Հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խորհրդականը
ԲԱՔՈՒ, 20 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խորհրդական Ուղուր Զիյալը Վաշինգտոնում հայտարարել է, որ սոսկ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար է իր ներկայացրած երկիրը շարունակում Հայաստանի հետ երկխոսությունը։ Նա ընդգծել է նաեւ, որ Թուրքիա-Հայաստան երկխոսությանը կարող է միանալ եւ Ադրբեջանը։ Ինչպես գրում է Բաքվի «Զերկալո» թերթը, հունիսի 9-10-ը Ստամբուլում Թուրքիայի ԱԳՆ-ին առընթեր ռազմավարական հետազոտությունների կենտրոնը անցկացրել է միջազգային համաժողովՙ «Հակամարտությունները Հարավային Կովկասում եւ դրանց լուծման ուղիները» թեմայով։ Այդ համաժողովում ելույթի համար հրավիրվել է նաեւ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը։ Թերթի կարծիքով, կայացած միջոցառումը եւս մի անգամ ապացուցում է Արեւմուտքի մտադրությունըՙ Թուրքիան այդ բնագավառում վերածել երկխոսության էպիկենտրոնի։ Թերթի տվյալներով, Թուրքիայի քաղաքական վերնախավը բացասաբար չի վերաբերվում այդ դերի հատկացմանն իրեն։ Ամեն դեպքում, այս իրադարձությունների հենքին եզրակացնում է, որ բարձրաստիճան թուրք դիվանագետները պաշտպանում են համակարգված հարաբերությունները Հայաստանի արեւմտամետ քաղաքական դեմքերի հետ։