Անվերջ փախուստների մեջ
1971-ի հունիսի 17-ի երեկոյան մենք բոլորս պիտի տագնապահար լինեինք։ Ի՞նչ էր կատարվել. չէինք հասկանում։ Ո՞ւմ էինք կորցրել. առայժմ միայն զգում էինք... Հետո, հետո պիտի գար մեր որբությունը, երբ պիտի խոտորվելով քայլեինք ու մեզ օգնության ձեռք մեկնող չլիներ, հետո պիտի գար մեր հոգեւոր զարթոնքի պահը, որ շատ բանով նաեւ դու էիր նախապատրաստել, ու Դու մեր կողքին չլինեիր։ Հետո պիտի գար հոգեւոր ավերումների շրջանը, եւ Դու մեր կողքին, մեր թիկունքին չես... Բայց, ոչ, կաս, որովհետեւ մեծերը չեն ավարտվում, թեկուզ դա լինի անգամ 1971-ի հունիսի 17-ը։
«Այսպիսի վիշտ, գոնե կյանքիս վերջին տարիներին, ես չէի ապրել,¬ գրեց Մարտիրոս Սարյանը 1971-ի հունիսին։¬ Չէի էլ պատկերացնում, թե ի՞նչն այլեւս կարող է ինձ այսքան ցնցել... Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը։ Այդպիսի անհատների ժողովուրդը հեշտությամբ չի ծնում եւ չի կարող հեշտությամբ բաժանվել նրանցից...»։
Մտածող մարդու համար Սովետական Միություն կոչվող ժամանակի ու տարածքի մեջ ապրելը, առավել եւսՙ չավերակվելն իսկապես մարտիրոսություն է եղել։ Դու ոչ միայն չավերակվեցիր, այլեւ շատ-շատերին փրկեցիր։ Փրկեցիր այն ժամանակ, երբ մարդիկ արդեն տարել էին 37-ի սառնամանիքները, 49-ի սառնամանիքները։
«Իմ կյանքի լավագույն տասնամյակն անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա։ Նախՙ դիմանալու։ Դիմացա, բայց ի՞նչ գնով։ Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում. իր ժամանակինՙ չէր կարելի, իսկ հիմա չարժի։ Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել եւ այլ բան ասելն անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է...»։
Ամեն ինչ փոխվում, ծռվում, հարմարվում էր ժամանակին ու բարքերին։ Դու անթեք մնացիր։ Ու գոնե ճկուն չեղար, որպեսզի Քեզ փրկեիր։ Մեզ համար։
Սայաթ-Նովայի առիթով, Սայաթ-Նովայի մասին գրեցիր. «Մեռնե՜լ։ Սա բառ չէ Սայաթ-Նովայի համար։ Մանավանդ որ նրա համար ընդհանրապես բառեր չկան։ Դրանք տառաշեն կացարաններ ենՙ ապրումի, գաղափարի, ոգու...», «Մահվան այս թեման էլ Սայաթ-Նովան կրկնել է նվագախմբի բոլոր նվագարաններով, երաժշտական բոլոր ելեւէջներով», «Հիշեք, որ Սայաթ-Նովան, ընդամենը դեռ 40 տարեկան, իր կրունկներով արդեն լսում է մահվան հետապնդող քայլը եւ իր մեջքով զգում նրա ընդարմացնող շունչը...»։ Ինքդ ասել ես Սայաթ-Նովայի՞, թե՞ Քո մասին։
...Անվերջ, անվախճան, մեր ողջ ընթացքի մեզ հետապնդում են ձայներն ու տեսիլները։ Ու, անվերջ ծանր շունչ ենք զգում մեր թիկունքին։ Ինչ-որ սարսափելի, ինչ-որ կորստաբեր բանի ենք սպասում։ Մեր պատմությունը մեզ այդպես դարձրեց։ Ու, որպեսզի մենք կարողանանք մեզ ներկայացնելՙ հիանում ենք անվերջ հետապնդվողի, անքուն տագնապահարի մեր վարքով։ Պարզ է, որ այս պարագայում ողբերգությունը կկայանա։ Թվում է, թե պատրաստ պիտի լինեինք։ Բայց միշտ անակնկալի ենք գալիս։ Այս դեպքում էլ սկսում են զարմանալ մեր միամտությունից։ Ու եթե, բան է, մենք ձիգ ենք լինում որսորդի ու որսի (ճակատագրի ու մեր) այս անվերջ վազքի մեջ, ամեն ինչ բնական, աստվածային է դառնում, եւ ողբերգությունըՙ արած-տված-թողածից հետո բնականոն մի վերջ։ Որովհետեւ գիտենք, նաեւ Դու սովորեցրիր մեզ, որ անվերջ վախենալով ապրելն անվերջ մեռնել է նշանակում, որ անդադրում ատելը մեզ ատելի է դարձնում։ Դու սովորեցրիր, որ պիտի ազատ լինենք, որովհետեւ կարող ենք, ունակ ենք ազատ ապրելու, Դու սովորեցրիր, որ սիրելն է հարատեւելու միակ պայմանը։ Դու ասացիր, որ մահ չկա ընդհանրապես...
Ու ասացիր 1971-ի հունիսի 17-ին։
Ճակատագիրը հետեւում էր նրան
Ընդհանրապես Պարույր Սեւակի կյանքը եւ ստեղծագործությունը դեռեւս կարոտ է լուրջ ուսումնասիրության, թեեւ գրքեր, հոդվածներ, աշխատասիրություններ քիչ չեն տպագրվել։ Այսպես ասածՙ կանոնիկ կենսագրությունում նշված է. «1951-1959 թվականները Պարույր Սեւակի կյանքի մոսկովյան տարիներն ենՙ նոր միջավայր, նոր հետաքրքրություններ եւ նոր կյանք։ Համալսարան եւ ասպիրանտուրա ավարտած, թեկնածուական դիսերտացիան գրած երիտասարդ գիտնականը, առաջին գիրքը տպագրած երիտասարդ բանաստեղծը նորից նոր նստում է ուսանողական նստարանին։ 1951-1956 թթ. նա ուսանում է ԽՍՀՄ գրողների միությանը կից Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի պոեզիայի բաժնում եւ այն գերազանցությամբ ավարտում գրական աշխատողի որակավորումով (դիպլոմ B N 119627)»։
Երեւանի պետական համալսարանն ու ասպիրանտուրան գերազանցությամբ ավարտած, գիտական լուրջ աշխատանքի լծված գիտնականը, որն արդեն աշխատում էր Հայաստանի գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտում, թեկնածուական թեզ էր պատրաստել Շապուհ Բագրատունու մասին։ Թեզն ավարտված էր եւ կարելի էր պաշտպանել։ Սակայն...
Կարդանք 1965 թվականի դեկտեմբերի 1-ով թվագրված «Անցյալ ներկայացած» Պարույր Սեւակի ինքնակենսագրությունը.
«... Այդ տարիներին ես արդեն ավարտել էի ասպիրանտուրան, համարյա վերջացրել իմ դիսերտացիոն մենագրությունը, որի պաշտպանությունը, սակայն նույնպես անհնարին դարձավ, որովհետեւ ամբողջ երկրով մեկ ծավալվել էր հերթական rjvgfybz-նՙ այս անգամ էլ ընդդեմ պատմական թեմատիկայի։ Հայ հին գրականության ու բանասիրության մեջ խորացած իմ ընկերներից շատերը լքելով իրենց տարիների աշխատանքը, միանգամից դարձան խորհրդահայ գրականության «մասնագետներ», եւ գրվեցին դիսերտացիաներ այնպիսի մարդկանց «կյանքի ու գրական գործունեության» մասին, որոնք եթե ապրեին Նոյ նահապետի չափ էլՙ չէին կարող արժանանալ նման բախտի։ Այդպես վարվողները ստիպված էին հետեւել իմաստնությանն այն առածի, որ արդեն հիշեցի. «Եթե ժամանակը սրտովդ չէՙ դու ժամանակի սրտովը եղիր»։ Ես չկարողացա եւ... կրկին դարձա առաջին կուրսի ուսանողՙ այս անգամ արդեն Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում...»։
Ինչպես տեսնում ենք, Պարույր Սեւակը մանրամասներ չի հաղորդում, անուններ չի տալիս։ Նա իր հոգեկան ծանր իրավիճակը բացատրում է սոսկ հոգեկան ճգնաժամով, որը սրվել էր իր երկրորդ գրքիՙ «Անհաշտ մտերմություն» պոեմի ստեղծման հետ։
«Այդ պոեմի վրա տառապելու տարիներին ես հասկացա, որ մենք զբաղված ենք անհնարինը հնարավոր դարձնելու տանջալից ինքնախաբեությամբ. ամեն կերպ կեղծելովՙ անկեղծ խոսք ասել, ամեն տեսակ ստելովՙ ճշմարիտ խոսել։ Ու եթե դրան ավելացվի եւ այն, որ գոնե ես այդ անելիս հարկադրված էի փոխել նաեւ սեփական ձայնս, ապա պարզ կդառնա ինքնազզվանքի այն զգացումը, որ գնալով պատում էր ինձ, ինչպես բորբոսը հացին։ Այդ պատճառով էլ, երբ լույս էր տեսնում իմ երրորդ ժողովածուն («Սիրո ճանապարհը»), ես արդեն լքել էի ինքս ինձՙ խճճվելով մի այնպիսի ճգնաժամի մեջ, որ առավել անտանելի է, քան տնտեսական կոչվածը, որովհետեւ կոչվում է հոգեկան...»։
Բանաստեղծի Մոսկվա մեկնելու հանգամանքը պարզաբանում է 1955 թվականից Մոսկվայում Սեւակի հետ Գորկու անվան գրականության ինստիտուտում սովորած Ստեփան Ալաջաջյանը։
1951 թվականի հունիսի 7-ին Հայաստանի գրողների միության քարտուղարության ընդլայնված նիստում քննարկվել էր Սեւակի պոեմի հրատարակման հարցը։ Հայաստանի պետական հրատարակչության (Հայպետհրատ) տնօրեն Եղիշե Հովհաննիսյանի եւ Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ Հովհաննես (Օնիկ) Մամիկոնյանի ջանքերով պոեմի հրատարակությունը տապալվեց։
Ստեփան Ալաջաջյանի այն հարցին, թե «ինչո՞ւ փախավ Երեւանից», Սեւակը պատասխանել է. «Մեղադրանքը, այդ հսկայամարմին զանգվածը... Մկրյանը... միջնադարը կամ վաղ վերածնունդ կոչվածը, այդ Շապուհ Բագրատունին»։
«Խօսքը վերաբերում էր Մկրտիչ Մամբրէի Մկրեանին. ծնուած Վանում 1907-ին։ Պարոյրի ուսանողական շրջանում եղել էր Երեւանի Համալսարանի բանասիրական բաժնի դեկանը, իսկ 1947-1953 թթ. Գիտութիւնների Ակադեմիայի Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտի տնօրէնը։ Այդ ինստիտուտի տնօրէնի կողմից մերժուած էր Պարոյրի գիտական աստիճանի թեզը, որ վերաբերւում էր Շապուհ Բագրատունուն, նրա ստեղծագործութեանը։ Պարոյրը նրան համարում էր «հակառակորդ» ինչպէս նաեւ Յովհաննէս Մամիկոնեանին, որ մի ժամանակ եղել էր նոյն ինստիտուտի տնօրէն եւ նոյն բաժնի ամբիոնի դասախօս»։
... Ինչո՞ւ Պարույր Սեւակը գնաց Մոսկվա։ Ինքն իրեն գտնելու համա՞ր։ Այո։ Մահից փրկվելու համա՞ր։ Այո։
Լսենք Եվգենի Եվտուշենկոյին, որը լավ էր ճանաչում Սեւակին. Մոսկվայում հաճախ էին հանդիպում, զրուցում։ Ի դեպ, երբ Հայաստանում արգելվեց Սեւակի «Ուշացած իմ սեր» պոեմի տպագրությունը, Եվգենի Եվտուշենկոն ռուսերեն թարգմանեց պոեմը, եւ այն «Դժվար խոսակցություն» վերնագրով տպագրվեց «Yjdsq vbh» ամսագրի 1956 թ.-ի 6-րդ համարում։ Իհարկե, մեծ աղմուկ եղավ։ Նույն «Yjdsq vbh»-ի 10-րդ համարում, «Rjvcjvjkmcrfz ghfdlf»-ում (3. 11. 1956), «Kbnthfnehyfz ufptnf »-ում 27.11. 1956), «Vjkjlfz udfhlbz»-ում (N 1, 1957) եւ «Rjvveybcn»-ում (N 5, 1957 թ.) դատապարտող հոդվածներ տպագրվեցին։
Լսենք Եվգենի Եվտուշենկոյին. «Երբ իմացա Պարույրի ողբերգական մահվան մասին, իհարկե, ցնցվեցի եւ միաժամանակ զարմացա. նրա աչքերում դատապարտվածություն կար... իսկույն մտքովս անցավՙ նրանք սպանել են Պարույրին, ինչպես մինչեւ օրս էլ նույն ենթադրությունն ես անում եւ Մայակովսկու, եւ Եսենինի մասին։ Վերջին հաշվով, իհարկե, նրան սպանեցին, սպանեցին թերեւս ոչ ֆիզիկապես, բայց անպայմանՙ բարոյապես, սպանեցին կամաց-կամաց, քիչ-քիչ, եւ կապարե այն գնդակը, որ անմիջապես Պուշկինին խոցեց Դանտեսի ձեռքով, գուցե միլիգրամ առ միլիգրամ ընկավ այդ անմաշկ մարդու մաշկի տակ...»։
Դժվար է 1971-ի հունիսի 17-ի մասին գրելը, անչափ դժվար է, թեեւ անչափ շատ փաստեր ու փաստաթղթեր կան ձեռքիս տակ։ Սակայն որքան էլ դժվար է, պետք է գրել, որովհետեւ այդ օրը ճակատագրական եղավ բոլորիս համար։ Այդ թվումՙ նաեւ նրանց համար, ովքեր դեռ հույս ունեն, որ ամեն ինչ մոռացվել է։
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ