«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2003-06-20 | #117, 2003-06-21 | #118, 2003-06-24


ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՇՏԱՑՐԵԼ Է ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 23 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։ Հունիսի 23-ի երեկոյան Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձեռնամուխ է եղել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկմանը։ 53 կետից եւ 6 հավելվածից կազմված փաստաթղթի նախագիծը պատրաստել է Եվրախորհրդում հատուկ հանձնաժողովի կարգավիճակ ստացած այն դիտորդական խումբը, որը հետեւել է մայիսի 25-ի ընտրություններին։ Զեկույցով հանդես է գալու Ֆրանսիայի ներկայացուցիչ եվրոպական դեմոկրատական խմբի անդամ Բեռնարդ Շրայները։

Հունիսի 23-ից շրջանառության մեջ դրված այդ զեկույցից ակնհայտ է, որ ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն կոշտացել է։ Դիտորդական առաքելությունն իր զեկույցի «Հետեւություններ եւ առաջարկություններ» բաժնի վերջին 53-րդ կետում դիմում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովինՙ առաջարկելով չվավերացնել Հայաստանի նոր պատվիրակության իրավասությունները, ըստ ԵԽ ԽՎ-ի կանոնակարգի 8-րդ կետի հաշվի առնելով ընտրախախտումների ծավալն ու լրջությունը, որոնք մասնավորապես արտահայտվել են քվեաթերթիկները հաշվելու ժամանակ։ Նշենք, որ խոսքը չի վերաբերում այժմ Ստրասբուրգում գտնվող երկանդամ պատվիրակությանը, որի կազմում են Արմեն Ռուստամյանը եւ Արտաշես Գեղամյանը։ Խոսքն այն պատվիրակության մասին է, որ սեպտեմբերից պետք է միանա ԵԽ ԽՎ-ի աշխատանքներին։ Զեկույցում նախկին պավիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մասին նշված է, թե նա զգուշանալով ստիպված է եղել իր վստահված անձանց դուրս բերել ընտրական գործընթացից հենց ընտրությունների օրը։ Առաջարկությունների նախագծում դիտորդական առաքելությունը դիմելով ԵԽ ԽՎ-ի բյուրոյին եւ մատնանշելով իրավիճակի լրջությունըՙ առաջարկում է քննարկել Երեւան հետընտրական առաքելություն ուղարկելու հնարավորությունը, որում կընդգրկվեն նաեւ այլ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ։ Փաստաթղթի 46-րդ կետում գրված է. «ԵԽ ԽՎ-ն պնդում է, որ չի կարելի քննարկել Հայաստանը վերահսկողական ընթացակարգից դուրս բերելու հարցը, քանի դեռ Հայաստանը չի անցկացրել խորհրդարանական ու նախագահական այնպիսի ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային ժողովրդավարական չափանիշներին, այսինքն Հայաստանը մնալու է մոնիտորինգիՙ դիտարկման ռեժիմում նույնիսկ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման դեպքում»։

Դիտորդների կարծիքով, Հայաստանի նկատմամբ դիրքորոշումների կարծրացումը նաեւ զգուշացնում է Ադրբեջանին ու Վրաստանին, թե աշնանը կայանալիք հնարավոր վատ ընտրությունները անհետեւանք չեն մնա։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4