«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2003-06-19 | #116, 2003-06-20 | #117, 2003-06-21


ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ԷԱԿԱՆ

ՍԴ-ում պնդում են ընտրական հանձնաժողովները

Երեկ Սահմանադրական դատարանը մեկօրյա ընդմիջումից հետո շարունակեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված դիմումների քննարկումը։ Մասնավորապես, դատարանի երեկվա նիստում քննվեց թիվ 3 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի դիմումը։

Այս ընտրատարածքում, ըստ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների, հաղթող է ճանաչվել Ռաֆիկ Պետրոսյանըՙ ստանալով մոտ 5 հազար ձայն։ Ղուկաս Ուլիխանյանը զբաղեցրել է երրորդ տեղըՙ ստանալով մոտ 2 հազար 600 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցնող Աշոտ Օսիպյանը, ստանալով մոտ 3 հազար ձայն, չի միացել Սահմանադրական դատարան դիմող Ղուկաս Ուլիխանյանին։

Այս էլ որերորդ դիմումատուին Սահմանադրական դատարանում ներկայացնում էր Արտակ Զեյնալյանը։ Ըստ վերջինիս, թիվ 3 ընտրատարածքում, ինչպես եւ բողոքարկվող մյուս ընտրատարածքներում, եղել են բազմաթիվ խախտումներ։ Սակայն թիվ 3 ընտրատարածքին յուրահատուկ պատահել է այն, որ ընտրատարածքի 8 տեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովները չեն ամփոփել ընտրությունների արդյունքները։ Դրա փոխարեն քվեաթերթիկների չզմռսված պարկերն ուղարկվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ եւ ամփոփվել են ընտրությունների արդյունքները։

Նույն նշված 8 ընտրատեղամասերում հանձնաժողովների կազմած ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները ստորագրել են հանձնաժողովների 9 անդամների փոխարեն միայն չորսը կամ հինգը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում, ըստ դիմումատուի, նման իրավիճակի պատճառ են ճնշումները։

Դատարանում ներկայացվեց նաեւ, որ թիվ 3 ընտրատարածքում խիստ մեծ տարբերություններ են ի հայտ եկել նախնական եւ վերջնական ամփոփիչ վերջնական արձանագրություններում նշված անճշտությունների չափերի առումով։ Ինչպես նաեւ տարբեր են մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով ԱԺ ընտրություններին, նաեւ հանրաքվեին ընտրողների մասնակցության արձանագրված թվերը։

Այս ընտրատարածքում դիմումատուի վստահված անձինք ներկայացրել են բազմաթիվ դիմում-բողոքներ ընտրատեղամասերում ստուգումներ կատարելու պահանջով։ Ստուգումներ անցկացվել են միայն 4 ընտրատեղամասերում։

Թիվ 3-ի տեղամասերից մեկում նաեւ գրանցվել է ծեծկռտուքի դեպք, որի կապակցությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ վեճը կասեցվել է։ Ընդ որում, անհասկանալի է մնացել, թե ով ում հետ եւ ինչու է վիճում։

Պատասխանող կողմ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը փորձում էր բացատրել դիմումատուի նշած հանգամանքների բնույթը, ընդունելով, որ, օրինակ, ծեծկռտուքի դեպքը տեղի ունեցել է, բայց չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Սահմանադրական դատարանի նախագահը նշեց, որ նախնական արդյունքները հիմք չեն կարող լինել դատարանի համար, ուստի պետք է ներկայացնել փաստարկներ, որոնք կապված են միայն ընտրությունների վերջնական արդյունքների հետ։

Ինչեւէ, դատարանը կողմերին լսելուց հետո որոշեց, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ են նոր փաստաթղթեր, ուստի նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 28-ը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4