«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#114, 2003-06-18 | #115, 2003-06-19 | #116, 2003-06-20


ԽՈՐԱՆԱՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Վերջին տասը-տասնհինգ օրում ոչ միայն Դարուփոսին, այլեւ Վրափոսին, Չարուփոսին, Չինափոսին, ընդհանրապես ողջ աշխարհին անչափ հետաքրքրում էր Դարուփոսի մշակույթի պատասխանատուի հարցը։ Ի վերջո, դա էլ լուծվեց։ Ինչպե՞ս։

ԴԱԳԱԾ-ի (Դարուփոսի գաղտնի ծառայության) գործակալները վերջերս հասարակության ուշադրությանը ներկայացրին գաղտնազերծված մի զրույց, որը պարզաբանում է տիկին Սոմայի մշակույթի պետ դառնալու գործընթացը։

«Կարգին Դարուփոս» կուսակցության առաջնորդ Արութին Ասպարիչն իր մոտ է կանչում իր տեղակալ Սոմային եւ ասում.

¬ Չքնաղ տիկին, Դուք, որ ամենաբարձր վարկանիշն ունեք այսօր Դարուփոսի ողջ կանանց շրջանում, Դուք, որ ուղղակի հեղափոխություն եք արել մաթեմատիկական հաշվիչ մեքենաների աշխարհում, այսինքնՙ մշակույթի գիտակ եք, պետք է տեր կանգնեք Դարուփոսի մշակույթին։

Տիկին Սոման, որ միշտ փայլել է իր համեստությամբ ու խոնարհությամբ, հեզորեն ասել է.

¬ Արութին Ասպարիչ, ես կուսակցության զինվորն եմ, իմ ամբողջ գործունեությունը Ձեր աչքի առաջ է։ Եթե Դուք գտնում եք, որ ես կարող եմ արդարացնել իմ լավագույնը, եթե Դուք ինձ վստահում եք, Ձեր որոշելու խնդիրն է։

Ահա, հենց այս ժամանակ էլ ողջ մարդկության մշակութային մասը (ինչպես նաեւՙ անմշակը) արձանագրեց. «Կարգին Դարուփոս» կուսակցության ամենահանճարեղ որոշումն էր այս։ Այսինքնՙ որ Դարուփոսի մշակույթի պատասխանատուն կին պետք է լինի, որպեսզի շառից, փորձանքից հեռու մնանք։

Քանի որ տիկին Սոման անչափ բարձր վարկանիշ ունի եւ իր մաքուր կերպարով հազարավոր ձայներ է բերել կուսակցությանը, քանի որ ինքը միշտ հպարտացել է իր անցած ճանապարհով (չանցած ճանապարհով չի հպարտացել), քանի որ մանկավարժի ընտանիքի դուստր է, որոշեց նվաճել իր համար այս նոր ոլորտը եւս։

Տիկին Սոման հզոր է իր անալիտիկ մտածողությամբ, իրավիճակում կողմնորոշվում է, «Կարգին Դարուփոս» կուսակցության ֆիրմա իմիջն է ձեւավորել... Չափանիշ է, էլի։ Իսկ եթե ինքն ինչ-որ մշակույթի ոլորտի որեւէ հարց չգիտի, դե, կներեք... Ինքը գյուղի կանանց հետ, կալոշները հագած, դաշտում նստել, քարոզարշավ է անցկացրել (դա նախադեպը չունեցող երեւույթ է)։ Ի վերջո, ինքն աշխատել է հավերժական շարժիչի պես։ Ինքը ֆիզիկապես չի ապրում, իր հոգին միշտ հարուստ է եղել։

«Դարուփոս աշխարհի» գեղեցկատես Կիման տիկին Սոմային ամոթխածորեն հարցրեց.

¬ Դուք Ձեր վերջին հանդիպման ժամանակ շեշտեցիք «ազգայինն առաջ բերելու» հարցը։ Խոսքը կոնկրետ ինչի՞ մասին է։

¬ Ասեմ, ջանս, ասեմ,¬ ասաց տիկին Սոման։¬ Մենք ասում ենք, չէ՞, աջակցել, խթանել ժողովրդական ստեղծագործության զարգացմանը։ Ինչպե՞ս ենք աջակցում։ Մենք ոչ թե ռաբիս երաժշտության մակարդակի մասին ենք խոսում, այլ պրոֆեսիոնալ հայ մշակույթի մասին ենք խոսում, չէ՞։ Մենք մեր ազգայինից, իրոք, շատ ենք հեռացել։ Ազգային տարազների խնդիրը կա, արդյո՞ք այսօր այն կարեւորվում ու արժեւորվում է։ Այսօրվա է, հրամայական է։ Կամՙ մեր ազգային խոհանոցը, չէ՞։ Վրափոսից հյուրեր կային, ասում էինՙ մենք ուզում ենք գնանք ոչ թե ուտելու համար, այլ գնանք ծանոթանանք ձեր խոհանոցին... Ընդհանրապես մեր ամբողջ ազգային նկարագիրը հայրենական գինիների պատմության մեջ կա, ով, որտեղ, ինչ գինի է խմել, շատ հետաքրքիր բաներ կա, էլի։ Ես, ճիշտն ասած, ուրախ եմ, որ վերջապես առիթ պիտի ունենամ խորանալու մեր ազգային էության մեջ։

Իսկ քանի որ Արութին Ասպարիչը գտնում է, որ Դարուփոսի մշակույթը, այս համակարգը կնոջ կայացման համար, սկզբի համար շատ բարի է, ապա որպես օրենսդիր պատրաստի կադր լինելով հանդերձ, չիմանալով ինչը որտեղ է կորցրել եւ ինչը որտեղ գտել, համաձայնվեց այս ինքնազոհությանը, որը Ճապոնափոսում խարակիրի են ասում։

Առաջին գործը եղավ իր աշխատակիցների հետ ծանոթանալը։ Տիկին Սոման գնաց նոր գործատեղ, մեծ արագությամբ ներկայացրեց իր մտորումները դարուփոսյան մշակույթի մասին, այսօրվա հրամայականներից ելնելով մարդկանց դրեց հունի մեջ։ Ճանաչողական մեծ նշանակություն ուներ այս հանդիպումը, որովհետեւ մշակութաբաններն ու մշակութագետները հասկացան, որ եկածը նորմալ մարդ է։ Այսինքնՙ մանրամասնվեց մարդկային գործոնը։ Հանդիպման վերջում տիկին Սոման արագ, շատ արագ (նա խնայում է իր եւ ուրիշների ժամանակը ու շատ արագ է խոսում) ասաց.

¬ Քարոզարշավի ընթացքում ես եղել եմ Դարուփոսի ամենահեռավոր թաղերումՙ հարավային հարավից մինչեւ հյուսիսային հյուսիս։ Ինձ համար ցավալի է, որ Դարուփոսում երիտասարդություն չի մնացել, հոգեւոր մշակութային կյանք չկա, մշակույթի, կենցաղի տները (այսինքնՙ կոշկակարանոցները, ժամացույցի եւ հեռուստացույցի վերանորոգման կետերը, կարի արհեստանոցները-Ս. Գ.) քանդված են։ Շատ-շատերը Դարուփոսի հարավ ասելովՙ թուզ են հասկանում։ Եվ հավատացնում եմ ձեզ, որ հարավն ինձ համար եղել է հենման կետ, եւ եթե ես երբեւիցե հայտնվեմ ԴԱԺՈ¬ում, պետք է ամեն ինչ անեմ, որ, ա՜յ, այդ սոցիալական խնդիրները լուծվեն։

Տիկին Սոման մի բան ասաց, որ խեղճ դարուփոսցիներս չհասկացանք։ Ահա. «Տեսեք, մենք հիմա երկու ծայրահեղության մեջ ենքՙ էստեղ կա խորհրդային իրականություն ու էստեղ շատ ագրեսիվ, արագ տեմպով եկած Եվրախորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլն, եւ այլն։ Էս երկու ալիքները պետք է կասեցնել, միջին հավասարակշռվածը գտնել»։ Դե արի ու հասկացիր։

Բոլոր դարուփոսցիները գիտեին, որ ՅՈՒՆԵՍԿՕ¬ն ՄԱԿ¬ի մշակութային ամենահզոր կազմակերպությունն է եւ Դարուփոսի համար շատ բան է արել նաեւ Չարուփոսի ժամանակներում։

Ի դեպ, տիկին Սոման 138 անգամ «ես» ասաց։

Մեր մեծ արտիստներից մեկըՙ Խորեն Բաբկենիչը, մեկնաբանելով Դարուփոսի կառավարության մեջ այս նոր փոփոխությունը, ասաց. «Եթե նշանակել են մեկին, որը մաթեմատիկոս է, ուրեմն համարձակ քայլի են դիմել, ուրեմն ակնկալիքներ ունեն, որ նա համարձակ քայլեր կանի։ Իսկ եթե չանի, ուրեմն հերթական անգամ կտեսնենք, որ սխալվել ենք»։ Դարուփոսի նկարչական թիվ 1 դպրոցի տնօրեն Ռամզես 4-րդին տիկին Սոման շատ է դուր եկել, այնքան է դուր եկել, որ Ռամզես 4-րդն ասում է. «Ինքը մշակույթի զարգացման մասին դրական կարծիք ունի, մշակույթի մասին իր հարցադրումները բավարարել է»։

Ինչպես տեղեկացանք, տիկին Սոման երեկ գնացել էր թատրոն, շնորհավորել եւ ոչ միայն շնորհավորել, այլեւ մնացել մինչեւ ներկայացման ավարտը։ Աննախադեպ երեւույթ մեր մշակույթի պետերի համար (ի դեպ, տիկին Սոման չի հիշում, թե ինչ ներկայացում է եղել)։

Ուրեմն, ամեն ինչ լավ է եւ կարելի է սկսել։ Իսկ սկսելը սկսվում է նոր շենքից, որտեղ տեղափոխվում է Դարուփոսի սույն հիմնարկ-ձեռնարկությունը։ Ճիշտ է, այս տեղափոխության ժամանակ փոքր, անչափ փոքր նշանակություն ունեցող մի օղակի համար տեղ չգտնվեց, եւ Դարուփոսի պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության հարցը մնաց ճանապարհին, բայց ամեն ինչ առջեւում է։ Շուտով շենքից դուրս կմնան նաեւ արխիվները որպես խորհրդային դաջվածք։ Տիկին Սոման համոզված է, որ ամեն ինչ լավ կանի, որովհետեւ պետության հետ, կուսակցության հետ, քաղաքական համաձայնության դաշինքի հետ գործ ունեցողը եւ մրցման դուրս եկողը մինչեւ վերջ պիտի գնա։

Ինչպես ասում է Դարուփոսի մարզաբան Աշոտը, մարաթոնյան վազքը սկսված է։ Իսկ մարաթոնյան մրցատարածքը 42 կմ 195 մ է, որը կարելի է անցնել 4 տարում։ Տիկին Սոման ինքն իրեն հարգում է եւ կեսից դուրս չի գա։

Հաղորդագրությունը Դարուփոսից ստացավ եւ հրապարակեց ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4