«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2003-06-19 | #116, 2003-06-20 | #117, 2003-06-21


ԹՈՒՐՔԵՐԻ 83 ՏՈԿՈՍԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՄՆ-ԻՆ

Իսկ 71 տոկոսը նրան համարում է լուրջ սպառնալիք

Որքան Մ. Նահանգների արտաքին քաղաքականության մեջ պետքարտուղարության նկատմամբ աճում է Պենտագոնի կշիռը, եւ դա հետզհետե ագրեսիվ բնույթ է ստանում, այնքան իջնում է այդ պետության միջազգային վարկանիշը։ Ընդ որում այն երկրներում, որոնք ԱՄՆ¬ի ավանդական դաշնակցի համարում ունեն։ Խոսքը տվյալ դեպքում Կանադայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Ինդոնեզիայի, Հորդանանի եւ արաբական մյուս երկրների մասին է։

«Ազգը» նախանցյալ համարում տեղեկացրեց, որ վերջին 2 ամիսներին աշխարհի 11 երկրներում BBC-ի պատվերով անցկացված հարցման մասնակիցների 57 տոկոսը բացասական վերաբերմունք է արտահայտել Ջորջ Բուշին։ Բացառությամբ իսրայելցիների եւ ավստրալացիների, 9 երկրների բնակիչները ընդգծել են, որ վախենում են ԱՄՆ-ից։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնի հակաահաբեկչական պատերազմին եւ մերձավորարեւելյան քաղաքականությանը, ապա դա արժանացել է միայն Ավստրալիայի, Իսրայելի եւ Մեծ Բրիտանիայի հավանությանը։

Թուրքական «Զաման» թերթն էլ հունիսի 5-ի համարում տեղեկացնում է ԱՄՆ սոցիոլոգիական ուսումնասիրության կենտրոններից Pew-ի Թուրքիայում անցկացրած հարցումների մասին։ Ի դեպ, այս կենտրոնը գլխավորում է երկրի նախորդ նախագահ Բիլ Քլինթոնի պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ Հարցման արդյունքներով թուրքերի 83 տոկոսը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ին, իսկ 71-ը համոզված է, որ ԱՄՆ-ը ռազմական սպառնալիք է Թուրքիայի համար։

Եթե հարցման արդյունքներին մոտենանք այլ տեսանկյունից, ապա կստացվի, որ Թուրքիայում ԱՄՆ-ին դրական է վերաբերվում բնակչության ընդամենը 12 տոկոսը։ Այս ցուցանիշն անցյալ տարի եղել է 30, իսկ 2000 թ.ՙ 52 տոկոս։ Ինչո՞վ բացատրել 3 տարվա կարճ ժամանակահատվածում Թուրքիայում ԱՄՆ-ի հեղինակության կտրուկ անկումը։ Այդ հարցի առնչությամբ «Զամանը» դիմում է նախկին դեսպան Շուքրյու Էլեքդաղին եւ Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Մութ Օզդաղին։

Էլեքդաղը կասկածի տակ է դրել հարցման արդյունքները, ընդգծելով, որ դրանք իրականությունը չեն արտացոլում։ Նա դա բացատրել է հակաիրաքյան պատերազմի ավարտին ԱՄՆ-ի շուրջ ձեւավորված բացասական հասարակական կարծիքի ազդեցությամբ։ Մինչդեռ Օզդաղը միանգամայն բնական է համարել, ավելացնելով. «Մ. նահանգներին չհաջողվեց ցույց տալ հակաիրաքյան պատերազմի օրինականությունը։ Այդ իսկ պատճառով Թուրքիայում առաջին անգամ այս աստիճանի հակաամերիկյան տրամադրություններ առաջացան։ Մարդիկ վախենում են, իսկ դա խթանում է նրանց հակազդեցությունը»։

Հարցումներն անցկացվել են ս. թ. մայիսի 2¬8-ինՙ 1005 հոգու մասնակցությամբ։

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4