Բելառուս երեխան վիրահատվեց Նորք Մարաշ բժշկական կենտրոնում
Ի ծնե սրտի արատով հիվանդ 7-ամյա Սերյոժայի կյանքի մասին հուզիչ դրվագ է երեխայի մորՙ Նինա Շումենկովայի պատմությունը, որի ընթացքում նրա աչքերից, փոքր, լարի պես ձգված կեցվածքից պարզ էր, zոր մոր ոչ մի շարժում, հայացք եւ անգամ ձայներանգ չէր վրիպում տղայի ուշադրությունից։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի «Սեմյա» թերթի Սվետլանա Յադրանցեւայի հրապարակումից։
¬ Երեք օր էր, ինչ Սերյոժան ծնվել էր, երբ ինձ ասացին, որ նրա սիրտը հիվանդ է, որ նրան փրկելու համար անհրաժեշտ է երկու վիրահատություն, որը մեզ մոտ ոչ ոք չի կատարում։ Ես լաց էի լինում երեք ամիս... Իսկ հետո 4-րդ կլինիկայումՙ Բելառուսի հանրապետական սրտաբանական կենտրոնում ասացին. «Ամեն ինչ կարող ենք, ամեն ինչ կանենք, դուք միայն մեծացրեք, մի հիվանդացեք, ուժ հավաքեք»։ Այդ օրվանից մեր ընտանիքը սկսեց վիրահատության համար միջոցներ հայթայթել։ Ծայրահեղ խնայողություն էինք անում, ամեն ռուբլին մի կողմ էր դրվում որդուս փրկության համար։
Սերյոժան նորմալ էր զարգանում, միայն չէր կարողանում բոլոր երեխաների պես վազել, զբոսնել, եւ շուրթերն ու ձեռքի մատները կապույտ էին։ Անծանոթ մարդիկ միշտ հարցնում էին. «Ի՞նչ է, մանչուկ, սառե՞լ ես», կամ. «Դու պատահաբար թանաք չե՞ս կերել»։ Մեր ժողովուրդը սմբուկին ասում է «կապույտ»։ Սերյոժան այդպիսի «կապույտ» էր։
2000 թ. աշնանը տղան գնաց դպրոց։ Միաժամանակ ընդգրկվեց անհապաղ վիրահատություն պահանջող երեխաների ցուցակում եւ մնաց այնքան ժամանակ, մինչեւ Բելառուսական մանկական հիմնադրամի հրավերով Երեւանի «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից եկավ Հայաստանի գլխավոր մանկաբույժ, մանկական սրտաբան, պրոֆեսոր Կոնստանտին Տեր-Ոսկանյանը, որը համաձայնություն տվեց վիրահատել հայտնի կենտրոնում։
Իհարկե, պահանջվող գումարն արեւմտյան չափանիշներով վիրահատության համեմատությամբ քիչ է, սակայն մեզ համար դա էլ հսկայական գումար էրՙ հավելյալ ճանապարհածախսը։ Իմ աշխատավայրի տնօրեն Գենադի Սվիդերսկու բարյացակամության շնորհիվ ստացա երկու տարվա աշխատանքի կանխավճարը, իսկ արհմիության ավագ Լյուբով Բիչկոյի միջնորդություններով գործարանի աշխատակիցները մեզ համար գումար էին հավաքում։ Հավատացնում եմ, չկա այնպիսի խոսք, որով արտահայտեմ իմ զգացմունքը։ Շնորհակալ եմ բոլորին օգնության, բարության համար։
Սկզբում չափազանց վախենում էի, զավակի վիրահատության խիզախություն հեշտ չի տրվում։ Ոչ ոք չի կարող ասել ինչով կավարտվի։ Երեւանում բոլոր բժիշկները հանգիստ էին, Սերյոժային դիմում էին միայն «Սերյոժկա», «տղաս», «փոքրիկ» բառերով։ Իսկ ընդհանրապես անձնակազմի վերաբերմունքը մեր նկատմամբ արտակարգ էր եւ շատ հանգստաբեր ազդեցություն գործեց ինձ վրա։ Սերյոժան անդադար ասում էր. «Չի կարող պատահել, որ ես կապույտ սմբուկից սպիտակ տղայի կերպարանափոխվեմ»։
Վիրահատության օրը հիվանդի բոլոր ազգականները սովորաբար հավաքվում են դահլիճում։ Ինձ թողեցին հիվանդասենյակում, որպեսզի օտարություն չզգամ։ Սարսափելի վիճակում էի, ձեռքերս, ոտքերսՙ թաց, գլխիս մազերը մերթ բիզ-բիզ էին կանգնում, մերթՙ իջնում... Բայց ես ինձ ներշնչել էիՙ ոչ մի արցունք, եւ ամեն ինչ լավ կլինի։ Ինչպես ապրեցի ես այդ ժամերը, չգիտեմ։ Մարդիկ էին գալիս, մխիթարում ինձ, ասումՙ եթե կարողացել ես հասնել Հրայրին, համարիր առողջ է երեխան։ Հրայր Հովակիմյանը հայկական ծագումով ամերիկացի է, աշխարհի լավագույն սրտաբույժներից մեկը։ Արդեն քանի տարի ապրում է կենտրոնին կից։ Նա արտասովոր մարդ է եւ ինչ-որ արտակարգ էներգիա ունի։ Ի դեպ, վիրահատում է դասական երաժշտության տակ։ Եվ հետվիրահատական հիվանդասենյակներում նույնպես ամբողջ ժամանակ երաժշտություն է հնչում։
Վիրահատությունից հետո բոլորը հայելիներ էին մեկնում Սերյոժայինՙ «ինքդ համոզվիր, որ կապույտ սմբուկն» ընդմիշտ մնաց անցյալում։ Մարդկանց զարմացնում էր նրա համբերատարությունը. քաղցրավենիք եւ նվերներ էին բերում խիզախության համար։ Նա ոչ մի անգամ լաց չեղավ եւ զարմանալի ճշտությամբ կատարում էր բժիշկների կարգադրությունները։ Բուժքույրը հարցնում էրՙ շուրթերդ թրջե՞մ։ Իսկ Սերյոժանՙ Հրայրը թույլատրե՞լ է։
Այստեղ ես ինձ զգում էի այնպես, ինչպես մի մեծ ու հարազատ ընտանիքում։ Նման օգնություն, վերաբերմունք իմ եւ զավակիս նկատմամբ չէի կարող անգամ երեւակայել։ Օդանավակայանի հերթապահն իսկ հարցնում է, թե ով ենք մենք, որտեղից եւ ուր ենք ուղեւորվում, մեր իրերը տարան նախ օդանավակայանի աշխատակիցները, հետոՙ ուղեւորները։
Մինսկ մեկնելուց հետո Սերյոժայի առաջին հարցն էր. «Իսկ ինձ արդեն կարելի՞ է բլրակից սահել»։
Կարելի է, Սերյոժա։ Քեզ արդեն կյանքում շատ բան է կարելի։ Բայց քեզնից նաեւ շատ բան է պահանջվելու։ Իսկ ամենակարեւորըՙ երբեք չմոռանաս բարությունը եւ շռայլությունն այն մարդկանց, ովքեր փրկել են կյանքդ, աշխատիր նմանվել նրանց։