Իսկ թիվ 33-ումՙ ոչ մի փոփոխություն
Թիվ 50 ընտրատարածքում տեղի կունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Երեկ նման որոշում կայացրեց Սահմանադրական դատարանըՙ հիմք ընդունելով 2ՙ թիվ 1545 եւ թիվ 1551 ընտրատեղամասերի գրանցամատյաններում առկա անհամապատասխանությունները։ Թիվ 1545 տեղամասում առկա էր 504 չօգտագործված քվեաթերթիկ, իսկ 1551-ում 151 քվեաթերթիկ մարված չէր եղել։
Այս հանգամանքները թիվ 50 ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու հիմք հանդիսացան այն տրամաբանությամբ, որ ընտրատարածքից պատգամավոր ընտրված թեկնածուի եւ երկրորդ տեղը գրաված ձայների տարբերությունն ընդամենը 94 էր։
Երեկ Սահմանադրական դատարանը սկսեց նաեւ մեկ այլ դիմումի քննությունը, որ ներկայացրել էր թիվ 33 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Ենոք Ավետիսյանը։ Այս ընտրատարածքը հետաքրքրական է այնքանով, որ պատգամավոր է ընտրվել Կառլոս Պետրոսյանի եղբոր որդինՙ Խաչիկ Պետրոսյանը։ Ըստ դիմումատու Ավետիսյանի, ընտրատարածքի 11 տեղամասերում եղել են ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ։ Մասնավորապես չհիմնավորված բարձր մասնակցություն, որպես ընտրակաշառքՙ ասֆալտապատման դեպքեր, բաց, կրկնակի քվեարկություններ, երկու տեղամասային ավելի կնիք եւ այլն։
Պատասխանող կողմ հանդիսացող թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի բացատրությամբ երկու կնիք ստացվել է ավելի որպես պահուստային։ Մնացյալի վերաբերյալ հանձնաժողովը համաձայն չէր ներկայացվող նյութերին։
Ինչեւէ, ՍԴ-ն որոշեց, որ դիմումատուի ներկայացրած նյութերը բավական հիմք չեն թիվ 33 ընտրատարածքում ընտրություններն անվավեր ճանաչելու համար։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ