«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2003-06-17 | #114, 2003-06-18 | #115, 2003-06-19


ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԲԱՐԵԼԱՎԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ ԼՂ ԽՆԴԻՐԸ

Այս կարծիքին են Ադրբեջանի պետական, քաղաքական շրջանակները

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

«Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրները փոխկապակցված են։ Հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունները պետք է կարգավորել համալիր ձեւով, հակառակ դեպքում երրորդ կողմը միշտ խոչընդոտելու է», «Ազգի» հետ զրույցում ասաց նախագահ Հեյդար Ալիեւի նախկին օգնական, քաղաքագետ Էլդար Նամազովը։

Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա, Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Քադրի Էջվեթ Թեզջանի հանդիպումներն ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ Ադրբեջանի պետական, քաղաքական, լրատվական շրջանակների ուշադրության կենտրոնում են։

Ադրբեջանական մամուլի արձագանքը խիստ բացասական է, ինչպես էր «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» ձեւավորման եւ գործունեության ժամանակ։ Ադրբեջանցի լրագրողները, պաշտոնական Բաքուն չեն հավատում, որ իրենց ցեղակից թուրքերը հարաբերություններ կհաստատեն թշնամի հայերի հետ։

«Անշուշտ, Թուրքիան ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու։ Սակայն հազիվ թե հնարավոր լինի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը։ Այդ որոշումը (հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը-խմբ.) կհակասի Թուրքիայի ազգային շահերին», ասաց Բաքվի «Էխո» թերթի մեկնաբան Մամադ Բագիրովը։

«Եթե ձեռնարկվեն սխալ քայլեր, ապա ադրբեջանական ժողովրդի սերը Թուրքիայի հանդեպ կնվազի», թուրքական «Հյուրիեթ» թերթին ասել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Մեհմեդ Ալիեւըՙ մեկնաբանելով թուրք դեսպան Թեզջանի հանդիպումներն ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ։

Թեզջանը Նյու Յորքում հայտարարել է, որ Անկարայի իշխանություններից լիազորված է ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ հանդիպումներում ծանոթանալ սփյուռքի տեսակետներինՙ կապված հայ-թուրքական հարաբերությունների ապագայի հետ, ընդգծելով, որ հայ-թուրքական երկխոսության հիմքում չպետք է դրվեն ինչ-ինչ նախապայմաններ։

Պաշտոնական Անկարան Թեզջանի ընտրության հարցում չի սխալվել. վերջինս բազմաթիվ թուրք պաշտոնատարներից մեկն է, որ հետեւողականորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը եւ պնդում, որ հայերն են ցեղասպանության ենթարկել թուրքական ժողովուրդներին։ Ադրբեջանում դեսպան եղած ժամանակ Թեզջանը բազմիցս ասել է, որ հայերը պետք է Մեղրիի շրջանը զիջեն Ադրբեջանին։

«Ես չեմ կարծում, որ քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, Թուրքիան հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ։ Հայ-թուրք-ադրբեջանական հարաբերությունների հարցերում պետք է պահպանվեն տարածքային ամբողջականության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, մյուս հարցերը», ասաց քաղաքագետ Նամազովը։

«Միջազգային ասպարեզում Թուրքիայի նկատմամբ Հայաստանի իրականացրած քաղաքական շանտաժը դժվար թե օժանդակի երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը», ասաց լրագրող Բագիրովը, հիշեցնելով, որ Հայաստանը փորձում է «այսպես կոչված 1915 թ. Հայոց ցեղասպանության» հարցը պահել օրակարգում, Ադրբեջանի նկատմամբ ունի տարածքային պահանջներ, որն արտահայտվեց «բացահայտ ագրեսիայի» ձեւով։

Քաղաքագետ Նամազովի կարծիքով, թուրքական կողմի նախաձեռնությունը ԱՄՆ-ի նախաձեռնությունն է, ինչպես «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» ստեղծման դեպքում էր։

«Այդ հանձնաժողովի գործունեությունը միանշանակ չընդունվեց Հայաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում։ Փաստորեն, հանձնաժողովը ոչնչի չհասավ։ Նույնն է լինելու նաեւ դեսպան Թեզջանի պարագայում», ասաց Նամազովը։

«Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյային եւ հայկական լոբբիիստական կազմակերպությունների բանակցությունները, որոնք, ինչպես հաղորդվում է, Անկարայի եւ Երեւանի երկխոսության հաստատման նպատակ են հետապնդում, ավելի շատ նպատակ են հետապնդում պարզելուՙ ինչքանո՞վ այդ (լոբբիիստական) կազմակերպությունների դիրքորոշումը «Հայոց ցեղասպանության» եւ Ղարաբաղի հարցերում էվոլյուցիայի կենթարկվի», ասաց լրագրող Բագիրովը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4