«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2003-06-19 | #116, 2003-06-20 | #117, 2003-06-21


ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅԾԵՐ ԿԱՄ ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Կա՞ն արդյոք գայթակղություններին դիմադրելու երաշխիքներ որեւէ մեկի համար, երբ ազատությունն ու մարդու իրավունքն իբր բարձրագույն արժեքներ հռչակելու այս պայմաններում ցանկացած երեւույթ վերոհիշյալ արժեքներից օգտվելու բնական պահանջ է դիտվում։ Կատարյալ փորձանք ու փորձություն դարձած այս ազատություններից շատերը գլուխները կորցրել են։ Մյուս կողմից էլ դրամ աշխատելու տենդն ամենազանազան արկածախնդրությունների է մղումՙ առանց միջոցների մեջ խտրականություն դնելու եւ հետեւանքների մասին մտածելու։ Գա յթակղությունների գունագեղ խայծը կուլ տալու ամենամեծ հավակնությունը պատանիների ու երիտասարդների մեջ է, եւ ծնողներն էլ մշտապես կանգնած են զանազան տագնապների առաջ։

Հիմա էլ «Թելեպլաս» կոչվող այս նոր ծառայությունը պատուհաս դարձավ գլխներիս, որի շուրջ բարձրացած աղմուկը խցկվել է գրեթե բոլոր ընտանիքներից ներս. իրար զանգում ու զգուշացնում են, թե ուշադիր եղեքՙ երեխաները հանկարծ թակարդը չընկնեն։ Բայց ինչպես զգույշ լինես, հեռախոսը տնից դուրս գալուց հետդ տանե՞ս, թե հիմնավոր դաստիարակչական-բացատրական դասախոսություն կարդաս։

(Բացի այդ, մի՞թե միայն երիտասարդներին է հատուկ գայթակղվելը)։ Խորհրդավորը միշտ էլ ձգողականություն ունի, ու շատերը չեն կարողանում զսպել հետաքրքրասիրությունը եւ չհավաքել մոգական թվերը։ Որովհետեւ հեռուստատեսային գովազդները ժամը մեկ, ամենահետաքրքրական ֆիլմերի ցուցադրման ժամանակ ազդարարում են, թե այդ թվերից անդին անչափ գայթակղիչ անակնկալներ են սպասվում յուրաքանչյուրինՙ նոր ծանոթությունների կյանքը փոխելու ակնկալիքներով։ Եվ ինքնամոռացության թմբիրի մեջ ընկնելու ցանկությունը շատերին մոռացության է մատնում վերահաս նյութական տագնապները։ Վաղվա օրվա անորոշությունը փարատելու հույսով գուշակուհիներին ապավինածների համար «Թելեպլասի» մյուս ծառայությունն էլ պակաս գայթակղիչ չէՙ հաշվի առնելով հասարակության մի ստվար մասի տրամադրություններն այս երեւույթի նկատմամբ։ Բերեմ մի երիտասարդ աղջկա օրինակ, երբ գեղեցկադեմ պարուհին (հեռուստատեսային աստղ դարձած), իր կորցրած բջջային հեռախոսը գտնելու հույսով, դիմել է Օղակաձեւ զբոսայգու հատվածներում բնակվող «հայտնի» մի գուշակուհու։ Սա էլ պահանջել է իր մոտ բերել 12-ամյա մի տղայի։ Իբր թե անհայտ հրաշահեղուկը վերջինիս մատնեմատի եղունգին կաթեցնելու միջոցով մտքի պայծառացումների շնորհիվ հայտնաբերելու է կորած իրի տեղըՙ պատկառելի գին պահանջելով։ Թե նման տգիտությունների պայմաններում որքան հաճախորդ կարող է ունենալ «Թելեպլասի» գուշակությունների ծառայությունը, կազմակերպիչներն, անկասկած, հաշվարկել, նոր են նախաձեռնել իրենց բիզնեսը։ Մոլորյալների եւ մոլեռանդների քանակնՙ ի հաշիվ աշխարհիկ եւ հոգեւոր զանազան ծուղակներ սարքող աճպարարների, օրեցօր շատանում է, որի հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ կանգնում են նյութական, հոգեբանական, բարոյական դժվարին կացության առջեւ։

«Թելեպլասի» ծառայություններին տեղի տված քաղաքացիներին մեղադրել բնավ էլ պետք չէ, հետաքրքրասիրությունից մեկ-երկու փորձ են արել ու հսկայական գումարների տակ ընկել։ Բոլորս էլ գիտենք, թե բջջային կամ միջքաղաքային հեռախոսակապից օգտվելիս ինչպես են մեր հաշվին աստղաբաշխական թվեր հայտնվում։ Թե որքան կարող է հասարակությունը դիմանալ այս խաբեություններին, հայտնի չէ։ «Նման ծառայություններ ամենուրեք կան։ Բայց տարօրինակը գովազդի ձեւերն են մեզանում. ճիշտ չէ սովորական հեռուստատեսային ժամերին տեղադրել, երբ անչափահասներն են հետեւում, կամ օրաթերթերումՙ համապատասխան բնույթի հանդեսներում դրվելու փոխարեն։ Հետաքրքրական են նաեւ սակագները, ինչ որակի ծառայություն պիտի լինի, որ այդքան բարձր գնահատվի։ «Եթե այդքան գումար ունենամ, ինչո՞ւ եմ դրանց վրա վատնում, դուրս կգամ ու ավելի «շոշափելի» օբյեկտ կգտնեմ զվարճանքի», իմ հետաքրքրություններին պատասխանեց 20-ամյա մի երիտասարդ։

Իսկ ավելի յուրօրինակն այն է, որ հեռուստատեսային լրատվական ծրագրերում հնչում է մեկնաբանի քննադատությունը «Թելեպլասի» խայտառակությունների մասին, լացող, գոռգոռացող տուժած քաղաքացիների են ցույց տալիս, իսկ 30 րոպե հետո եթերը տրամադրում են նույն գովազդատուին։ Այդպես է մի քանի օրաթերթերում եւս։ Մի էջի վրա «մերկացումներ», հաջորդ էջինՙ գովազդը։

Երեսպաշտության ու փարիսեցիության այս համընդհանուր մթնոլորտում զարմանալի ոչինչ չկա. բոլորին դրամ է պետք, մնացածը գրչի վարժանքներ են պարզապես։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4