Դրական ու բացասական ելքերի հարաբերությունն այժմ 50-50 է
Այսօր ավելի, քան երբեւէ Երկիր մոլորակի բնակչությունը ստիպողական պահանջ է զգում հոգալու առողջության դժվարին խնդիրներ։ Եվ խոսքը միայն նորահայտ ու նորագո հիվանդությունների մասին չէ, ինչպիսին ԴԱՎ-ն ու չինական արտասովոր թոքաբորբն են։ «Ավանդական», «հին» ախտահարումները նույնպես աճում են ամենուրեք։ Արդեն տասնամյակներ շարունակ աշխարհում առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները եւ դրանցից մահացությունները։ Երկրորդ տեղում չարորակ նորագոյացություններն են։
Ու քանի որ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով վերջին 2 տարում ուռուցքային հիվանդությունների աճն իսկապես նկատելի է (2000 թ.ՙ չարորակ նորագոյացությամբ 5000 առաջնային հիվանդ, իսկ 2002-ինՙ 5600), որոշեցինք հանդիպել ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հայրապետ Գալստյանին։ Ի՞նչ է արվում հիվանդության նախնական ախտորոշման ու հետագա բուժման արդի եղանակների կիրառման առումով, եւ արդյոք մեր ազգաբնակչությունն ապահո՞վ է պատշաճ բուժսպասարկման տեսանկյունից։
- Վերջին տարիներին հետաքրքրական դիտարկում է արվել,¬ ասում է փորձառու բժիշկը։¬ Զարգացած երկրներում չարորակ նորագոյացությունները սկսել են մեկնաբանվել որպես սոցիալական հիվանդություններ։ Բայց սա չի նշանակում, թե պատճառը բխում է վատ ապրելակերպից։ Ընդհակառակը, եթե խոսենք բացարձակ թվերով, տնտեսապես զարգացած երկրներում հիվանդացության մակարդակը շատ ավելի բարձր է, քան թերզարգացածներում։ Սա ե՛ւ կենցաղակերպի (նստակեցություն, անշարժություն), ե՛ւ արդյունաբերության, ե՛ւ տնտեսության, ե՛ւ հորմոնալ սննդակարգի անցնելու արդյունք է։ Բնապահպանական չափանիշների զանազան խախտումները, ուրբանիզացիան իրենց հետ այլ հիվանդությունների շարքում բերում են նաեւ չարորակ նորագոյացությունների աճ։ Ու թեեւ մեզանում այդ աճը նույնպես առկա է, այնուամենայնիվ, ցուցանիշները շատ ու շատ ավելի պակաս են, քան եվրոպական երկրներում։ Օրինակ, եթե Արեւմտյան Եվրոպայի կամ նույնիսկ մերձբալթյան երկրներում 100 հազար բնակչի հաշվով գրանցվում է 450 դեպք, ապա մեզ մոտՙ 3 անգամ պակասՙ 150¬160։ Միացյալ Նահանգներում եթե ամեն 8-րդ կնոջ կյանքի ընթացքում սպասվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդություն, մեզ մոտ հարաբերակցությունը 30-ը մեկի է։ Բայց, ինչպես ասում են, պետք չէ սփոփվել «հարաբերական երջանկությամբ»։
Հիվանդությունների հաղթահարման համար, պարզվում է, համալիր ծրագիր է մշակվել, որի առաջին եւ հիմնական պատվիրատուն պետությունն է։ Բացարձակ թվեր վկայակոչելովՙ հիվանդանոցի տնօրենն ասում է, որ եթե 2001 թ. Քանաքեռի ուռուցքաբանականին տրվել է 167 մլն դրամ, իսկ 2002-ինՙ 196 մլն, ապա 2003-ինՙ ավելի շատՙ 248 մլն դրամ (իսկ բազային ծավալըՙ 277 մլն), ինչը ցույց է տալիս, որ ուռուցքաբանական ծառայությունն ուշադրության եւ լուրջ մտահոգության առարկա է դարձել երկրում։
Կենտրոնի հանդեպ մեծացել է նաեւ արտասահմանյան կազմակերպությունների հետաքրքրությունը, որոնք ամենատարբեր աջակցություններ են ցուցաբերումՙ հատկացնելով դեղորայք, թանկարժեք սարքավորումներ, տնտեսական ապրանքներ։ Այժմ նրանց անմիջական օգնությամբ հիվանդանոցում սկսվել է նաեւ մեծ շինարարություն։ Երկու շենքերը կապող միջանցքը թույլ կտա ծանր հիվանդներին տեղափոխել առանց ձյան ու անձրեւի սպառնալիքներին ենթարկվելու։
Այստեղ, ի սեր ճշմարտության, պետք է ասել, որ թեեւ բժշկական նորագույն սարքավորումների հագեցվածությունը նկատելի է, եւ ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդներով լուծվում են նախկինում անհաղթահարելի շատ խնդիրներ, դեղորայքի մատակարարման հարցը որոշ իմաստով մնում է բաց։ Սակայն տնօրենը վստահեցնում է, որ նախարարությունը պետպատվերի սահմաններում աշխատում է հոգալ հակաքաղցկեղային դեղամիջոցների հայթայթման խնդիրըՙ թեթեւացնելով դժվարին կացության առաջ հայտնված հիվանդների վիճակը։
Միջազգային փորձի ներդրման իմաստով շատ են օգնում պարբերական գործուղումները։ Միայն անցյալ տարի 16 գործուղում է եղել արտերկիրՙ ԱՄՆ, Մեքսիկա, Բրազիլիա, Պորտուգալիա, Ավստրիա, Լեհաստան...
Մեր այցելության ժամանակ մանկական բաժանմունքի վարիչ Գրիգոր Բադալյանը նոր էր վերադարձել ԱՄՆ կատարած գործուղումից եւ պատրաստվում էր լայնածավալ ծրագիր իրագործել Շիրակի մարզում, որովհետեւ ըստ առողջապահության նախարարության տվյալներիՙ չարորակ նորագոյացությունների քանակը մարզում գրեթե կրկնապատկվել էր։
¬ Նորագույն մեթոդների կիրառումն այժմ մեր ամենօրյա, սովորական աշխատանքն է,¬ ասում է Հ. Գալստյանը։¬ Եթե 10 տարի առաջ չարորակ նորագոյացությունները վաղ փուլերում հայտնաբերվում էին 6¬7 տոկոսի դեպքում, ապա հիմաՙ 20¬22 տոկոսի։ Եվ որքան վաղ է սկսվում բուժումը, արդյունքն այնքան գոհացուցիչ է։ Ցավոք, բնակչության իրազեկության մակարդակը դեռ բավական ցածր է, եւ հիվանդության բարձիթողությունը հասնում է 55 տոկոսի։ Սա նշանակում է, որ բժշկի դիմող ամեն 2-րդ հիվանդ բուժումը սկսում է ոչ թե վիրահատությունից, այլ քիմիաթերապիայից, ճառագայթային բուժումից։ Շատ կարեւոր է նաեւ, որ կասկածի դեպքում հիվանդին հետազոտի մասնագետը։ Այսօրվա բժշկության մեր բնագավառի ձեռքբերումն այն է, որ եթե դեռեւս չգիտենքՙ ինչպես կանխարգելել չարորակ ուռուցքի զարգացումը, ապա գոնե գիտենք դրա վաղ հայտնաբերումը, որը բուժման գրավականն է։
Ախտորոշման նորագույն եղանակներից բժիշկը ներկայացնում է իմունաֆերմենտայինըՙ կապված անտիգենների հայտնաբերման հետ, որ հնարավորություն է տալիս պարզելու գենետիկ կառուցվածքի խաթարումները։ Բայց մեթոդի հայտնաբերման սկզբնական ոգեւորությունը մարեց, որովհետեւ կիրառելի է միայն անհատական ստուգումների ժամանակ։
¬ Ուռուցքաբանության ասպարեզում, ընդհանրապես, լինում են մեծ ոգեւորության պահեր եւ շուտով էլ մարում են,¬ ցավով նշում է բժիշկը։
Ամեն դեպքում, առաջընթացն ակնհայտ է, եւ դրական ու բացասական ելքերի հարաբերակցությունը գնահատվում է 50¬50, մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ չարորակ ուռուցք հասկացությունը սարսափ էր ազդում ամենքին։ Հանրապետությունում այժմ 13 հազարից ավելի բուժվածներ կան, որոնք 10 տարուց ավելի ապրում են առանց որեւէ անհանգստության, թեեւ աշխատում են այդ մասին «չհայտարարել» շրջապատում։
Արդյունքներն է՛լ ավելի կլավանան մոտ ապագայում, երբ ստացվեն նոր սարքավորումները։ Ատոմային միջազգային գործակալության կողմից մինչեւ տարեվերջ հիվանդանոցին կտրամադրվեն ռադիոդիագնոստիկ եւ ռադիոթերապեւտիկ սարքերՙ էլեկտրոնային գծային արագացուցիչներ, որոնցով ճառագայթային բուժման մակարդակը մի քայլ ավելի առաջ կգնա։ Հոկտեմբեր-նոյեմբերին կստացվեն նաեւ համակարգչային տոմոգրաֆ եւ ուլտրաձայնային մի սարք, վերջինս կհեշտացնի բժիշկների արտագնա ստուգումները մարզերում։
Ասենք նաեւ, որ հիվանդանոցի 14 մասնագիտացված բաժանմունքներում իրականացվում են ամենաբարդ վիրահատություններ, եւ ԱՊՀ-ում միայն մեզ մոտ է, որ գոյություն ունի նյարդաուռուցքաբանության բաժանմունք, մինչդեռ Մոսկվայում նոր-նոր են քայլեր ձեռնարկվում այդ ուղղությամբ։
Չի ուշանում նաեւ հերթափոխի պատրաստման ծրագիրը։ Այս տարի 34 հոգի հետդիպլոմային աշխատանքները պատրաստում է հիվանդանոցի բժիշկների հսկողության ներքո։
Սակայն որքան էլ բժշկության զարգացումը լավ է, չհիվանդանալն ավելի լավ է, եւ Հայրապետ Գալստյանն ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս վարել մտածված ու խելացի կենսաձեւՙ խուսափելու ավելորդ բարդություններից։ Դրա համար ընդամենը պիտի հաշվարկել.
¬ Եթե ծխելը 7 անգամ մեծացնում է թոքերի, 4 անգամ միզապարկի եւ այլ օրգանների քաղցկեղով հիվանդացությունը, ուրեմնՙ պիտի կարողանալ հրաժարվել այդ արատավոր սովորությունից։ Նույն կերպՙ եթե նստակյաց կյանքը նպաստում է աղիների դժվար գործունեությանը եւ առաջացնում թունավոր նյութերի կանգ, պետք է հատուկ սննդակարգ մշակել (բուսական յուղի հաճախակի կիրառությամբ) եւ քայլելու ու մարզվելու պարտադիր ժամեր ունենալ։
¬ Մի խոսքով, հեշտ լուծվող խնդիրներ, որոնց կիրառության մեջ կարելի է չթերանալ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, հիվանդությունն արդեն առկա է, պետք չէ մատնվել խուճապի։ Համակցված ճիշտ բուժման դեպքում դա նույնպես հաղթահարելի է, եւ հիվանդի վարքը մեծապես օգնում է բուժման գործընթացին։
Կամքի նման դրսեւորման ականատես դարձանք շատ հիվանդների հետ շփվելիս ու հիացանք տնօրենի մտածած քաղաքականության իրագործմամբ։ Իր հիվանդներին ու բժշկական անձնակազմին խրախուսելու նպատակով նա օրերս հիվանդանոց էր հրավիրել ողնուղեղային հիվանդությամբ սայլակին գամված մարդկանցից բաղկացած «Փարոս» երգչախմբինՙ ցույց տալու, թե որքան մեծ բան է կամքի ուժ դրսեւորել անձնական դժբախտությունները հաղթահարելու ճանապարհին։ Աշխարհում միակ այսպիսի երգչախումբ ունեցող ժողովուրդը, հուսանք, իսկապես պիտի կարողանա լուծել իրեն բաժին հասած թե՛ անհատական, թե՛ համընդհանուր դժվարությունները։
Եվ գուցե հեռու չէ օրը, երբ նաեւ այս հիվանդանոցի մատուցած ծառայությունների շնորհիվ կհայտնաբերվի քաղցկեղի կանխարգելման միջոցըՙ մարդկությանն ազատելով ահավոր չարիքից։
Նվիրյալներն, ասում են, միշտ էլ հասնում են մեծ հաջողությունների...
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ