«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#115, 2003-06-19 | #116, 2003-06-20 | #117, 2003-06-21


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԷԼ ԵՆ ՋՐԱՉԱՓԵՐ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Վլադիմիր Արզումանյանի ներկայացրած տվյալներով, առ այսօր մայրաքաղաքի բնակարաններում տեղադրվել է ավելի քան 2.400 ջրաչափ։ Դրանց թիվն առաջիկայում պետք է ավելանա եւս 4.000-ով։ Մեկ ջրաչափի տեղադրումն, ըստ տնօրենի, արժե 14.000 դրամ, որից 3.800 դրամը տեղադրման վարձն է։ Ընդ որում, ընդհանուր այդ վճարը քաղաքացին կարող է կատարել երկու տարվա ընթացքում։

Ընկերությունում հակված են, որ ջրաչափերի համատարած տեղադրմամբ մայրաքաղաքում ջրի քանակը կավելանա։

Դարձյալ Վ. Արզումանյանի տեղեկատվությամբ, Ստեփանակերտի բնակիչների ջրի պահանջը գերազանցում է ընդունված նորմերը։ Այն թաղամասերը, որտեղ սեփական տներն են տեղաբաշխված, բնակիչները շահագրգռված չեն ջրաչափերի տեղադրմամբ, որովհետեւ այդ ջրով նրանք ոռոգում են նաեւ իրենց բանջարանոցները, ունեն խոշորածավալ ջրատարողություններ։ Եվ այս պարագայում, իհարկե, նրանց ձեռնտու է խորանարդ մետրի համար 24 դրամ վճարելը։

Ջրօգտագործման համար բնակչության պարտքը, Վ. Արզումանյանի խոսքերով, կազմում է շուրջ 72 մլն դրամ։ Ընկերությունը ստիպված է եղել պարտատուներից ջրավարձերը ստանալու նպատակով դիմել դատարան։ Առաջին ատյանի դատարանում արդեն քննվել է 250 դիմում, որի արդյունքում պարտատուները ստիպված են եղել վճարել պարտքը։ «Ջրմուղ-կոյուղու» տնօրենը գտնում է, որ ջրավարձը չմուծած քաղաքացիներից շատերը մեղավոր չեն, որովհետեւ նրանք իրականում անվճարունակ են, թեեւ չեն հրաժարվում մուծումից։ Այդուհանդերձ, դատական կարգով վարձավճարների գանձումը շարունակվում է եւ գործընթացը բնակչության պարտքերը լրիվ վերադարձնելու նպատակ ունի։

Վ. Արզումանյանի մեկնաբանությամբ, ջրի համար նախատեսված վճարաչափը գերազանցում է այն բնակչին հասցնելու համար արվող բոլոր ծախսերը։ Առանձնապես ամառային ամիսներին ընկերությունը ստիպված է լինում առավել մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա ծախսել ջրառաքման համար։

Ամառն արդեն իր իրավունքների մեջ է։ Շոգերի սկսվելու հետ կնվազի նաեւ ԼՂՀ մայրաքաղաքում ջրի քանակը, իսկ դա նշանակում է, որ ստեփանակերտցիները պարզապես պետք է ջուրն առավել խնայողաբար ու նպատակային օգտագործեն, քանի որ նյութատեխնիկական բարենորոգումներով առայժմ պատկան մարմինները չեն կարող ապահովել Ստեփանակերտի բնակչությանն անհրաժեշտ ջրի պահանջը։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4