«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2003-06-17 | #114, 2003-06-18 | #115, 2003-06-19


ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏՆՈՒՄ ԵՆ ՀՈՒՆԻ ՄԵՋ

Նախորդ համարում «Ազգը» «Թուրքիան փորձում է սփյուռքի հետ երկխոսության պատրանք ստեղծել» խորագրով տեղեկացրեց թուրքական արտաքին գերատեսչության հետախուզության եւ հետազոտությունների բաժանմունքից Քադրի Էջվեթ Թեզջանի մասին, որն ամերիկահայ կազմակերպությունների հետ հանդիպելու առաջադրանքով գործուղվել էր ԱՄՆ։ Դրան հետեւեց նույն գերատեսչության խորհրդական Ուղուր Զիյալի գործուղումը։

Եթե Թեզջանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի եւ Ռամկավար Ազատական կուսակցության ղեկավարների հետ, ապա Զիյալին հանձնարարվեց հարթել այն տարաձայնությունները, որոնք հակաիրաքյան պատերազմում ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի որդեգրած դիրքորոշման հետեւանքով առաջացել էին երկու վաղեմի դաշնակիցների միջեւ։ Ավելինՙ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցը, փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանը եւ Պենտագոնի նախկին գլխավոր խորհրդական Ռիչարդ Փեռլը Թուրքիան նշանառության թիրախ դարձնելիս կասկածի տակ էին դրել թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցության նպատակահարմարությունը։

Վերոհիշյալ գործիչները զայրացել էին նաեւ հակաիրաքյան պատերազմի ավարտին, ի ցույց Վաշինգտոնի, Սիրիայի եւ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունից։ Նշանառության թիրախի եւ զայրույթի պարագան ստիպեց վերջիններիս հետքայլ կատարելՙ որոնելով թուրք-ամերիկյան տարաձայնությունների հարթեցման ուղիներ։ Թերեւս այդ առումով պատահական չէր Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական (որը համապատասխանում է վարչության պետի պաշտոնին) Զիյալի այցը Վաշինգտոն։

Ի դեպ, դեռեւս հունիսի 10-ին թուրքական հանրային հեռուստատեսությունը նշել էր, որ Զիյալն այդ օրը մեկնում է Մ. Նահանգներ։ Քանի որ նա Վաշինգտոն մեկնեց 6 օր ուշացումով եւ այցի հետաձգման մասին չհայտարարվեց, ուստի պետք է ենթադրել, թե ամերիկացիները մինչ նրան ընդունելն ինչ-ինչ նախապայմաններ են առաջադրել թուրքական իշխանություններին կամ պահանջել են նրանցից Սիրիայի եւ Իրանի նկատմամբ հստակեցնել դիրքորոշումը։

Համենայն դեպս, հունիսի 16-ին Վաշինգտոնում Զիյալը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Գրոսմանին, իսկ հաջորդ օրըՙ պաշտպանության փոխնախարար Վոլֆովիցին, ինչպես նաեւ պետքարտուղարի տնտեսական հարցերով պատասխանատու օգնական Ալեն Լարսոնին։ Ըստ երեւույթին Զիյալի բանակցությունները հաջողությամբ են ընթանում, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ֆիլ Ռիքերն ի պատասխան թուրք-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ թուրք լրագրողի հարցի ասել է. «Մենք Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունենք։ Բարձր ենք գնահատում Թուրքիայի բարեկամությունը։ Թուրք-ամերիկյան ռազմավարական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է»։

Պետքարտուղարության խոսնակի այս խոսքերը թուրքական իշխանությունների համար հուսադրող են, նրանց հիմք են տալիս ենթադրելու, որ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները հունի մեջ են մտնում։ Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան տարաձայնություններին, ապա դրանց հարթեցումն ըստ ամենայնի պայմանավորված է Սիրիայի եւ հատկապես ամերիկյան ռազմական ներխուժման սպառնալիքների ահագնացման ներկա փուլում Իրանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությամբ, պայմանով, որ դա համահունչ լինի ԱՄՆ-ի քաղաքականությանը։

Համահունչ քաղաքականության անհրաժեշտությունը, ինչ խոսք, գիտակցում է թուրքական կառավարությունը։ Այլապեսՙ իրանական բարձրաստիճան զինվորականների Թուրքիա այցելելու խնդրանքը չէր մերժվի, ընդ որում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի միջամտությամբ։ Մինչդեռ այցը ծրագրված էր նախապես, իսկ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը հավանություն էր տվել դրան։ Հունիսի 18-ի առավոտյան տեղեկացնելով այդ մասին, թուրքական հանրային հեռուստատեսությունը նշեց, որ Գյուլն այդ քայլը բացատրել է ԱՄՆ-ի հակազդեցությունից խուսափելու անհրաժեշտությամբ։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4