Գորիսեցիները հունիսի 22-ին կատարեցին ընտրություններով գերհագեցած այս տարվա իրենց վերջինՙ համայնքի ղեկավարի ընտրությունը։ Ընտրազանգվածի 45,7 տոկոս մասնակցության պայմաններում 3823 ձայնով (59,5 տոկոս) քաղաքապետ վերընտրվեց շինարարական, ղեկավար աշխատանքի հարուստ փորձ ունեցող Նելսոն Ոսկանյանը (ծնվ. 1955 թ.)։ Մյուս երկու թեկնածուների (Ավետիք Բուդաղյան, Միշա Խոյլունց) օգտին ձայն էին տվել ընտրողների համապատասխանաբար 27,5 եւ 13 տոկոսները։ «Ազգը» 2 հարց ուղղեց Ն. Ոսկանյանին։
¬ Պրն Ոսկանյան, նախորդ ընտրությունից հետոՙ ի հակադրություն առկա, «ավանդական» փորձի, քաղաքապետարանի աշխատակազմը համարյա մնաց անփոփոխ։ Կշարունակի՞ գործել նույն մոտեցումը։
¬ Ձեր հարցում չհնչած թիմ բառը թերեւս տեղ ունի քաղաքականության մեջ։ Իսկ աշխատակազմը մասնագետների խումբ է, մասնագետներ, որոնք երկար ճանապարհ են անցել եւ իմ արդյունավետ աշխատանքի ամենավճռորոշ երաշխիքն են։
¬ Ձեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից մեկն առավել հետաքրքրական էր. խթանել ժողովրդական արտադրություններն ու արհեստները։ Համայնքային իշխանությունն ինչպե՞ս է պատկերացնում խթանումի մեխանիզմը եւ որքանո՞վ է իրական զարգացումների հեռանկարը։
¬ Անկասկած, սա մեծ աշխատանք է, ժամանակի խնդիր։ Անհրաժեշտ է խիստ իրատեսական մոտեցում, բնական ու մարդկային ռեսուրսներիՙ մասնագետ-արհեստավորների համակարգում ու հնարավորությունների գնահատում։ Իսկ ավանդական արհեստներըՙ Տեղ գյուղացիների գուլպա-կարպետագործությունից սկսած մինչեւ խեցեգործություն, իրոք, բազմաթիվ ու բազմաբնույթ են։ Փոքր եւ միջին բիզնեսի խթանումը, որ առաջին հերթին տեխնոլոգիական սատարում է ենթադրում, ե՛ւ զբաղվածության հարցը կխթանի, ե՛ւ շուկայի մուտք կարտոնի, ե՛ւ ներդրումներ կուղղորդի, ե՛ւ զբոսաշրջության խայծը կձեւավորի, ավելի ստույգՙ կվերաձեւավորի։
Կրկնեմՙ պիտի լրջորեն գնահատենք բոլոր ռեսուրսներըՙ ներառյալ փորձն ու տարեգրությունը։ Նախախնամությունը մեր տարածաշրջանի հանդեպ շռայլ է եղել, իսկ դրանք առայժմ ժողովրդի բարեկեցությանը չնպաստող, քնած ռեսուրսներ են։ Վաղուց ժամանակն է հայացքներս... հեռուներից դեպ մեր խորքը հառելու։
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գորիս