ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լինսի» հիմնադրամի կողմից իրականացվող «Մշակույթ» ծրագրի շրջանակներում Գյումրիում առաջիկայում կավարտվի նկարիչներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի վերականգնումը, որն ավերվել էր 1988-ի երկրաշարժից։
Ըստ ճարտարապետ Ռ. Եղոյանի, շենքը, որը մինչեւ երկրաշարժը Գյումրիում գործող մշակութային օջախների շարքում իր ուրույն տեղն ուներ, ամբողջությամբ վերափոխվել էՙ միայն արտաքինից պահպանելով իր նախկին տեսքը։
Նշենք, որ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանները ստեղծագործել են 1920-1970-ական թվականներինՙ իրենց անհատականությունը դրսեւորելով հատկապես դեկորատիվ նկարչության բնագավառում։ Քույրերը նաեւ զբաղվել են խեցեգործությամբ, որի մի քանի նմուշներ ներկայացնելով Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսում, արժանացել են Ջ. Ներուի անվան մրցանակի։