ԲԱՔՈՒ, 24 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Ադրբեջանի պատվիրակությունը հուլիսի 5-9-ը Ռոտերդամում (Հոլանդիա) ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում մտադիր է ԵԱՀԿ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Մինսկի խմբից պահանջել հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ։ Այս մասին Բաքվի «525» թերթին հայտնել է Միլի մեջլիսի ագրարային քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էլդար Իբրահիմովը։ Ըստ նրա, նման պահանջ առաջադրելով Ադրբեջանը մտադիր է հասնել 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ ՄԽ գործունեության ակտիվացման։ Թերթը նշում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության կազմը փոխվել եւ ընդլայնվել է։ Պատվիրակության մեջ մտել են մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաբիյաթ Ասլանովան եւ Միլի մեջլիսի պատգամավոր Սայադ Արանը։