ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում շարունակվում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիր շրջանակներում, անցկացվող «Համատեղ լավագույն ջանք 2003թ» զորավարժությունները։ Այս օրերին, ՆԱՏՕ-ի անդամ 8 եւ գործընկեր 11 պետություններից Երեւան ժամանած 400 զինվորներ, ուսումնական վարժանքներ են անցկացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տարածքում։
Ի թիվս Կանադայի, Ավստրիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իտալիայի եւ այլ երկրների, առաջին անգամ զորավարժություններին մասնակցում է նաեւ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումը։
Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի մարտական ղեկավարման խմբի շտաբի ղեկավար, գնդապետ Ստանիսլավ Շեւչենկոյի խոսքերով, իրենք ընդունել են զորավարժությունների ղեկավարների առաջարկը, որովհետեւՙ «Զորավարժությունների նպատակը խաղաղարար գործողություններն են եւ ցանկացած ժամանակ կարող են նման գործողություններ իրականացնել ինչպես Հայաստանի, Ռուսաստանի, այնպես էլՙ այլ երկրների ներկայացուցիչներ»։ Գնդապետ Շեւչենկոն տեղեկացրեց, որ զորավարժություններին մասնակցում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինված ուժերի 10 հոգուց բաղկացած մոտոհրաձգային ստորաբաժանումը։ Նա կարծիք հայտնեց, որ այս զորավարժությունները կբերեն ընդհանուր մոտեցման։
Ի դեպ, զորավարժություններին մասնակցում է նաեւ Թուրքիայի երեք ներկայացուցիչ։
Նշենք, որ զորավարժությունների վաղվա ծրագրով նախատեսված է միջոցառումՙ կապված տարբեր խնդիրների վերաբերյալ հրահանգներ տալու հետ։ Դրանք, մասնավորապես առնչվում են պահակային ուղեկցմանը, անցակետերում տարվող աշխատանքներին, պարեկությանը, դիպուկահարից պաշտպանվելուն։ Հունիսի 20-ին զորավարժություններին հետեւելու հնարավորություն կտրվի նաեւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Հայաստանում առաջին անգամ անցկացվող զորավարժությունները կեզրափակվեն հունիսի 27-ին։