Վարազդատ Մենդելյանը 1951 թ. գերազանցության դիպլոմով ավարտում է Լենինականի մանկավարժական ինստիտուտը եւ հաջորդ տարվանից, արդեն 51 տարի, գիտակցական կյանքը նվիրում Թբիլիսիի հայ դպրոցին։
«Երբ նոր էի եկել Թբիլիսի, մայրաքաղաքում գործում էր 13 հայկական դպրոց։ Իմ ավագ սերունդը պատմում էր, որ այս քաղաքում եղել է 45 հայկական դպրոց», ասում է Մենդելյանը։ Այսօր վաստակավոր ուսուցիչը Թբիլիսիի թիվ 93 հայկական դպրոցի տնօրենն է արդեն 30 տարի։
«Այսօր մնացել է միայն 3 հայկական դպրոցՙ սա է, 95-ը եւ 104-ը։ Գործում է հայ-ռուսական եւս 5 դպրոց, այսինքնՙ այդ դպրոցներում կան հայկական եւ ռուսական բաժիններ։ Մեզ մոտ միայն 126 աշակերտ է սովորում, իսկ անցյալ տարի առաջին դասարան չկարողացանք հավաքել։ Այս տարի տեսնենք ի՞նչ է լինելու», ասում է Մենդելյանը։
Վրաստանում հայկական դպրոցների թիվը 170-ից ավելի է։ Վրացական պետությունն է հոգում դպրոցների կարիքները, բացառությամբ դասագրքերի, որոնք ուղարկվում են Հայաստանից։
«Թբիլիսիի հայկական դպրոցների շենքերն անմխիթար վիճակում են, ինչպես վրացական դպրոցները։ Բայց ամենալուրջ խնդիրը հայ ուսուցիչների պակասն է։ Դպրոցներ ունենք, որտեղ ֆիզիկան դասավանդում է կենսաբանը», ասում է Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը։
Հայաստանցի ուսուցիչները, ինչպես խորհրդային տարիներին, մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո այլեւս գործուղման չեն գալիս Թբիլիսի, Վրաստանի հայկական դպրոցներ։ Թբիլիսահայ համայնքը օր-օրի մաղվում է, եւ ծնողներն այլեւս հնարավորություն չունեն իրենց երեխաներին ուսման ուղարկելու Երեւան։
«Այստեղ հայկական դպրոցներում ուսուցիչների միջին տարիքը 60-70 է։ Չկան նրանց փոխարինող երիտասարդներ», ասում է Մուրադյանը։
Դասագրքերը, ուսումնական ձեռնարկներն ուղարկվում են Հայաստանից, բացառությամբ «Վրաստանի պատմության» եւ «Վրաստանի աշխարհագրության»։ Երեւանից ուղարկվող դասագրքերը բաժանվում են անվճար։
«Երբ այստեղից հայ երիտասարդները մեկնում են Հայաստանի բուհերում սովորելու, ընդունելության քննություններ են հանձնում նաեւ հայ ժողովրդի պատմությունից, որը Վրաստանի հայկական դպրոցների ուսումնական ծրագրում ներառված չէ։ Կրթության նախարարության երաշխավորությամբ այդ առարկան անցնում ենք ֆակուլտատիվ կարգով», ասում է 93-րդ դպրոցի տնօրենը։
Իրականում հայ ժողովրդի պատմություն առարկան լուրջ խնդիր է եւ անգամ ազդում է հայ-վրացական հարաբերությունների վրաՙ բացասական իմաստով։
Հայաստանից ուղարկվող հայ ժողովրդի պատմության դասագրքերը Վրաստանի կրթության նախարարության կողմից մի քանի տարի համառորեն մերժվում են։ Ես չգիտեմ, թե ինչու են մերժվում, երբ այստեղ հայկական դպրոցների դասացուցակներում այդ առարկան չկա», ասում է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը։
Հայ-վրացական հարաբերություններում կան զգայուն հարցեր, որոնք տեղ են գտնում հայ ժողովրդի պատմության դասագրքերում։ Օրինակ, ըստ այդ դասագրքի, 1918 թ. դեկտեմբերի երկշաբաթյա հայ-վրացական պատերազմը ներկայացվում է որպես հայկական զորքերի փայլուն հաղթանակ, մինչդեռ վրաց պատմագրությունը դա կտրականապես մերժում է, ասելով, որ հայերն այդ պատերազմում ջախջախիչ պարտություն են կրել։ Պատմական նման հակասական օրինակների պակաս չի զգացվում։
«Սա անբնական երեւույթ է։ Հայ երեխան իրավունք ունի սովորելու իր ժողովրդի պատմությունը։ Թող մի քանի թեմաներ էլ հանվեն դասագրքերից, հանուն նրա, որ պատմություն առարկան դասավանդվի։ Տարիներ առաջ որոշված էր, որ Հայաստանի եւ Վրաստանի կրթության նախարարությունները երկու երկրների պատմաբանների մասնակցությամբ համատեղ հեղինակային կազմ ստեղծեն եւ մշակեն համապատասխան դասագիրք, որն ընդունելի լինի երկու կողմերի համար էլ։ Որ նախարարությանը դիմում ես, ասում ենՙ հակառակ կողմն է մեղավոր», ասում է Սնխչյանը։
Վաստակավոր մանկավարժ Վարազդատ Մենդելյանը մտահոգված է Թբիլիսիի հայկական դպրոցի ապագայով։ «Շատ հայ երեխաներ ռուսական դպրոց են հաճախում, նվազում է առաջին դասարան ընդունվողների թիվը։ Եթե հայ ծնողը երեխային հայկական դպրոց ուղարկի, ո՞վ կարող է դեմ լինել։ Այս ամբողջ մեղքը մեր մեջ պետք է փնտրենք», ասում է նա։
Մոտ ապագայում Թբիլիսիում մնացած հայկական դպրոցները կբախվեն հայ աշակերտ, հայ ուսուցիչ չունենալու փաստին։ «Ես եւ հայկական դպրոցների շատ ուսուցիչներ 60-70-ն անց ենք», ասում է Մենդելյանը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի-Երեւան