«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2003-06-19 | #116, 2003-06-20 | #117, 2003-06-21


ԶԻՆՎԵՔ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ

5 տարի առաջ, 1998 թ. հուլիսի 3-ին ԱԺ-ն հաստատեց զենքի օրենքի նախագիծը։ Կարելի էր կարծել, թե օրենքը հասարակական լայն հնչեղություն կստանա եւ երկար ժամանակ բուռն քննարկումների առարկա կդառնա։ Սակայն մեր հարցումները վկայեցին, որ քչերն են լավատեղյակ օրենքի այն հիմնական դրույթներին, որոնք կոչված են կարգավորելու ինքնապաշտպանական նպատակներով զենք կրողների եւ ինքնապաշտպանական միջոցներից զուրկ քաղաքացիների հարաբերությունները։

Մտքեր եւ տանկեր

Ապրիլ-մայիսին հարցման ենթարկված 107 երեւանցիների 38 տոկոսը պատկերացում անգամ չունի զենքի օրենքի գոյության մասին, 33 տոկոսը համարում է, որ զենք կրելու իրավունքը պետք է պատկանի միմիայն քաղաքացիների անվտանգությունն ապահովող ուժային կառույցների (բանակ, ոստիկանություն, հատուկ ծառայություններ) աշխատակիցներին, 12 տոկոսի կարծիքով այդ իրավունքից պետք է անվերապահորեն օգտվեն նաեւ գործարարները, 11 տոկոսի կարծիքովՙ նաեւ լրագրողները, ըստ 5,5 տոկոսիՙ նաեւ 18 տարին լրացած եւ իրեն խոցելի համարող գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ, 29 տոկոսը ինքնապաշտպանական նպատակներով թույլատրելի է համարում միայն այն զինատեսակների (էլեկտրամահակ, գազային ատրճանակ եւ այլն) կիրառումը, որոնք կարող են ընդամենը վնասազերծել օրինազանցին, բայց չսպառնալ վերջինիս կյանքին ու նրան հաշմանդամ չդարձնել։

Ի դեպ, հարցման ենթարկված երեւանցիների 7 տոկոսը նշել է, որ վատ չէր լինի, եթե իբրեւ բարոյական վնասի փոխհատուցման ձեւ օրինականացվեր մենամարտը։ Սա տպագրական վրիպակ չէ։ Խոսքն իրոք մենամարտի, մարտավկաների ներկայությամբ բավարարում ստանալու եղանակի (սատիսֆակցիայի) վերականգնման մասին է, որը հարգի էր 18¬19-րդ դարերում։ Դա, ըստ այդ նույն 7 տոկոսի, կնպաստեր հանցագործությունների թվի նվազմանը, եւ ավելի քիչ մարդիկ կույր ցասման անմեղ զոհ կդառնային։

Նրանք, ովքեր չեն հասցրել ծանոթանալ զենքի մասին օրենքին, կարծում ենք, դեռ ժամանակ կտրամադրեն այդ օգտակար զբաղմունքին։

Հայաստանի Հանրապետության օրենքը զենքի մասին (քաղվածք)

Հոդված 2. Զենքի տեսակները։ Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների օգտագործման նպատակայնության, ինչպես նաեւ հիմնական չափանիշների եւ բնութագրող հատկանիշների, ստորաբաժանվում է.

ա) քաղաքացիական,

բ) ծառայողական,

գ) մարտական։

Հոդված 3. Քաղաքացիական զենք։ Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաեւ որսորդությամբ եւ սպորտով զբաղվելու համար։ Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը եւ չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ)։

Քաղաքացիական զենքըստորաբաժանվում է.

1. ինքնապաշտպանական,

2. սպորտային,

3. որսորդական,

4. ազդանշանային։

Ինքնապաշտպանական զենքն իր հերթին ստորաբաժանվում է.

ա) ողորկ-երկարափող հրազեն, այդ թվում ՀՀ առողջապահության հանրապետական մարմնի սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

բ) անփող հրազեն. առողջապահության հանրապետական մարմնի սահմանած վնասվածքային, գազային եւ լուսաձայնային ազդեցության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.

գ) գազային զենք. առողջապահության հանրապետական մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում, թմբուկավոր ռեւոլվեր), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային եւ այլ սարքեր.

դ) ՀՀ ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի պահանջներին եւ առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր եւ կայծային պարպիչներ։

Հոդված 13. ՀՀ քաղաքացիների զենք ձեռք բերելու իրավունքը։ Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 18 տարին լրացած քաղաքացին, սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված լիցենզիա տալու լիազորությամբ օժտված ներքին գործերի համապատասխան մարմնից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար լիցենզիա ստանալուց հետո։

Քաղաքացին լիցենզիայի հիման վրա իրավունք ունի ձեռք բերելու անփող հրազեն, գազային ատրճանակներ (այդ թվում թմբուկավոր ռեւոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն ՆԳ (այժմՙ ոստիկանության) համապատասխան մարմնում։ Լիցենզիայում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր։ Լիցենզիան տրվում է հինգ տարի ժամանակով եւ միաժամանակ համարվում է զենք պահելու եւ կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ։

Մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծակնային պարպիչները ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով եւ մինչեւ 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, եւ քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց լիցենզիայի։

«Ահա թե ձեզ ինչ եմ ուզում նախազգուշացնել։ Առաջադրանքը կատարելիս զենք կվերցնեք հեղինակության համար։ Սակայն եւ ոչ մի պարագայում ձեզ չի թույլատրվում այն գործադրել։ Ո՛չ մի պարագայում։ Դուք ինձ հասկացա՞ք»։ (Էռնեստ Հեմինգուեյ)

Նրանց, ովքեր ոչ միայն ծանոթ են զենքի օրենքին, այլեւ մասնագիտության բերումով ունեն զենք կրելու իրավունք եւ գործնականում զգում են դրա անհրաժեշտությունը, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ինքնապաշտպանական միջոցների որոշ տեսակների, այսպես ասած, տեխնիկական բնութագրին, որ փողը «ջուրը չթափեն» եւ ճակատագրական պահին թյուրիմացությունից խուսափեն։

Գազային աերոզոլներ

Ինքնապաշտպանությո՞ւն, թե՞ ինքնախաբեություն

Միանգամից ասենք, որ պետք չէ հալած յուղի տեղ ընդունել գազային աերոզոլների թիթեղյա սրվակների վրա դրված բոլոր գրություններն ու նշանները եւ հավատալ սրվակում զետեղված խտացված գազի ծավալն «արձանագրող» ուռճացված թվերին. հակառակ դեպքում կարելի է կարծել, թե այդ սրվակներից յուրաքանչյուրն ընդունակ է մի քանի տարի անընդմեջ հետ մղելու տարաբնույթ հանցախմբերի հարյուրավոր գրոհները։

Հիշեք. գազային սրվակների վրա անգլերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով նշված Paralitic (կամ Paralyse), Gfhfkbnbrb գրությունը ակնհայտ կեղծիք է։

Լավատեղյակ աղբյուրները ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, որ սերիական արտադրության կաթվածահար անող անհատական օգտագործման գազային սրվակ չկա, չի եղել եւ հավանաբար չի էլ լինի։ Այն, ինչ հորջորջվում է Paralitic, նյարդակաթվածահարող գազ, փոխառված է գաղտնի գործակալների մասին պատմող թրիլլերներից եւ իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Ինքնապաշտպանական նպատակներով անհատական գազային սրվակները լիցքավորված են CS (օրթոքլորբենզոլմոլոնոերկնիտրիտ) կամ CN (քլորացետոֆենոն) կարգի քիմիկատներով։ Ներգործման հետեւանքները. արցունքաբեր էֆեկտ, աչքերի մրմռոց, լուսավախություն, լորձաթաղանթի խանձում։ Ընդհանրապես շուկան շատ հարուստ է տեսականիով։ Գերակշռում են լեհական եւ գերմանական արտադրության գազային սրվակներըՙ խրթին թվերով ու ապրանքային կոդերով, որոնց նշանակությունն առ այսօր ոչ մի մասնագետ ի վիճակի չի եղել վերծանել։ Սրվակներում CS-ի խտացումը 20 տոկոսից չի գերազանցում եւ այդ թվերի հետ բացարձակ կապ չունի։

Սրվակի պիտանիությունը կարելի է որոշել նախ եւ առաջ ձայնի օգնությամբ. նոր եւ սարքին սրվակը թափ տալիս չի կլկլում։ Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել սեղման կոճակին եւ փակին. դրանք անպայման գործարանային զոդվածք պիտի ունենան։

Որոշ սրվակներ նախատեսված են կատաղած շներից պաշտպանվելու համար, ինչի մասին վկայում են սրվակի վրա զետեղված տեքստն ու խորհրդանիշը։ Այդպիսիք միանգամայն արդյունավետ են նաեւ չարագործներին վնասազերծելու համար. քիմիկատների հագեցվածությունը նման սրվակներում սովորական չափաքանակից բարձր է, քանի որ շներն առավել ցավադիմացկուն են։ Եվ հակառակը, խորհուրդ չի տրվում կատաղած շների դեմ կիրառել դրա համար չնախատեսված սովորական գազային աերոզոլներ այն պարզ պատճառով, որ դրանով էլ ավելի կկատաղեցնեք գազազած շներին։

Մի հավատացեք նաեւ այն բանին, թե գազային աերոզոլները հարձակվողի վրա ներգործում են 1,5-3 մետր տարածությունից։ Արդյունքի հասնելու համար պետք է գազն ուղիղ աչքերի մեջ ցայտեցնել ոչ ավելի, քան կես մետր հեռավորությունից։ Ընդ որում CN-ի եւ CS-ի ազդեցությունը վայրկենական չէՙ անհրաժեշտ է 10-40 վայրկյան։ Հարբածի, գերգրգռվածի եւ թմրանյութ ընդունածի վրա աէրոզոլը պարզապես չի ազդում։

Որոշ սրվակներ դժվար մաքրվող ներկ են պարունակում։ Դրա միակ լրացուցիչ արդյունքը զուտ հոգեբանական է. հակառակորդը մի քանի օր ներկված ման կգա, ձեր վրեժի ծարավն արագ հագեցնելով։ Նույնը չի կարելի ասել ներկող գելով աերոզոլների մասին. դրանք սովորական արցունքաբեր ազդեցություն չունեն եւ միայն գունավոր կպչուն փրփուրով են պատում հարձակվողի դեմքը։ Ընդ որում փրփուրն իսկույն չորանում էՙ ներկվածին բազմաթիվ տհաճ զգացողություններ պատճառելով։ Գելի գույնը համապատասխանում է սրվակի գույնին, գինը նույնն է, ինչ արցունքաբեր գազինը։

Ի դեպ, գազային սրվակներն այնքան էլ թանկ չեն։ Որպես կանոն, գինը որակով ու ազդեցությամբ պայմանավորված չէ։ Բոլորն էլ նույն գնի են։ Նկատի ունեցեք, որ գազային աերոզոլների մեծ մասը կեղծված է։ Այնպես որ, գնելուց առաջ պահանջեք որակի սերտիֆիկատ։

Մասնագետների հավաստմամբ, ռուսական «Obn» «Rj,hf» «Crjhgbjy» աերոզոլներն անհամեմատ որակով են։ Դե, Ռուսաստանը զինագործական արվեստի մեծ ավանդույթներ ունի։ Ռուսական աերոզոլներում CS-ի խտությունը, այլ երկրների արտադրանքի համեմատ, 30-40 տոկոսով բարձր է։

Այժմ վաճառվում են նաեւ արցունքաբերությունը չեզոքացնող միջոցներ։ Բայց վնասվելուց հետո անիմաստ է չեզոքացուցիչը փչել աչքերին։ Դրանք չեզոքացնում են միայն փակ տարածքներում կամ մաշկին փչած գազը եւ անփոխարինելի են գազային զենքով զինված թիկնապահների կամ պահակախմբի համար։

ՌՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4