«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#111, 2003-06-13 | #112, 2003-06-14 | #113, 2003-06-17


184 ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ՀՌԱԿ ՇԱՐՔԵՐԸ

Հարցազրույց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանի հետ

Վերջերս աշխատանքային այցով Սյունիքի մարզում եղավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությունըՙ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանի գլխավորությամբ։ Եռօրյա այս այցի ժամանակ 184 նորագիրներ համալրեցին կուսակցության շարքերը։ Համալրումներ կատարվեցին արդեն գործող եւ հեղինակություն վայելող ակումբներում (Սիսիանի «Իսրայել Օրի», Գորիսի «Սյունիք» եւ Տեղի համանուն, Կապանի «Ղափան» եւ «Դավիթ Բեկ»)։ Ստեղծվեցին նոր ակումբներՙ Սիսիանի Գորայք քաղաքում համանուն (ատենապետ ընտրվեց Արտակ Աղաջանյանը), Ախլաթյանում (ատենապետՙ Արամայիս Կարապետյան), Կապանի Արծվանիկ գյուղումՙ «Երիցավանք» (ատենապետՙ Ասքանազ Հովհաննիսյան), Սյունիք գյուղումՙ նույնանուն եւ «Արմեններ» (ատենապետ Արմեն Սարգսյան) եւ «Ձագեձոր» (ատենապետՙ Սարգիս Սարգսյան)։

 <200311308.jpg>

Այցի ավարտից հետո «Ազգի» թղթակիցը խնդրեց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանին մեկնաբանել այցելության նպատակներն ու արդյունքները։

¬ Հանդիպումներ ունեցանք կուսակցական շրջանակներում, որոնց ժամանակ գնահատականներ տրվեցին Ազգային ժողովի ընտրություններին, որոնք միանշանակորեն գնահատվեցին որպես քվեագողություն։ Ելույթ ունեցողները նշեցին, որ ՀՌԱԿ-ի դեմ հստակորեն գործում էր պետական մեքենանՙ իր բոլոր հնարավորություններով։

Ես դա բացատրեցի նրանով, որ այս իշխանությունն էլ գործում է նախկիններիՙ ինքնապահպանման բնազդով եւ երեւի նրան նույնպես փոխանցվել էր իշխանության կորստի վախը։

 <200311305.jpg>

¬ Իսկ ինչո՞վ բացատրել վախի փոխանցման ժառանգականությունը։

¬ Այս հարցին կոնկրետ պատասխաններ տվեցին մեր հանդիպումներին ներկա մարդիկ, բերելով բազմաթիվ օրինակներ։ Սակայն հարցի պատասխանը շատ ավելի խորքային է։ ՀՌԱԿ-ն իր ծրագրերով միավորել է հայրենասիրությունը, էնտուզիազմը, ազգի մտավորական ներուժը եւ ծրագրերի իրականացման համար նյութական միջոցներ։ Հավելենք նաեւ Ռուսաստանի հայերի միությանՙ մեզ աջակցող կազմակերպական մեծ ներուժը։ Այս ամենն, իհարկե, շատ ավելի մեծ եւ լուրջ ուժ է ներկայացնում, քան ինչ-ինչ տարտամ քայլեր անող անողնաշար ընդդիմությունը, որը կոնկրետ ոչ մի ծրագիր չունի եւ սահմանափակված է իշխանության մոլուցքովՙ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջով։ Նրանք կոնկրետ ոչինչ չեն ասում, առավել եւսՙ ոչինչ չեն անում երկրի սոցիալական, տնտեսական, մշակութային ոլորտները փոքրիշատե նորմալ վիճակի հասցնելու համար։ Սա է նրանցից մեր հիմնական տարբերությունը եղել եւ մնում է։

¬ Ինչպե՞ս գնահատվեցին ընտրությունները Սյունիքի մարզում եւ դուք ինքներդ ինչպե՞ս եք դրանք գնահատում։

¬ Բոլոր ելույթ ունեցողները նշեցին, որ մայիսի 25-ին կատարվածը բնավ կապ չունի ընտրություն ասվածի հետ։ Իսկ ես համոզված եմ, որ եղածը պարզապես բռնություն էր ժողովրդի կամքի նկատմամբ։ Դա ապացուցվում է նաեւ մասնակիցների թվով։ Տեսեք, ընտրությունների ավարտից 1¬1,5 ժամ առաջ մասնակիցների թիվը չէր անցնում 25 տոկոսի սահմանագիծը։ Մնացած 26 տոկոսն ընտրություններին «մասնակցեց» այդ վերջին 1¬1,5 ժամում։ Ի դեպ, իսկական մասնակիցների կեսից ավելին «ծախված» ընտրողներ էին։

¬ ՀՌԱԿ-ը որոշ ուժերից մինչեւ օրս ընդունվում էր որպես այս իշխանություններին մոտ կանգնած եւ քաղաքական շահաբաժին ունեցող կազմակերպություն։

¬ Ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ մենք ոչ մի հովանավորություն էլ չունենք իշխանություններից, այսինքնՙ այնպիսին, որպիսին ունեցան ՄԱԿ-ը, ՀԺԱՄ-ը, հատկապես ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը»։

¬ Այժմ ինչպե՞ս է շարունակվելու կուսակցության գործունեությունը։

¬ Մենք, իհարկե, մնալու ենք հայրենիքին սատարելու դիրքերումՙ կառուցողական քննադատության ենթարկելով իշխանությունների աշխատանքը։ Մենք շարունակելու ենք մեր ծրագրերի իրականացումը գյուղատնտեսության, սոցիալական, գիտության ոլորտներում, այո, շարունակելու ենք համակարգիչներ նվիրել դպրոցներին, գիտական հիմնարկներին։

Մենք պառլամենտից դուրս աշխատելու մեծ փորձ ունենք եւ բնավ չենք համարում, որ մայիսի 25-ով ամեն ինչ ավարտվեց ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ՀՌԱԿ-ի համար։ Ճիշտ է, ցանկալի կլիներ մեր ներկայությունը խորհրդարանում, սակայն ամեն դեպքում մենք շարունակելու ենք վստահորեն աշխատել։ Այդ վստահությունը մեզ տալիս է այն հանգամանքը, որ ՀՌԱԿ-ի օգտին իրենց ձայները տվեցին ոչ պակաս 100 հազար ընտրողներ (ոչ թե 40 հազարի չհասնող այն թիվը, որը նկարվեց աշխատասենյակներում)։ Մինչեւ հաջորդ ընտրությունները դեռեւս 4 տարի կա, եւ կուսակցության կառույցների հստակ ու նպատակասլաց աշխատանքի դեպքում, համոզված եմ, ՀՌԱԿ-ին ձայն կտա 400¬500 հազար քաղաքացի։

¬ Անշուշտ, ձեր հանդիպումների ժամանակ խոսք գնացած կլինի նաեւ, որ դուք իզուր սատարեցիք Ռոբերտ Քոչարյանին։

¬ Այո, մենք սատարել ենք երկրի նախագահին։ Սատարել ենք եւ չենք զղջում դրա համար։

Այո, նախագահական ընտրություններից երկու տարի առաջ էր, որ ՀՌԱԿ-ը հայտարարեց գործող նախագահին պաշտպանելու իր մտադրության մասին։ Սակայն շատերը մոռացել են, որ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց գալիք նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին, ոչ մակը, ոչ էլ մուկը համարձակություն չունեցան արտահայտվելու, ինչպես նաեւՙ այսօրվա կոալիցիոն կառավարության ներկայացուցիչները։ Նրանք այն ժամանակ սուտ քնածի կարգավիճակում էին 15 օր շարունակ, խորհրդարանական ոչ մի կուսակցություն ձայն չէր հանում։ Փաստորեն, թիվ 1 քաղաքական գործիչը կատարել էր քաղաքական հայտարարություն։ Իսկ տպավորությունն այն էր, որ Հայաստանի դրոշը նետված էր գետնին։ Մեր աջակցության հայտարարությամբ վերցվեց այդ դրոշը, եւ պարզեցինք վեր մեր հնարավորության սահմաններում, դեռ մի բան էլ ավելի, քանի որ նման հայտարարությունները միջազգային հանրության «ականջներից» չեն վրիպում։ Պատկերացրեք, ոչ մի կուսակցություն ձայն չէր հանել, իսկ ՀՌԱԿ-ի կարծիքով, դա նշանակում է, որ հայոց պետության ներկայացուցչի հետ միջազգային ասպարեզում տարբեր տիպի միջպետական, բանակցային հանդիպումներում կարելի էր խոսել մեզ համար խոցելի դիրքերից։ ՀՌԱԿ-ը միշտ գիտակցել է, որ երկրի նախագահն ամենածանր բանակցային պահերին չի խոսում իր ընտանիքի կամ ընկերների անունից, այլ ներկայացնում է մի ողջ ժողովրդի կամքը։ Սա է հենց պետականամետությունը, որ շատ նորաթուխ, քաղաքականապես տգետ կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչների ուղեղի ծալքերում (եթե, իհարկե, կան) չի տեղավորվում։ Մենք ճիշտ ենք արել, որ պաշտպանել ենք գործող նախագահին, քանի որ այն զանգվածը, որ Դեմիրճյանի որդու շուրջը համախմբվեց եւ ոչ վաղ անցյալում Դեմիրճյան-հորը որակում էր որպես դավաճան, քիչ պատասխանատվություն չէր կրում ներկա ծանր վիճակի համար, որքան նախորդ իշխանությունը։ Մենք հաստատ չէինք պաշտպանի նման «քաղաքական կոկտեյլին», նորից ելնելով պետականամետության մեր բնական կեցվածքից։ Այո, ռամկավարները ողբերգություն չեն ապրում ԱԺ չվերադառնալուց, ուղղակի ցավալի է մի փաստ. կատարվեց ժամանակին թուրքական կառավարության բաղձանքըՙ հայոց ավանդական կուսակցությունը չմտավ պառլամենտ, մանավանդ հայ-թուրքական մերձեցման, ավելի ճիշտՙ նոր սկսված ֆլիրտի պայմաններում։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4