Հակառակ Հայոց ցեղասպանության փաստի շարունակական ժխտումներին, թուրքական կառավարությունն ու հասարակական շրջանակները, ներառյալ նաեւ զանգվածային լրատվությունը, գիտակցում են, որ վաղ թե ուշ իրենք էլ են միանալու աշխարհի մեծամասնությանը, որ ընդունում է 1,5 մլն հայերի կոտորածն իրենց (թուրքերի) նախնիների կողմից։
Վերջին տարիներին որոշ թուրքեր սկսել են ակնարկել, որ թուրքական կառավարությունը կարող է մտածել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, եթե հայերը վստահեցնեն, որ դրանից հետո նյութական եւ տարածքային հատուցումների պահանջներ չեն ներկայացնի։ Անցյալ ամիս Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորել, եթե վերջինս ճանաչի Թուրքիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Թուրքերը հրաժարվել են իրենց մյուս նախապայմաններից, որոնք ընդգրկում էին Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին, եւ միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու ջանքերի դադարեցումը։
Հատուկ շեշտելով իր տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանը, Թուրքիան անուղղակիորեն ընդունում է, որ հայերը հողային պահանջներ ունեն իրեն։ Եթե թուրք ղեկավարները նման մտահոգություններ չունենային, նրանք այդ հարցը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միակ նախապայմանը չէին դարձնի։
Թվում է, թե թուրքերը չեն հասկանում, որ հողային պահանջների հարցը կապ չունի Ցեղասպանության ճանաչման հետ։ Հայերն Օսմանյան կայսրությունից հողային օրինական պահանջներ ունեցել են նախքան Ցեղասպանության իրագործումը, եւ նրանք շարունակելու են այդ պահանջը ներկայացնել Թուրքիայի ներկա կառավարությանն անկախ այն բանիցՙ վերջինս ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ։
Միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը վերջին տարիներին այն աստիճան խուճապի է մատնել թուրքերին, որ նույնիսկ եթե հայերը պահանջ չեն ներկայացնում, նրանք սկսում են մտմտալ, թե ինչպես դուրս գան ստեղծված իրավիճակից։ Թուրքիայում ամենաշատ շրջանառություն ունեցող «Հյուրիեթ» թերթն, օրինակ, հունիսի 11-ին երկու հոդված էր տպագրել «Նյու Յորք կյանքի ապահովագրման ընկերության» դեմ հայերի բացած դատի մասին։
Հետաքրքրական է հետեւել, թե ինչպես են թուրքերն արձագանքում այդ դատավարությանը։ Առաջին հոդվածում մեջբերված է «Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեայի» (ԹԱԱԱ) նախագահ Էրջումենթ Քըլըչի խոսքերը, որն ասում է. «Մ. Նահանգներում ապրող հայերը նորից ցանկանում են Թուրքիային տնտեսապես քամել։ Հին ապահովագրական փաստաթղթերով (հայկական) սփյուռքը պատրաստվում է նյութական փոխհատուցում պահանջել Թուրքիայից, որն, ըստ հայերի, Օսմանյան կայսրության ժառանգորդն է»։ Նա զգուշացնում է թուրք ղեկավարներին, որ «եթե անցյալ դարասկզբին ապահովագրական գումարներն արժեին 10 մլն դոլար, ապա ներկայումս դրանք արժեն «տրիլիոն» դոլարներ։ Եթե թուրքական կառավարությունը ժամանակին նախազգուշական միջոցներ չձեռնարկի, Թուրքիան դեմ-հանդիման է գտնվելու ամերիկյան ուժեղագույն բանկային եւ ապահովագրական ընկերությունների պահանջներին»։ Ապա նա խորհուրդ է տալիս հրեականի կողքին օգտվել նաեւ ճապոնական քարոզչությունից։
Երկրորդ հոդվածում թուրք մեկնաբան Օքթայ Էքսին գրում է. «Պետք է ենթադրել, որ Հայոց ցեղասպանությունն այժմ մեզ ներկայանում է փոխհատուցման տեսքով»։ Նա կշտամբում է թուրք ղեկավարներին նախազգուշական միջոցներ չձեռնարկելու համար։ «Եթե անգամ այդ ժամանակ այդ գումարը չէր գերազանցում 20 միլիոնը, այժմ դա 2 միլիարդից մինչեւ 50 միլիարդ կարող է լինել», նշում է նա։
Ապահովագրական պահանջների հարցը թեժ թեմա էր անցյալ շաբաթ թուրքական հեռուստակայաններում, այդ թվում նաեւ CNN-Turk-ում։ Իրականում ոչ հայերը, ոչ էլ ամերիկյան ապահովագրական ընկերությունները Թուրքիային այդ հարցում դատի տալու մասին չեն արտահայտվել։ Թուրքերն իրենք են մտահոգված, հավանաբար զգալով իրենց մեղավորությունը Ցեղասպանության գործում։ Փաստը, որ նրանք մեծ կարեւորություն են տալիս, ապացուցում է, որ նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են արել հայերին եւ իրոք մտահոգված են դրա հետեւանքներով։
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»