Սպասում ենք իններորդին
Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Ստամբուլից, Ռեպորտաժ «Արմավիա» ընկերության աջակցությամբ
Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից հետո տղամարդկանց մրցաշարում 8 միավոր վաստակած 32 գրոսմայստերները, այդ թվում Լպուտյանը, Ասրյանը եւ Անաստասյանը մոտ մեկ ժամ շունչները պահած սպասում էին, մինչ մրցավարները կհաշվարկեին լրացուցիչ ցուցանիշները ու կհրապարակեին իրենց որոշումը։ 28 շախմատիստներ, այդ թվումՙ երեք հայերը, ստանում են ուղեգրեր, իսկ չորս անհաջողակները լրացուցիչ մրցախաղերում պետք է վիճարկեին մնացած երկու տեղերը։ Սակայն վերջիններս չհամաձայնելով մրցավարների հետ, պաշտոնական բողոք ներկայացրին առաջնության վճռաբեկ հանձնաժողովին, պնդելով, որ լրացուցիչ մրցախաղին պետք է մասնակցեին 8 միավոր վաստակած բոլոր շախմատիստները։ Մենք մինչ ուշ գիշեր մանրակրկիտ քննարկեցինք դիմումը եւ եկանք այն եզրակացության, որ մրցավարները գործել են կանոնադրության համաձայն։ Այժմ թափուր մնացած 2 տեղերի հարցը շախմատի եվրոպական միությունը կլուծի իր որոշմամբՙ ուղեգրերը հատկացնելով ցանկացած այլ շախմատիստների։
Կանանց մրցաշարում, որտեղ չեմպիոնուհի հռչակվեց շվեդ Պիա Կրամլինգը, Դանիելյանի 7 միավորը բավական եղավ բաղձալի ուղեգրին տիրելու համար։ Այսպիսով, կարող ենք արդեն վերջնականապես արձանագրել, որ հայկական շախմատը հասավ նոր փայլուն հաջողության։ Առաջին անգամ աշխարհի առաջնության պատմության ընթացքում Հայաստանը ներկայացված կլինի առնվազն 8 շախմատիստներով։ Հնարավոր է, որ 9-րդը դառնա ՖԻԴԵ-ի հաստատած պահեստայինների ցուցակում գտնվող Ռաֆայել Վահանյանը։