«Հիմքեր ունենք չվստահելու նոր ձեւավորված կառավարությանը, որովհետեւ որպես կառավարության գործունեության ծրագրի ուղենիշներ նշվում են արժեքներ, որոնք հետեւողականորեն ոտնահարվում են», երեկ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը։ «Արդարություն» դաշինքի լիդերների համոզմամբ, կառավարության ծրագիրն արտահայտում է վերացական մտքեր, բարի ցանկությունների ծրագիր է եւ կոնկրետ չի ուրվագծում իրականացնելու հստակ մեխանիզմներ։ Շավարշ Քոչարյանն այն հակասահմանադրական անվանեց։ Պրն Քոչարյանի խոսքով, կոալիցիոն կառավարության ծրագրում որեւէ հիշատակում չկա երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ, այդ թվումՙ նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման։ Ըստ բանախոսի, գործադիր իշխանությունն ունի որոշակի գործառույթներ, որոնք պարտավոր է հրապարակային ծրագրով ներկայացնել։ Չանելու դեպքում այդ գործառույթները փաստորեն դառնում են ստվերային։
Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց իր դիտարկումները տնտեսագետի տեսանկյունից. չեն նշվել տնտեսության զարգացման գերակա ոլորտները։
Այնուամենայնիվ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ կառավարության ծրագիրն ունի նաեւ դրական կողմ։ Նշված մի տողով կա խոստովանություն, որ առ այսօր պետական կառավարման համակարգն անազնիվ էր, «կստեղծվի ազնիվ եւ արդյունավետ գործող պետական կառավարման համակարգ...»։
Ալբերտ Բազեյանն ավելորդ չհամարեց եւս մեկ անգամ ներկայացնել դիրքորոշում անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալՙ նախագահին անվանելով ոչ լեգիտիմ, խորհրդարանըՙ անօրինական։ Որպես քաղաքական խնդիր նշեց, որ «գործող ռեժիմը պիտի հեռանա»։ Օրենսդրական առումով «Արդարություն» դաշինքն անհրաժեշտ է համարում առկա օրենքների համապատասխանեցումը հիմնական օրենքին։ Այս խնդիրը դաշինքի 12 հոգանոց խմբակցությունը պատրաստվում է իրականացնել հասարակության աջակցությամբ։ Մի խոսքով, դաշինքի կոնկրետ քայլերը, ըստ Բազեյանի, կլինեն աշնանը։ Իսկ առայժմ ստանձնել են դիտորդի կարգավիճակ եւ սպասում են, թե ինչպես կոալիցիոն կառավարությունը պետք է կյանքի կոչի հասարակությանը տված խոստումները, մանավանդ նշվում է «Օրինաց երկրի» պարագանՙ հաշվի առնելով կուսակցության ծրագրում սոցիալական բնույթի խոստումների առկայությունը։
«Արդարություն» դաշինքը ճիշտ է համարում, որ բոյկոտել է ԱԺ արարողակարգային նիստերը եւ չի մասնակցել նաեւ ԱԺ նախագահի ընտրություններին։ Ըստ Գրիգոր Հարությունյանի, քվեարկությունն անցավ բաց մի պարզ պատճառով. չկա վստահություն։ Այնուամենայնիվ, իրենց մասնակցությունը չէր փոխի իրավիճակը, քանի որ ամեն ինչ նախապես էր կանխորոշված, եւ «Արդարությունը» որեւէ բան փոխել չէր կարող։ Ինչեւէ, մնում է սպասել մինչեւ սեպտեմբերՙ տեսնելու որքանով է դաշինքն արդարացնում իր ընտրազանգվածի հույսերը, մանավանդ որ գոնե ԱԺ նախագահի ընտրությունների պարագայում կա խոստովանություն. ամեն ինչ կանխորոշված էր, եւ «Արդարությունը» որեւէ բան փոխել չէր կարող։
Մ. Հ.