Խորեն Հովհաննիսյանի անվան ռմբարկուների խորհրդանշական «100-ի ակումբին» վերջին անգամ անդրադարձել ենք անցյալ մրցաշրջանի ավարտին։ Ֆուտբոլի ՀՀ գավաթի 2003 թ. խաղարկությունը եւ առաջնության առաջին շրջանի հանդիպումները զգալի փոփոխություններ մտցրեցին ակումբի անդամների եւ թեկնածուների ցուցանիշներում։ Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ընթացիկ մրցաշրջանում ակումբը նոր համալրման է սպասում։ Ռմբարկուների պատվավոր ընտանիքի անդամ դառնալու իրական հնարավորություններ ունեն «Բանանցի» 23-ամյա հարձակվող Արա Հակոբյանը եւ «Միկայի» ռմբարկու, 28-ամյա Արամ Ոսկանյանը։ Երկուսն էլ առայժմ շատ հաջող են սկսել մրցաշրջանըՙ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ։ Ոսկանյանը գավաթի եւ առաջնության հանդիպումներում խփել է 14 գնդակ, Հակոբյանըՙ 10 գոլ։ Եթե հետագայում էլ նրանք պահպանեն իրենց նշանառությունը, ապա կընդգրկվեն ակումբի շարքերում։ Իհարկե, Արա Հակոբյանի գործն ավելի դյուրին է. բաղձալի բարձունքը հաղթահարելու համար նրան մնացել է խփել ընդամենը 6 գոլ, մինչդեռ Արամին անհրաժեշտ է 11 անգամ գրավել մրցակիցների դարպասները։ Սակայն հարկ է հաշվի առնել, որ երկուսն էլ իրենց թիմերի 11 մ հարվածների հիմնական իրացնողներն են, ուստի, կարծում ենք, Ոսկանյանն էլ այս տարի կիրականացնի իր երազանքը։
Ներկայումս ակումբի թեկնածուների ցանկում առաջինը Մկրտիչ Հովհաննիսյանն է, սակայն նա հայտավորված չէ բարձրագույն խմբի որեւէ թիմում։ Ակումբի անդամ դառնալու լավ հնարավորություն ուներ Մհեր Ավանեսյանը, որը «Զվարթնոցի» լուծարումից հետո տեղափոխվել էր «Արցախ», սակայն, ցավոք, վերջինս չմասնակցեց առաջնությանը։ Նրա նախկին խաղընկեր 32-ամյա Սարգիս Նազարյանն էլ լավ հնարավորություններ է պահպանում ընդգրկվելու ակումբում։ Ճիշտ է, Սարգիսն առայժմ «Կոտայքում» ընդամենը 2 գոլ է խփել (մեկականՙ գավաթի մրցաշարում եւ առաջնությունում)։ Երկար տարիներ ակումբի թեկնածուների թվում գտնվող Արմեն Շահգելդյանի ֆուտբոլային հետագա ճակատագիրն առայժմ անորոշ է։ Միեւնույն ժամանակ, տարեցտարի իր ցուցանիշները բարելավում է 24-ամյա Արամ Հակոբյանը։ Անկասկած, առաջիկա տարիներին նա կհամալրի ակումբի շարքերը։
Ակումբի 10 անդամներից ընթացիկ առաջնությանը մասնակցում է միայն Արթուր Քոչարյանը, որը ճակատագրի քմահաճույքով վերջին տարիներին անընդհատ փոխում է իր «բնակության վայրը»։ Այս տարի Արթուրն իր նորամուտը նշեց «Կոտայքում»։ Առաջին շրջանից հետո նա 4 գոլով թիմի ռմբարկուն է, ինչը հնարավորություն ընձեռեց նրան ակումբի ցանկում զբաղեցնելու 9-րդ հորիզոնականը։ Շվեյցարիայում հանդես եկող Արթուր Պետրոսյանն իր գոլերի թիվն ավելացրեց հավաքականի կազմում խփած 2 գնդակով։ Եթե Արթուրը չմեկներ Հայաստանից, ապա այսօր կգլխավորեր «100-ի ակումբը»։ Վերջին տարիներին հաճախակի լեգեոների կարգավիճակում հայտնված Տիգրան Եսայանի ֆուտբոլային հետագա ճակատագիրն առայժմ անորոշ է։ Տիգրանն էլ «Արարատի» հետ հայտնվել է «խաղից դուրս» վիճակում։ Բացառված չէ, որ առաջնության 3-րդ շրջանից, երբ կթույլատրվեն վերահայտավորումները, Տիգրանը հանդես գա առաջնության մասնակից որեւէ թիմում։ Այդ դեպքում, կարծում ենք, Եսայանը կարող է տեղ զբաղեցնել ռմբարկուների լավագույն եռյակում։
«100-ի ակումբ»
Անդամները | Ա | Գ | Ս | Ե | Հ | ԱՊՀ | Ընդ. |
1. Արսեն Ավետիսյան | 150 | 23 | - | 3 | 1 | 5 | 182 |
2. Արթուր Պետրոսյան | 125 | 15 | 1 | - | 11 | 2 | 154 |
3. Գեղամ Հովհաննիսյան | 111 | 32 | - | 1 | - | 1 | 145 |
4. Տիգրան Եսայան | 119 | 14 | - | - | 4 | 1 | 138 |
5. Արման Քարամյան | 100 | 18 | - | 3 | 2 | 1 | 124 |
6. Վահե Յաղմուրյան | 104 | 18 | - | - | - | - | 122 |
7. Սամվել Նիկոլյան | 86 | 24 | 1 | 1 | - | - | 112 |
8. Վարազդատ Ավետիսյան | 83 | 19 | 1 | - | 1 | 2 | 106 |
9. Արթուր Քոչարյան | 85 | 16 | - | - | 4 | - | 105 |
10. Շիրակ Սառիկյան | 96 | 3 | - | 1 | - | 1 | 101 |
Թեկնածուները
1. Մկրտիչ Հովհաննիսյան | 87 | 9 | - | - | - | - | 96 |
2. Արա Հակոբյան | 74 | 12 | - | - | 6 | 2 | 94 |
3. Մհեր Ավանեսյան | 80 | 9 | 1 | 1 | - | - | 91 |
4. Արամ Ոսկանյան | 72 | 15 | 1 | - | 1 | - | 89 |
5. Արմեն Շահգելդյան | 67 | 14 | 1 | 1 | 5 | - | 88 |
6. Սարգիս Նազարյան | 63 | 17 | - | 1 | - | - | 81 |
7. Հայկ Հակոբյան | 54 | 10 | - | - | 2 | 3 | 69 |
8. Արամ Հակոբյան | 50 | 15 | - | - | 2 | - | 67 |
9. Կարեն Բարսեղյան | 49 | 11 | - | - | 4 | - | 64 |
10. Արարատ Հարությունյան | 47 | 8 | - | 5 | 2 | 1 | 63 |
11. Հայկ Հարությունյան | 52 | 9 | - | - | 1 | 1 | 63 |