Երկօրյա գիտաժողովի քննարկումներում...
Մեծ Հայքի Արարատ աշխարհի Արագածոտն գավառը Հայաստանի առավել նշանավոր գավառներից է, որ վարչականորեն ձեւավորվել է մ.թ.ա IX դարում եւ տարածվել արեւմուտքում մինչեւ Ախուրյան գետը, հարավումՙ մինչեւ Երասխ, իսկ արեւելքում մինչեւ Հրազդան գետը։ Սկզբում եղել է արքայական, իսկ հետո նախարարական նստավայր, հետեւապես հարուստ է բազմաթիվ պատմական հուշարձաններով։ Մշակութային ու հոգեւոր առումներով Արագածոտնը առանձնահատուկ դեր ունի հայոց պատմության մեջ, որն էլ ծնունդ է տվել բազում ուսումնասիրությունների ու մենագրությունների։
Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատանը, որը հաստատումից ի վեր դարձել է հայագիտական գիտաժողովների յուրօրինակ կենտրոն, Արարատյան հայրապետական թեմի հովանավորությամբ երեկ գումարվեց «Արագածոտն. հոգեւոր եւ մշակութային ժառանգություն» խորագրով երկօրյա գիտաժողովըՙ նվիրված Ս. Էջմիածին մայր տաճարի օծման 1700¬ամյակին։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի եւ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Բագրատ վրդ. Գալստյանի ողջույնի խոսքերից հետո ելույթ ունեցավ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ եպս. Կճոյանը։ Նրա խոսքերով «թեմը ողողված է նշանավոր վանքերով, եկեղեցիներով ու սրբատեղիներովՙ 177 գործող խոնարհված եկեղեցիներ, մատուռներ», որոնք անգնահատելի հարստություններ են, մեր մեսրոպադրոշմ ինքնության արտահայտություններ, արժանի պահպանման ու մեծագույն հոգատարության։
Տարածքի հուշարձանների պահպանման եւ վերականգնման խնդիրների մասին խոսեց ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Գագիկ Գյուրջյանը։ Նշելով, որ այնտեղ հաշվառված ու պետականորեն գրանցված են 1755 հուշարձաններ, որոնց մի մասը վերջին մի քանի տարիներին վերականգնվեց ու ամբողջական տեսքի բերվեց, նա անդրադարձավ առաջիկա ծրագրերինՙ ընդգծելով որոշ հուշարձաններ ՅՈՒՆԵՍԿՕ¬ի ցուցակներում մտցնելու խնդիրը։ Զբոսաշրջության զարգացման համար գործող Երեւան ¬ Ամբերդ երթուղում ընդգրկված են Տեղերի վանքը, Աղցքի հայ արքաների դամբարանը, Ագարակի արգելոցը, Սաղմոսավանքը, Հովհանավանքը եւ այլ արժեքավոր հուշարձաններ։
«Արագածոտնի գավառը հայոց պատմության մեջ» զեկույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Բաբկեն Հարությունյանը համառոտակի ներկայացրեց գավառի պատմական հարուստ անցյալի գլխավոր անցքերըՙ Հայկյաններից մինչեւ Մեծ Հայքի գավառաբաժանում, ապաՙ խորհրդային շրջան։
Այնուհետեւ լսվեցին Արագածոտնի պատմամշակութային ժառանգությունն ամբողջացնող մի շարք ելույթներՙ «Մեսրոպ Թաղիադյանը եւ իր ժամանակը» (զեկ. Մեսրոպ արք. Աշճյան), «Պեղումներ Օշականում» (զեկ.ՙ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի տնօրեն Արամ Քալանթարյան), «Արագածոտնի պատմաճարտարապետական հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացված միջոցառումներ» (զեկ.ՙ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյան) եւ այլն։ Ուշագրավ էր հատկապես Օշականի պեղումների վերաբերյալ ելույթը։ Լինելով Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկը, Օշականը հարուստ է տարբեր դարաշրջանի հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Դիդի-կոնդ բլրի վրա գտնվող ուրարտական ժամանակաշրջանի գողտրիկ դղյակ-ամրոցը, ուր մարդկային բնակության հետքերը նկատելի են վաղ ժամանակներից։ Բլուրը եւ նրա ստորոտները կառուցապատվել են ուշ ուրարտական ժամանակաշրջանումՙ Քրիստոսից առաջ 7¬6-րդ դարերում։ Պեղումները շարունակվում են, եւ նախնական արդյունքներն արդեն իսկ պատկերացում են տալիս, որ ուրարտական մշակույթի եւ ճարտարապետության բարձր զարգացումը տեղական մշակույթի հետ սերտ կապեր ունի։
Այսօր գիտաժողովը կշարունակի աշխատանքները երեք մասնաճյուղերով, որոնցից առաջինում կլսվեն Արագածոտնի պատմական-հոգեւոր նկարագրի, երկրորդումՙ պատմաճարտարապետական հուշարձանների, իսկ երրորդումՙ մշակութային կյանքի վերաբերյալ ելույթներ։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ