ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երկու «նորաստեղծ» երկրներիՙ «Լեռնակերտի» եւ «Սարաստանի» միջեւ տեղի են ունենում սահմանային ընդհարումներ օգտակար հանածոների պատճառով. նման սցենարով են ծավալվում Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք - 2003» («ՀԼՋ - 2003») զորավարժությունները։ Ըստ սցենարի, ծանր մարտերի ընթացքում կանոնավոր եւ անկանոն զինված խմբավորումների կողմից տեղ են գտնում մարդու իրավունքների ոտնահարման եւ պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, աճում են հանցավորությունը եւ մաքսանենգությունը։ ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո ՆԱՏՕ-ին հանձնարարվում է համաձայնագրի ռազմական խնդիրների իրականացումը։
Հունիսի 20-ին լրագրողներին ներկայացնելով «ՀԼՋ - 2003»-ի սցենարը, զորավարժությունների համանախագահողներՙ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ Մեթին Քաբաքը եւ ՀՀ պաշտպանության փոխնախարարի օգնական, գնդապետ Մուրադ Իսախանյանը (ծագումով Լեռնային Ղարաբաղից) նշեցին, որ զորավարժությունների նպատակն է կատարելագործել ռազմական փոխգործակցությունը փոքր ստորաբաժանումների մակարդակով եւ զարգացնել խաղաղապահ գործողությունների հմտությունները։
«ՀԼՋ - 2003»-ը անցկացվում է երեք փուլով։ Առաջին փուլի ընթացքում տարբեր ազգերի զինծառայողներից ձեւավորվել է առանձին ջոկերից բաղկացած գումարտակ, մասնակիցները ծանոթացել են անհատական հանձնարարություններին, ինչպես նաեւ տարբեր երկրների զենքին եւ սպառազինություններին։ Երկրորդ փուլը, որին մասամբ ականատես եղան լրագրողները, կազմված է խաղաղապահ գործողությունների համար նախատեսված ՆԱՏՕ-ի ստանդարտ վարժություններից։ Երրորդ փուլի ընթացքում մասնակիցները իրական միջավայրում կօգտագործեն խաղաղապահ գործողությունների եւ հրամանատարական ղեկավարման հմտությունները։
Թեեւ զորավարժության նպատակը ազգային բանակների ներկայացուցիչներին գնահատելը չէ, այնուհանդերձ, ըստ գնդապետ Իսախանյանի, հայ զինծառայողներն իրենց շատ լավ են դրսեւորել։ Առաջին փուլի ընթացքում կայացած 16-կիլոմետրանոց մրցավազքում առաջին տեղը զբաղեցրել է դասակը, որի հրամանատարն է Հայաստանի խաղաղապահ գումարտակի հրամանատար, կապիտան Արտակ Տոնոյանը, իսկ դասակի կազմում են 4 ջոկ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Հայաստանից։ Կրակային պատրաստությունից առաջին տեղն է գրավել Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի մի կադետ։ Գնդ. Իսախանյանը նշեց նաեւ, որ զորավարժությունների կազմակերպիչները շատ բարձր գնահատականի են արժանացրել Հայաստանի կողմից կատարված նախապատրաստական աշխատանքները։
Պատասխանելով լրագրողների հարցերին, համանախագահները նշեցին, որ զորավարժությունների սցենարը գրված չէ հատուկ Հայաստանի համար եւ իրական կյանքի հետ որեւէ կապ չունի։ Թուրք եւ հայ զինծառայողների համատեղ մասնակցությունը զորավարժություններին որեւէ խնդիր չի առաջացրել։ Ինչպես նշեց գնդապետ Իսախանյանը, զորավարժությունների ծրագրման փուլում թուրք գործընկերների հետ հայ սպաների «շփման մակարդակը շատ բարձր է եղել»։ Ինչ վերաբերում է «ՀԼՋ - 2003»-ի համանախագահներին, ապա, ըստ գնդ. Իսախանյանի, նրանց ընտրությունը պատահական չէ, սակայն որեւէ կապ չունի վերջիններիս ազգության հետ։ Գնդապետ Քաբաքը, լինելով ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության զորավարժությունների վարչության պետը, ի պաշտոնե պատասխանատու է դրանց անցկացման համար։ Հայկական կողմից զորավարժությունների անցկացման, նախապատրաստման եւ կոորդինացման համար պատասխանատու է պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Արթուր Աղաբեկյանը, որի օգնականն է գնդապետ Իսախանյանը։
Մուրադ Իսախանյանը նշեց, որ հրավերի դեպքում Հայաստանը անպայման կմասնակցի հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին։ Ինչ վերաբերում է Հայաստանում անցկացվող զորավարժություններին Ադրբեջանի ներկայացուցիչների բացակայությանը, ապա, ըստ գնդապետ Քաբաքի, հրավիրվել են ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերները, որոնցից յուրաքանչյուրը ինքն է որոշում կայացրել մասնակցության մասին։