Անդրադառնալով ամերիկահայ կազմակերպությունների հետ հանդիպելու Մ. Նահանգներում Թուրքիայի դեսպանատան նախաձեռնությանը եւ այդ կազմակերպությունների տված պատասխաններին, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը խիստ դրական առաջընթաց է համարում այն փաստը, որ այդ կազմակերպություններըՙ Ամերիկայի հայկական համագումարն ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը նախապես խորհրդակցել էին միմյանց հետ եւ ապա հայ համայնքին տեղյակ պահել իրենց մերժողական դիրքորոշմանը, մեկընդմիշտ փակելով գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ լուրերի տարածման ճանապարհը եւ չկրկնելով հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի կատարած լուրջ սխալը։
Չհիմնավորված լուրեր տարածվում են, շարունակում է Սասունյանը, որ մի քանի հայկական այլ կազմակերպություններ, այնուամենայնիվ, համաձայնել են հանդիպել թուրք դիվանագետների հետ։(*) Եթե ճիշտ են լուրերը, նրանց մնում է անմիջապեսՙ ա) իրենց ինքնության մասին տեղյակ պահել հայկական համայնքին, բ) խորհրդակցել մյուս կազմակերպությունների հետ եւ համապատասխանեցնել իրենց դիրքորոշումները նախքան իրենց հանդիպումը թուրքերի հետ եւ գ) հանդիպումից հետո ամբողջական զեկուցագրով հանդես գալ հայ համայնքի առաջ։
Ինձ նույնպես միջնորդների միջոցով մոտեցել են, թե արդյոք հետաքրքրվո՞ւմ եմ հանդիպելու դեսպան Թեզջանի հետ, ես անմիջապես մերժեցի առաջարկը հետեւյալ պատճառներով. 1) թուրքական կառավարությունը հսկայական ճնշման տակ է ինչպես Մ. Նահանգների, այնպես էլ Եվրամիության կողմից սկսելու բանակցություններ Հայաստանի կառավարության եւ հայկական սփյուռքի հետ լուծելու համար առկախ խնդիրները։
Չնայած նման ճնշումներ առաջներում էլ են եղել, եւ Թուրքիան լուրջ ուշադրություն չի դարձրել դրանց, այս անգամ մի շարք գործոնների միասնությունը (Մ. Նահանգներ-Թուրքիա հարաբերություններն իրաքյան պատերազմի լույսի ներքո, Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի բուռն ցանկությունը եւ Ցեղասպանությունն ընդունած երկրների թվի աճը) ստիպում է Թուրքիային առավել ճկունություն եւ պատրաստակամություն դրսեւորել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ թուրքերը ցանկանում են «պատրաստակամություն խաղալ» առանց լուրջ մտադրություններ ունենալու, որպեսզի պարզապես միավորներ ձեռք բերեն Վաշինգտոնից եւ Եվրամիությունից։ Ինչո՞ւ պետք է մենքՙ ամերիկացիներս, ընկնենք նման թակարդի մեջ։
2) Թուրք կառավարության սխալն այն է, որ նման պատասխանատու հանձնարարություն տվել է թունոտ մի հակահայի, որը տարբեր առիթներով ոչ միայն բացահայտորեն ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ պնդել, որ հայերն են կոտորել թուրքերին (Անատոլու գործակալություն, մայիսի 1, 1998 թ.)։ Հետաքրքրական էՙ ո՞ր մի հրեան կամ հրեական կազմակերպությունը կհամաձայներ հանդիպելու գերմանական կողմի հետ, եթե այդպես դրվեր ողջակիզման հարցը»։
(*) Հիշեցնենք, որ Ռամկավար Ազատական Կուսակցության եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Թուրքիայի ներկայացուցիչներին ¬ խմբ.