Լեւոն Վարդանի «Վարուժնագիրը»
«Ասե՛ք, բարեկամնե՛ր, ես ինչպես կարողանամ խաղաղության մասին բարոյակրթական դասեր տալ, երբ աշխարհում իմ սեփական ու հարազատ տունը չունեմ, ուր կարողանամ տնկել իմ նշենու ծառը եւ սպասեմ նրա ծաղկավորվելուն, երբ իմ էն հայրենիքը, իմ պապերի հողերի կարոտը հոգումս առած թափառում եմ հար երկրից երկիր...»։ Հակոբ Կարապենցի այս դառը խոստովանությունն ամենադիպուկ բնորոշումն է սփյուռքում ոչ իրենց կամքով հայտնված եւ ազգային դեմքի, լեզվի ու գոյության մշտամնա խնդիրներով ծանրաբեռ երեկվա, այսօրվա ու վաղվա սերունդների վիճակի։ Գոյատեւման գերխնդիրն էլ սփյուռքի կրթամշակութային կյանքին եւ գրականության թեմաներին տալիս է նպատակին շեշտվածություն։
Լեւոն Վարդան հայրենապաշտ պատմաբանի ու գրողի «Վարուժնագիր» հնչյակների (սոնետների) ժողովածուն լույս է տեսել 2001 թ.-ին, Բեյրութում, հետմահու, գրողի զարմուհուՙ Ծովիկ Կետիկյանի կողմից։ Իմ առջեւ անծանոթ հեղինակ էՙ իր մի գրքով։ Բայց դա շնչահեղձ անելու չափ շատ էՙ հեղինակին խորությամբ զգալու ու գնահատելու համար։ Իր ու բոլոր հայ, իսկ ավելի մասնավորՙ սփյուռքահայ սերնդի իր վարուժնակներինՙ արուներին, ցեղը շարունակողներին են ձոնված գրքի 63 սքանչելի սոնետները։ Գիրքը գրվել է որպես յուրաքանչյուր անհատ ծնողի ու որպես հայ ազգի յուրաքանչյուր ավագ սերնդի պարտականություն ու պատգամ իրենց զավակներին։
Գիրքը հոգու, մտքի, ասելիքի պոռթկում է։ Այն հայ մարդու յուրահատուկ բնույթի մի ընդհանրացված դրսեւորում է, որ որդեպաշտություն կկոչվի։ Բայց հայը սրանից վեր ունի նաեւ օտար հողի վրա շարունակվելու, ոսկեղենիկ, չքնաղ արեւմտահայերենով մշտապես գրելու, ուսուցանելու, մտածելու ու պատգամելու, իր զավակով գոյատեւելու խնդիր։ Հնչյակների առաջին շարքերը հիացք են, հոր արժեւորում իր զավակին, հոր հպարտություն, որ ծնվել է, կա՛ իր վարուժնակը, իր արու զավակը, իր հույսը։ «Չկայի՛ր դուն դեռ երէկ, այսօր ներկայ ես ահա, գիտակցութեան պէս շքեղ, կարօտներու պէս ուժգին, որոնք հիմա ինձմէ ներս աղօթքի մը պէս, կ՚աճին, կընեն տարբեր զիս ինձմէ, կընեն իշխան ու արքայ»։ «Աղուո՛ր տղաս» գորովով, հույսով ու վստահությամբ է իր մեծ սերն արտահայտում, հուզվում օտար հողի վրա ապրող հայ մարդն իր վարուժնակի մանուկ օրերի թոթովանքով։ Մանկությունից մինչեւ հասունություն տարբեր պատգամներ պիտի կատարի զավակը։ Ու այդ պատգամները կատարելուց առաջ նախ պետք է նրան հայաշունչ ոգի ու կրթություն տալ, նրան ճանաչել ու սիրել տալ մեր ազգային սրբությունները, որոնցով նա իր կյանքը «ընէ երգ ու լոյսի պատարագ»։ Արժեքավորում է գրողն իր զավակի համար մայրենի լեզուն, որն իր ժամանակին «... ըրաւ զիս աշխարհին տիրած արքայ բախտաւոր»։ 24-րդ սոնետը, թերեւս կարելի է այս գրքի գլուխգործոցը համարել, դարձնել դասագրքային, դնել դասականների կողքին ու անգիր անել տալ ամեն հայ մանկան։ «Հա՛յ ես, տղա՛ս, հայո՛ւ պէս պիտի նայիս այս կեանքին։ Չափես, կշռես ամէն բան եւ զգենուս օրերուն խորհուրդը մեծ ու դառնաս մեր հայրերուն լոյս հոգին»։ Եվ բանաստեղծի գրչի տակ, տողից տող ուլունքվում են հայ սրբությունները, որոնց եթե տեր չկանգնի իր արու զավակը, եթե վաղվա հանդեպ ահ չունենա, կմնա «... անկայք, անհող, անհաստատ...»։ Խրատում, հորդորում, դողդողում է նա զավակի համար, նորից սիրուց պոռթկումՙ սիրտը ճաք տալու աստիճան։ «... հակառակ ալ օրերուն տխրակոծ, սպասեցի, որ գայիր որպէս ճակատի շքեղ գիր...»։ Զգայացունց, հուզիչ են բոլոր հնչյակները, սակայն կան առանձինները ու նաեւ քառյակներ ու տողեր, որ անզորացվում են մտքի ու կերպի ներդաշնակությամբ։ Բանաստեղծը հոգեբռնկման մեջ է պահում ընթերցողին, գրքի նպատակի, ասելիքի հոգեմոտ լինելուն գումարվում է բանաստեղծի գործածած դիպուկ, գունագեղ բառագանձը, ու ծնվում է բարձր գեղարվեստըՙ «Վարուժնագիր»։
Ու եթե դու էլ նույն մտահոգությունն ու ցավը կրում ես քո մեջ (անկախ այն բանից հայրենիքում ես ապրում, թե սփյուռքում), ուրեմն հնչյակների այս չքնաղ ժողովածուն քեզ համար եւ քո զավակի համար է գրված։ Այսպես ու այս ուղիովՙ զավակով, հայաշունչ վարուժնակներով միայն կլուծվի այսօր դեռ գոյատեւման, վաղն արդեն պատմական, պահանջատիրական խնդիրներ դառնալու իղձը, որ կանգնած է հայ մարդու առաջ թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։
Լեւոն Վարդանի «Վարուժնագիր» գիրքը խոսք-զենք է, ու նրանով խրատվողը պիտի մասնակցի այն պայքարին, որ մղել են Հ. Կարապենցը, օտար հողում իրենց կյանքն ավարտած բոլոր հայ տաղանդներըՙ հայրենի հողում իրենց նշենու ծառը տնկելու ու ծաղկմանը սպասելու համար։
ՁՅՈՒՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ