«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2003-06-20 | #117, 2003-06-21 | #118, 2003-06-24


ՎԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Պետբյուջեից եւ աշնանացանի համար կառավարության այլ ռեսուրսների հաշվին տրամադրված վարկային գումարների վերադարձումն այսօր կարեւոր հարց է դարձել խնդրո առարկայով շահագրգիռ կառույցների համար։

Թերեւս այս նպատակն էր հետապնդում օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, որը վարում էր ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։ Խորհրդակցության մասնակիցների շրջանակը բավականին ներկայացուցչական էրՙ քննարկումներին մասնակցում էին ինչպես քաղշրջվարչակազմերի, այնպես էլ հանրապետական նշանակության որոշ գերատեսչական ղեկավարներ։ Հրավիրվել էին նաեւ «Արցախբանկի» եւ «Հայագրոբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի ղեկավարները, «Արցախագրոսպասարկում» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենը։

Նշվեց, որ 1998 թ.-ից տրվող այս կարգի վարկերը պարտադիր ենթակա են վերադարձման, ուստի դրանց հավաքմանը պետք է հետեւողական մոտեցում ցուցաբերել։ Մասնավորապես ընդգծվեց, որ որոշ վարկառուներ ներկայումս հեռացել են հանրապետության սահմաններից եւ վերջիններիս նկատմամբ վարկավերադարձման նույն մեխանիզմներ կիրառելը արդյունավետ լինել չի կարող։ Այնուհանդերձ, նշվեց, որ չպիտի թույլ տալ նախկինում վերցված վարկերի յուրացումներ։ Այս ուղղությամբ խորհրդակցությունում մշակվեցին կոնկրետ մոտեցումներ։

Գյուղատնտեսության բնագավառին պետբյուջեից տրամադրված վարկերը վերջին չորս տարում կազմել են շուրջ 660 մլն դրամ, մինչդեռ դրանցից վերադարձվել է ընդամենը ամբողջի 47.1 տոկոսը։ Համեմատաբար ավելի, 73.5 տոկոս հավաքվել է աշնանացանի համար տրամադրված վարկերից։

Խորհրդակցությունում կոչ արվեց բոլոր շահագրգիռ կառույցներինՙ վարկերի պարտքերը մարելու համար ավելի արդյունավետ դարձնել համագործակցությունը։

Կ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4