Նախագահի մարզական նախասիրություններն ընդլայնվում են
«Առաջին անգամ էի փորձում կարտինգը, շատ հաճելի, հետաքրքրական մարզաձեւ է, իմ մոտ նոր հետաքրքրություն է առաջացել, կփորձեմ կատարելագործել», կիրակի օրը «Ֆարթքարթ» ՍՊԸ-ին պատկանող կարտոդրոմ այցելության ժամանակ նշեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի մարզական նախասիրությունների շրջանակն ընդլայնվում է։ Նախագահը ծանոթացավ մարզահամալիրի պայմաններին, դիտեց կարտինգիստների եւ փեյնթբոլիստների ցուցադրական ելույթները։ Եվ, իհարկե, սպորտի մեծ սիրահար, տարբեր մարզաձեւերով զբաղվող Ռոբերտ Քոչարյանը չէր կարող զսպել գայթակղությունը վայելելու բարձր արագությամբ սլանալու հաճույքը։ Եվ կարտոդրոմում ականատես եղանք նախագահի, նրա որդու, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի, քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ու սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի միջեւ ծավալված յուրօրինակ մի ավտոմրցավազքի։
Լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշեց. «Կատարված աշխատանքների շնորհիվ հետաքրքրական զբաղմունքի, ազատ ժամանցի անցկացման կենտրոն է ստեղծվել ոչ միայն երիտասարդների, այլեւ երեխաների համար։ Սա ե՛ւ սպորտ է, ե՛ւ բիզնես։ Կարծում եմ, որ եթե բիզնեսը կայանա, հնարավորություն կլինի նաեւ սպորտը զարգացնելու։ Սա է ճիշտ ճանապարհը»։
«Ֆարթքարթ» ՍՊԸ (հիմնադիրՙ Վարդուհի Որսկանյան, տնօրենՙ Արշակ Առաքելյան) կարտոդրոմի շինարարությունը սկսել է 2001 թ.։ Անցյալ տարվա օգոստոսի 24-ին այն հանձնվեց շահագործման, իսկ ձմռանը տեղի ունեցավ նաեւ փեյնթբոլի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Սկզբնական շրջանում կարտոդրոմը ծառայում էր որպես հաճելի զբաղմունքի, ժամանցի անցկացման վայր, սակայն այժմ մտադրություն կա այն դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող մարզահամալիր, որտեղ կանցկացվեն կարտինգիստների մրցումներ։ Այս տարվա ապրիլի 15-ին հիմնադրվել է մարզաձեւի հանրապետական ֆեդերացիա (նախագահՙ Վարդուհի Որսկանյան)։ Միջազգային ֆեդերացիային անդամագրվելու աշխատանքներ են տարվում։ Ֆրանսիական «Գոկարտ» ֆիրմայի հետ համագործակցության արդյունքում այսօր ակումբն ունի 10 կարտ մեծահասակների, 4-ականՙ երեխաների եւ մարզիկների համար։ Մրցուղու երկարությունը 1020 մետր է։ Գործում է վճարովի ծառայությունՙ 1 շրջանի համար 1000 դրամ։ Ներկայումս ակումբում պարապում են 6 հոգիՙ ամսական 60 հազար դրամ վճարով, որոնք շաբաթական 2 պարապմունք են անցկացնում 2-ական ժամով։ Մարզաբազայի հիման վրա կստեղծվի մարզադպրոց, որն, ինչ խոսք, կնպաստի մարզատեխնիկական այս մարզաձեւի զարգացմանը մեր հանրապետությունում։