րն էր անցած երեք ընտրությունների բնորոշիչը։ Թղթախաղի լեզվով ասածՙ երեք դեպքում էլ խաղաթղթերը բաժանելիս իշխող կողմը նախապես իր մոտ էր պահել երեք մեկանոց։ Մնացած բացատրություններն ավելորդ են։

Մի միմոսության մասին էլ։ Ընտրություններից առաջ բոլորը միաբերան ասում էինՙ կատարեք ճիշտ ընտրություն, ընտրությունը ձերն է, ընտրեք արժանավորին։ Սա էինք լսում թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից։ Բայց եղբայր, ի՞նչ ընտրության մասին էր խոսքը, երբ ամեն ինչ կանխորոշված էր նախապես։ Ո՞ւմ էր պետք արդար ընտրությունների նմանակումը, երբ դերակատարներն ու հանդիսատեսն իրար չէին հավատում։ Իսկ ընդհանրապես Հայաստանում խելքի կամ գաղափարների պակասություն չկա, ինչպես կարծում են շատերը, դրանից անգամ ունի խորհրդարանը։ Հետո՞ ինչ։ Չէ՞ որ իր տեսակի մեջ խելոք էր նաեւ Յագոն, ով սովորական դրաման դարձրեց անսովոր ողբերգություն։ Եվ քանի՜ նման ողբերգություն տեսանք նման խելոքների պատճառով։ Խելոք լինել պետք է, իհարկե, եթե ծառայի լավ նպատակների։

Իսկ այս ընտրությունները, տա Աստված, վերջին ողբերգությունը լինեն...

ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4