«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2003-06-17 | #114, 2003-06-18 | #115, 2003-06-19


ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԵՎՍ ՀԱՐԿԵՐ ԿՎՃԱՐԵՆ

Այս աշնանը քաշաթաղցիներին անակնկալ է սպասում։ Այսուհետեւ իրենց գյուղերի, համայնքների խնդիրները նրանք լուծելու են սեփական միջոցներով։ Դրանց լուծման համար շրջանի վարչակազմն այլեւս պատասխանատու չի լինի։ Հողի հարկերը, որ նոյեմբերից կսկսեն վճարել քաշաթաղցիները, իրենց համայնքներից դուրս չեն գա։ Այդ գումարներով համայնքը կկազմի իր բյուջեն։ Հետո այդ բյուջեի միջոցներով իր ներսում ճանապարհներ կկառուցի, կանցկացնի ջրատարներ, կլուծի ոռոգման ջրի հարցը եւ էլի շատ ու շատ հարցեր։ Ղեկավարությունն էլ կհսկի, որ ամեն ինչ կատարվի, ինչպես հարկն է։

«Շատ խնդիրներ կան, որ ուղղակի բյուջեով նախատեսված չեն, ասում է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Քոսակյանը, բայց, միեւնույն է, այդ խնդիրները պետք է լուծվեն։ Հաշվի առնելով, որ մարդիկ արդեն ամրացել են, հողը մշակում են, եկամուտ են ստանում, նրանք ի վիճակի կլինեն վճարել հողի հարկը, մանավանդ որ շատ ցածր է»։

Հողի հարկի մի մասը քաշաթաղցիները կվճարեն տվյալ տարվա նոյեմբերի 15-ին, իսկ մյուս կեսըՙ հաջորդ տարվա ապրիլին։ Միջին հաշվարկներով մեկ հեկտարի համար նրանք կվճարեն 5¬6 հազար դրամ։ Մոտավոր հաշվարկներով համայնքների տարեկան բյուջեն կկազմի 1¬1,5 միլիոն դրամ։ Սակայն այդ գումարով շատ դժվար կլինի որեւէ խնդիր լուծել, քանի որ Քաշաթաղում միայն գյուղապետի տարեկան միջին աշխատավարձը, որ այսուհետեւ վճարվելու է համայնքի բյուջեից, 250 հազար է։ Ամեն համայնքում մոտ 2¬3 գյուղապետ կա։ Ստացվում է, որ համայնքն իր բյուջեի կեսը կամ կեսից ավելին ծախսելու է միայն գյուղապետների աշխատավարձերը վճարելու համար։

ԱԼՎԻՆԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4