«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2003-06-13 | #112, 2003-06-14 | #113, 2003-06-17


ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ Է

Հայտնի է, որ երիտասարդությունը (անկախ նրանից, թե որ երկրում) պասսիվ է իր քաղաքացիական պարտականությունները կատարելիս, եւ այս երեւույթը հատկապես ակնհայտ է դառնում ընտրությունների ժամանակ։ Հայաստանում երիտասարդի այս կեցվածքին մի քանի այլ հանգամանքներ եւս նպաստում են։

Անցած տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մեր երկրի երիտասարդությունն առավել պասսիվ է եղել։ «Երիտասարդների իրավական եւ սոցիալական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների դիտարկմամբ, դրա պատճառն են դարձել ընտրական գործընթացներին առնչվող տեղեկատվության պակասը եւ հավատի բացակայությունը սեփական ձայնով երկրում որեւէ բան փոխելու հնարավորության նկատմամբ։

Թեեւ երիտասարդների գերակշիռ մասն ընտրական ուղղակի իրավունքից չի օգտվել, նախորդ ընտրությունների համեմատ ավելի շատ է եղել ներգրավվածությունն ընտրական գործընթացներինՙ աշխատանք նախընտրական շտաբներում, ընտրական հանձնաժողովներում, թեկնածության առաջադրում։ Երիտասարդների համար գրավիչ է եղել թեկուզ կարճ ժամանակով աշխատելու եւ կապեր հաստատելու հնարավորությունը։ Սա կարեւոր դիտարկում է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր երկրում կապերի առկայությունը վճռորոշ է։ Անցած ընտրություններին մեծ է եղել նաեւ պատգամավորության երիտասարդ թեկնածուների թիվը (գուցե խոսքը «Բազեների» մասին է, որն, ըստ էության ընտրություններին մասնակցում էր ոչ թե ինքնուրույն, այլ «Հանրապետական» կուսակցության կազմում)։

Հասարակական կազմակերպությունն իր դիտարկումներն իրականացրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության ֆինանսավորմամբ կյանքի կոչված «Քվեարկենք մեր ապագայի համար» ծրագրի շրջանակներում։

Կազմակերպվել են դասընթացներ, հեռուստահաղորդումներ, իրականացվել է դիտորդական առաքելություն։ Նպատակըՙ երիտասարդներին ներգրավել ընտրական գործընթացներում։

«Քվեարկենք մեր ապագայի համար» ծրագիրը, որ ողջունելի է եւ կարեւոր նպատակ է հետապնդում, այդուհանդերձ, մեր իրականության մեջ գոնե անվանման առումով ժպիտ է առաջացնում։ Ցավոք, պետք է արձանագրել, որ մեր երիտասարդությունը կարծես անտարբեր է իր ապագայի նկատմամբ, կամ էլ քվեարկության ճանապարհով չէ, որ պատրաստվում է կերտել այն։ Այլապես ընտրություններին կատարած խայտառակությունները որեւէ կերպ կարժանանային նրանց ուշադրությանը։

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4