«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2003-06-13 | #112, 2003-06-14 | #113, 2003-06-17


ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Ընդունված ավանդույթի համաձայն, ՀՀ հավաքականի հերթական ընտրական հանդիպումից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողների հետ։ Նա տեղեկացրեց, որ վերջին երկու անհաջող հանդիպումներից հետո հրաժարական է տվել երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը։ Առայժմ նրա պարտականությունները դրվել են Միխայ Ստոյկայի վրա։ Նախատեսվում է 2-ական մարզիչ հրավիրել Ռումինիայից եւ Գերմանիայից։

Նախագահն ընդհանուր առմամբ գոհ էր ազգային հավաքականի ելույթից, նշելով, որ տղաներն արդեն նվիրումով են խաղում, լրջությամբ են վերաբերում խաղերին։ Թեեւ մրցավարը սխալվեց 11 մ նշանակելիս, սակայն չպետք է ամեն ինչ բարդել նրա վրա։ Իրոք, 3 գոլ խփելը հերոսություն էր, բայց բաց թողած 4 գնդակները պաշտպանների կոպիտ խաղի հետեւանք էին։ Առաջիկա խաղերում, ըստ նախագահի, գլխավորը դիտարժան խաղ ցուցադրելն է։ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը մարզիչները սխալ էին ընտրել։ Նա առաջարկեց շաբաթական 3 անգամ երիտասարդական հավաքականի թեկնածուների հավաքներ կազմակերպել արտասահմանցի մարզիչների գլխավորությամբ։ Նախագահը բողոքեց մեր մարզիչների պատրաստականությունիցՙ ընդգծելով նրանց մասնագիտական ցածր մակարդակը, որի պատճառով ակումբներում բավարար աշխատանք չի տարվում։ Անգործության է մատնված մարզչական խորհուրդը (նախագահՙ Հովհաննես Զանազանյան), որը պարտավոր էր հավաքականի ելույթների քննարկումներ կազմակերպել, հանդիպել հավաքականների մարզիչների հետ։ Մեր կողմից նշենք, որ այդ հարցում ֆեդերացիայի ղեկավարությունը պետք է պահանջկոտ լիներ եւ ստիպեր մարզչական խորհրդին գործելու, հակառակ դեպքում հարց բարձրացներ փոխելու կազմը։

Խոսելով նորընտիր ԱԺ-ում իր գործունեության մասին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ներկայումս ֆուտբոլի զարգացման ծրագիր է մշակվում եւ կփորձի ֆուտբոլի մասին օրենքի նախագիծը կյանքի կոչել։ Ավանում կառավարությունը 14 հա հող է հատկացրել ֆուտբոլի ժամանակակից մարզադպրոցի կառուցման համար։ Այդ նախագիծն արժանացել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հավանությանը, որը Երեւանում գտնվելիս խոստացել էր ֆինանսապես օգնել։

Շուտով կլուծվի «Հանրապետական» մարզադաշտի տանիքի հարցը։ Աշխատանքներ են տարվում մարզերում խաղադաշտերի կառուցման, թիմերին նյութապես աջակցելու ուղղությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4