Կոալիցիոն կառավարության ծրագիրը, որը պետք է ներկայացվեր խորհրդարանի վստահությանը, ավանվել էր նույնիսկ ամբիցիոզ։ Երեկ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ԱԺ-ում հավաստեց այդ պնդումըՙ ծրագիրն ինչ-որ չափով համարելով ռիսկային։
Կառավարության գործունեությունը, ըստ «նոր» ծրագրի, ունենալու է երեք հիմնական ուղղվածությունՙ տնտեսական բարեփոխումներ, սոցիալական բարեփոխումներ, կառավարման բարեփոխումներ եւ հակակոռուպցիոն քաղաքականություն։ Այս ոլորտներում ակնկալվում են հետեւյալ արդյունքները. պետական կառավարման բարեփոխումների ավարտում, պետական կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեության ապահովում, վարչական կոռուպցիայի առավելագույն կրճատում։ Այս ոլորտներում, ըստ վարչապետի, սպասվում են կառավարման մարմիններում աշխատողների կրճատումներ։ Դրանք մեխանիկական կրճատումներ չեն լինելու, ելնելու են գործառույթների հստակեցումներից։ Միաժամանակ, միջին եւ մանր ձեռնարկատիրության խթանման նպատակով ստեղծվելու են մարզային մարմիններ, որոնք նոր աշխատատեղեր են նշանակում։
Այս ոլորտի կտրվածքով ծրագրում չի ընդգրկվել ՀՅԴ-ի առաջարկըՙ ստեղծել հակակոռուպցիոն մարմինՙ անկախ կառավարությունից եւ հաշվետու հանրապետության նախագահին ու խորհրդարանին։ Հանրապետականները համոզված են, որ նման մարմին ստեղծելով խնդիրը հնարավոր չէ լուծել։ Ծրագրում նրանք ներդրել են իրենց առաջարկը, կոռուպցիայի դեմ պայքարում համատեղել բոլոր գերատեսչությունների ջանքերը։ Կներդրվի պատասխանատու մարմինների եւ դրանց պատասխանատու պաշտոնատար անձանց հաշվետվության նոր համակարգ։
Տնտեսական ոլորտում նախատեսվում է ապահովել ՀՆԱ-ի տարեկան 6¬8 տոկոս իրական աճ, սղաճի պահպանում տարեկան 3 տոկոսը չգերազանցող միջավայրում, արտահանման տարեկան ծավալների առնվազն 10 տոկոս աճ, պետության ֆինանսական ռեսուրսների հավաքման աստիճանի բարձրացումՙ տարեկան ՀՆԱ-Ի 0,3¬0,4 տոկոսային կետի չափով։ Այս ոլորտի ծրագրային դրույթների շուրջ կոալիցիոն կուսակցությունների մոտեցումներում տարբերություններ չեն եղել։ Վարչապետը պարզաբանեց, որ բանակցությունների ժամանակ տարբեր կարծիքներ են հնչել ներկայացված թվերի կապակցությամբ։ Սակայն հանրապետականները, ելնելով գործադիր իշխանության ոլորտում իրական գործունեության արդյունքներից, պնդել են այն թվերի կապակցությամբ, որոնք վերջնական հաշվով ամրապնդվել են ծրագրում։
Տնտեսական ոլորտում ներկայացված սպասվող արդյունքներն ունենալու են սոցիալական ուղղվածություն։ Այսինքնՙ ակնկալվող աճն ուղղվելու է սոցիալական ոլորտի բարեփոխումներին։ Դա է պատճառը, որ ծրագիրն ընդգծված սոցիալական ուղղվածություն ունի։ Չնայած այս տարվա բյուջեն եւս այդպիսի ուղղվածություն ունի, սակայն ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն այն կարծիքը հայտնեց, թե ծրագրային այս ուղղվածության հիմքում ընկած են ՀՅԴ գործունեությունն ու առաջարկները։ Այնուամենայնիվ, այս ոլորտում ակնկալվում են հետեւյալ բարեփոխումները. աղքատության մակարդակի զգալի կրճատումՙ մինչեւ 35 տոկոսը չգերազանցող մակարդակի ապահովման սահմաններում, ծայրահեղ աղքատների թվաքանակի կրճատումՙ մինչեւ 12,5 տոկոսը չգերազանցող մակարդակ։ Նախատեսվում է 2007 թ. միջին կենսաթոշակը մեկ շնչի համար հասցնել աղքատության պարենային գծին, միջին ընտանեկան նպաստըՙ մինչեւ մեկ շնչի համար աղքատության գիծը, ընտանեկան նպաստների ֆինանսավորման աճՙ մինչեւ ՀՆԱ-ի 1,3 տոկոսը, առողջապահության ոլորտումՙ պետական ծախսերի ֆինանսավորման աճ մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը, ուսուցիչների վարձատրության ամենամյա աճի ապահովումՙ մինչեւ 2007 թ. աշխատավարձը 60 հազար դրամի հասցնելու պայմանով։
Ներկայացված ծրագրում, սակայն, նշված չէ այս բարեփոխումների նյութական, ֆինանսական աղբյուրների ապահովումը։ Այդուհանդերձ, պատգամավորները միանշանակ դրական էին գնահատում ծրագիրըՙ համարելով իրատեսական։ Ծրագրի գովազդման հարցում, բնականաբար, ակտիվ էին հատկապես հանրապետականները։ Վարչապետին ուղղված 10 հարցերից 2-ն էին միայն կոալիցիոն ուժերից։ ՀՅԴ-ն ընդհանրապես հարցեր չուներ։ Փոխարենը ակտիվ էր ՄԱԿ-ը, որը 4¬5 հարց ուղղեցՙ որոշակիորեն ուրվագծելով իշխանության հանդեպ իր վերաբերմունքը։ Դատելով ՄԱԿ-ի կեցվածքիցՙ նա պատրաստվում է միջանկյալ դիրք ընդունել իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Թերեւս վերջինիս գործառույթները սկզբունքորեն կստանձնի երեկվա միակ ընդդիմադիր պատգամավորըՙ Մանուկ Գասպարյանը։ Վերջինս համամիտ չէ ԱՄ-ի եւ «Արդարություն» դաշինքի մարտավարությանըՙ չմասնակցել ԱԺ նիստերին։ Գասպարյանն, իր խոսքերով, չի հասկանումՙ նրանք չեն գալիս խորհրդարան եւ հարցեր ուղղում կառավարությանն այն դեպքում, երբ ժողովուրդն է նրանց պատվիրակել խորհրդարան։ Մ. Գասպարյանի գնահատմամբ, ընդդիմությունը խռոված է, միայն չի հասկանումՙ ումի՞ց եւ ինչո՞ւ։
Ինչեւէ, վարչապետը նիստից հետո լրագրողներին ասաց, թե, դատելով ծրագրի քննարկման ընթացքից, իրենց վստահության առումով բարդություններ չեն ծագի։ Վարչապետը չի սխալվում։ Որովհետեւ այսպիսի խորհրդարանում հնարավոր է 99,9 տոկոս դրական արդյունք, ինչպես կար կոմունիստական իշխանության տարիներին։ Կեցցե՜ խորհրդարանը...
Ի դեպ, քվեարկություն չկայացավ։ Ըստ սահմանադրության, եթե մեկ օրվա ընթացքում կառավարության անվստահության նախաձեռնություն խորհրդարանում չձեռնարկվի, գործադրի ծրագիրը համարվում է ընդունված։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ