Հունիսի 20-ին, ժամը 19.30-ին «Ավան վիլա Երեւան» համալիրում (հասցենՙ Նորք-Մարաշ, 13-րդ փողոց, շ. 16) տեղի կունենա հայկական գյուղատնտեսական ապրանքների (գինի, պանիր, հյութեր եւ այլն) շնորհանդես եւ համտեսՙ կազմակերպված Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շրջանավարտների կողմից։ ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Մարկետինգի աջակցության ծրագրի» եւ «Թուֆենկյան հոսփիթալիթիի» աջակցությամբ իրականացվող այս միջոցառումն ունի մի քանի նպատակ։ Բացի հանդիպելու եւ շփվելու ուրախալի առիթից, ՀԱՀ-ի շրջանավարտները կհրավիրեն հանրության ուշադրությունը մեր երկրում գործող արտադրողներին եւ նրանց արտադրանքին։
ՀԱՀ-ի շրջանավարտների համար նման իրադարձությունները նաեւ առիթ են արտահայտելու իրենց երախտիքը հարազատ համալսարանին։ Այս միջոցառումները դարձել են ավանդույթ ՀԱՀ-ն ավարտած երիտասարդների համար, քանզի առաջին անգամը չէ, որ նրանք հանդես են գալիս նման նախաձեռնություններովՙ հարազատ համալսարանին շնորհակալություն հայտնելու եւ օգնելու նպատակով։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն գինի, պանիր, մսամթերք եւ հյութեր արտադրող տեղական ընկերությունների արտադրած ապրանքները («Վեդի ալկո», «Արենի», «Գինետաս», «Իջեւանի գինու գործարան», «Դուստր Մելանյա», «Ոսկե այծ պլյուս», «Որդի Արմեն», «Աթենք», «Նոյան» եւ այլն)։ Ներկա կլինեն ԱՄՆ դեսպանատան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Կոկա-կոլայի» եւ այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ պաշտոնյաներ։