«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2003-06-20 | #117, 2003-06-21 | #118, 2003-06-24


ՀԱՅԱՍՏԱՆ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՐ

Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերում արդեն երկրորդ շաբաթն է, որ վաճառվում է ադրբեջանական արտադրության ալյուրՙ 50 կգ-անոց պարկերով։

Երբ Հայաստանում բարձրացան ալյուրի, հացի գները, Վրաստանի տարածքով սկսվեց ադրբեջանական ալյուրի ներկրումը Տավուշի մարզ։

Այսօր մարզի բազմաթիվ վաճառքի կետերում վաճառվող հայկական եւ ադրբեջանական արտադրության ալյուրի գինը 9.500¬10.000 դրամ էՙ մեկ պարկի (50 կգ) համար։ Սակայն սպառողները նախընտրում են ադրբեջանական ալյուրը, քանի որ մաքուր ցորենից է, հետեւաբարՙ դրանից թխված հացը համեղ է։

Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվում Ադրբեջանի Գյանջա եւ Շամխոր քաղաքների գործարանների ալյուրը. պարկերի վրա գրված էՙ «Mihriban Unlari» (Ganca sahari), «Kayalar» (Shemkir) նշված են ալյուրի կարգը, գործարանների հասցեն հեռախոսահամարներով եւ խոշոր տառերովՙ AZERBAYJAN։

Ժողովրդի մեջ «Ադրբեջան» գրությունը բացասական ազդեցությունների տեղիք չի տալիս, հակառակըՙ մարդիկ ուրախ կլինեին, եթե ներմուծվող ալյուրը չպիտակավորվեր մաքսանենգ անունով։

Երեւանը եւ Բաքուն չունեն դիվանագիտական, տնտեսական հարաբերություններ, սակայն Հայաստանի շուկայում վաճառվում են ադրբեջանական թեյ, ալյուր, թառափ, ինչպես նաեւՙ դիզելային վառելիք, բենզին։ Ադրբեջանի շուկայում վաճառվում են հայկական կարտոֆիլ, գազար, կաղամբ, եւ անշուշտՙ Սեւանի սիգ։

Բաքվի «Էխո» թերթի պնդմամբՙ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է տարեկան 40 մլն դոլարի։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Նոյեմբերյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4